‘Guardian. Մխիթարյան. Արագության ու տեխնիկայի անհավանական կոմբինացիա’

1832

Guardian-ի հոդվածագիր Լոուրենս Օսթլերը գնահատում է «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին ձեռքբերումը՝ Հենրիխ Մխիթարյանին:

«Յունայթեդը» ուներ կենտրոնական պաշտպանի կարիք Ռիո Ֆերդինանդի հեռացումից հետո, հարձակվողի պակաս Ռոբին վան Պերսիի գնալուց ի վեր, և աջ կիսապաշտպանի կարիք, ինչ Անտոնիո Վալենսիայի մարզավիճակը երեք տարի առաջ սկսեց վատանալ: Նոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արագ լրացրեց այս բացերը՝ ձեռք բերելով Էրիկ Բայիին, Զլատան Իբրահիմովիչին ու, վերջապես, Հենրիխ Մխիթարյանին:

Մխիթարյանը ժամանում է որպես Բունդեսլիգայի լավագույն հարձակվողական կիսապաշտպաններից մեկը: Նա լիարժեք օգնում է հարձակման գծում. արագությունն ու ճկունությունը նրան դարձնում են իրական վտանգ ազատ դիրքերում, բայց նա կարող է նաև խաղալ կրեատիվ 10 համարի դիրքում՝ ճիշտ պահին մրցակցի տուգանայինում հայտնվելու կարողության շնորհիվ:

«Յունայթեդը» տեմպով խաղացողի է ձեռք բերել. երբ նրան հարցրին, թե ինչ կդառնար, եթե ֆուտբոլիստ չլիներ, նա ասաց՝ սպրինտեր: Ակնհայտորեն, 27-ամյա ֆուտբոլիստը պաշտպանական գծում էներգիա կմտցնի, կհարձակվի ու կհակագրոհի եզրերից, որտեղ անցյալ մրցաշրջանում ժամանակ առ ժամանակ այնքան «տխուր պատկեր» էր, որ քայլարշավի դուրս եկած ֆուտբոլային թիմ էր հիշեցնում:  Նա իր խաղով կարողանում է արագ մրցակցին «հալից գցել». երկու տարի Յուրգեն Կլոպի ղեկավարությամբ անցկացնելով ֆուտբոլիստը յուրացնում է այս հատկանիշները:

Մխիթարյանը սկսել է ֆուտբոլ խաղալ իր հայրենի Հայաստանում՝ հետևելով հոր՝ Համլետ Մխիթարյանի կարիերային, ով մահացավ 33 տարեկանում ուղեղի քաղցկեղից: Հենրիխն այդ ժամանակ 7 տարեկան էր, ու նա հաճախ է խոսում այն մեծ ազդեցության մասին, որ հոր մահն ունեցավ իր կյանքի վրա: Աչքի ընկնելով երիտասարդ տարիքում՝ նա տեղափոխվեց Դոնեցկի «Մետալուրգ», որտեղ 21 տարեկանում դարձավ թիմի ավագ իր երկրորդ մրցաշրջանում:

2010-ին նա մեկ քայլ առաջ կատարեց՝ տեղափոխվելով մրցակից թիմ՝ Դոնեցկի «Շախտյոր»: Ակումբում անցկացրած երեք տարիներին նա փայլեց որպես կիսապաշպան Վիլիանի, Դուգլաս Կոստայի և Ֆերնանդինյոյի հետ՝ նվաճելով երեք լիգայի տիտղոս ու երկու գավաթ, տարվա խաղացողի մրցանակ ու 23 մլն. ֆունտով Դորտմունդ տեղափոխվելու շանս:

«Դորտմունդում» անցկացրած 140 խաղերի ընթացքում նա խփել է 41 գոլ ու կատարել 49 արդյունավետ փոխանցում, իսկ վերջին մրցաշրջանում Բունդեսլիգայի խաղացողները նրան ճանաչեցին «Տարվա խաղացող». բայց նրա ճանապարհը հարթ չի եղել: 2014/15 մրցաշրջանի զգալի մասն ակումբն անցկացրեց Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի հատակում, իսկ Մխիթարյանի մարզավիճակն ակնհայտորեն վատացավ: Նա բազմաթիվ քննադատությունների արժանացավ, մինչդեռ Կլոպը համառորեն պնդում էր. «Ես կասկած չունեմ, որ նա աշխարհի ամենատաղանդավոր խաղացողներից մեկն է: Նա ունի արագության ու տեխնիկայի անհավանական կոմբինացիա, ինչը շատ, շատ քչերի մասին կարելի է ասել:

Պատճառ կա, թե ինչու են աշխարհի լավագույն շախմատիստները Հայաստանից, ինչպես Մխիթարյանը: Նրանք մտածող մարդիկ են, քրտնաջան աշխատողներ»:

«Դորտմունդի» ներկայիս գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Մխիթարյանին օգտագործում էր որպես 10 համար, ձախից ու նույնիսկ ավելի խորքից, չնայած նախորդ մրցաշրջանի վերջին երեք խաղերում կենտրոնական աջ եզրում էր խաղացնում: Հաշվի առնելով աջ եզրում «Յունայթեդի» բացը՝ սա «Օլդ Թրաֆորդում» կարիերան սկսելու ամենահավանական տարբերակն է Մխիթարյանի համար:

Երիտասարդ խաղացողների ձեռք բերելու Մոուրինյոյի կարողությունը կասկածի տակ է, բայց նա միշտ կարողանում է կլոր անցքերի համար կլոր սեպեր գտնել: 2009-ին, երբ «Ինտերն» ուներ դրա կարիքը, Մոուրինյոն արագ ձեռք բերեց հուսալի Տիագու Մոտային ու ստեղծագործ Ուեսլի Սնայդերին, և այս ճակատագրական զույգը պատմություն կերտեց՝  հաջորդ մրցաշրջանում թրեբլ հաղթելով: «Չելսին» նույնպես ստեղծագործ խաղացողի ու գոլահարի կարիք ուներ, երբ Մոուրինյոն վերադարձավ «Սթեմֆորդ Բրիջ», ու նա գնեց Սեսկ Ֆաբրեգասին և Դիեգո Կոստային, որոնք օգնեցին նվաճելու 2014/15 մրցաշրջանի տիտղոսը:

Ենթադրելով, որ Մոուրինյոն «Յունայթեդում» կխաղա իր սիրելի 4-2-3-1 սխեմայով, նշանակում է, որ նրա թիմը ձևավորվում է. Դավիդ դե Խեա, Բայիի, Քրիս Սմոլինգ, Լյուկ Շոու, Մատեո Դարմիան, Ուեյն Ռունի, Մխիթարյան, Անտոնի Մարսիալ, Իբրահիմովիչ:

«Չելսի» վերադառնալիս Մոուրինյոն ասաց. «Ես չեմ սիրում աշխատել մեծ թիմերի հետ: Ես փոքր կազմ եմ ուզում՝ 21 ֆուտբոլիստ և դարպասապահ, ուրիշ ոչ ոք»: Նրա նոր ձեռքբերումներով թիմում լինում է անվազն 24 ֆուտբոլիստ, և նույնիսկ ավելին, եթե հաշվենք երիտասարդ Թիմոթի Ֆոսու-Մենսային: «Օլդ Թրաֆորդում» տիրող վերջին տարիների անորոշությունից հետո նոր մարզչից բոլորը սպասում են անողոքություն ու վճառականություն:

Նախորդ հոդվածը‘«Լիվերպուլ»-ը նոր պայմանագիր կառաջարկի Կլոպին’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդի» շքեղ նվերը Հենրիխ Մխիթարյանին ‘