Guargian․ Չի բացառվում, որ Ջոնսոնն այցելի Ուկրաինա

331

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը կարող է մոտ ժամանակներս այցելել Ուկրաինա և հանդիպել նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Ինչպես հինգշաբթի երեկոյան իր կայքում տեղեկացրել է The Guardian թերթը, Ջոնսոնի այցը Կիև սպառնում է հարված հասցնել Ռիշի Սունակի հեղինակությանը, որն այժմ գլխավորում է բրիտանական կառավարությունը և իշխող Պահպանողական կուսակցությունը։

Պարբերականը հղում է անում թորիների կուսակցության բարձրաստիճան անդամների, որոնցից ոմանք անհանգստացած են, որ Ջոնսոնի այցը սպառնում է բարդացնել հարաբերությունները Զելենսկու և Սունակի միջև, որը վերջին անգամ Կիև է այցելել անցյալ տարվա նոյեմբերին։

Ուկրաինայում հակամարտության մեկնարկից ի վեր՝ Ջոնսոնը, լինելով վարչապետի պաշտոնում, երեք անգամ այցելել է Կիև, վերջին անգամ՝ օգոստոսի վերջին, Լիզ Թրասսին պաշտոնը փոխանցելուց քիչ առաջ, որն այդ պաշտոնում մնաց ընդամենը մեկուկես ամիս։ The Guardian-ի զրուցակիցներից մեկի խոսքով՝ Ջոնսոնը փորձում է  խաղալ միջազգային ասպարեզում Ուկրաինայի գլխավոր դաշնակցի դերը՝ հույս ունենալով վերադառնալ իշխանության՝ իր կուռքի՝ Ուինսթոն Չերչիլի պես, որը 1945 թ․ զրկվել էր պաշտոնից, երբ ընտրություններում պարտվել էր լեյբորիստներին, սակայն 1951-ին կրկին դարձավ վարչապետ։

Ջոնսոնը, որն ստիպված էր հրաժարական տալ մի շարք սկանդալներից հետո, դեռ իր կուսակիցներից շատերի աջակցությունն է վայելում և շատ ընդունված է ուկրաինացիների շրջանում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՉավուշօղլու․ Թուրքիան չի պաշտպանի Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին
Հաջորդ հոդվածըՌԴ ԱԳՆ․ Եթե բանակցություններն Ուկրաինայի հետ վերսկսվեն, դրանք պետք է ուղիղ լինեն