‘«Harazat tshnami»-ն Google-ի որոնումների առաջատարն է Հայաստանում’

1468

Media.am-ը, ուսումնասիրելով Google Trends համակարգը, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրել Google-ի հարցումների քանակը և աշխարհագրությունը, պարզել է, որ Հայաստանից 2013թ. ամենաշատը որոնել են «harazat tshnami» բառակապակցությունը, ընդ որում՝ լատինատառ: Media.am կայքի հեղինակ Գեղամ Վարդանյանի հոդվածը ներկայացնում ենք ստորև.

2013թ.-ին Հայաստանից Google որոնողական համակարգով էականորեն աճ գրանցած (rising searches) տասը բառերն ու բառակապակցություններն են «harazat tshnami», «kino 2013», «a10», «vk», «qaxaqum», «shamshyan», «gmail», «masha», «masha medved», «perevodchik»:

«Harazat tshnami» և «kino 2013» տերմինների համար Google Trends-ն արել է «breakout» նշումը, ինչը նշանակում է՝ 2013-ին դրանց որոնումը գրանցել է ավելի քան 5000%-ի աճ:

Այս բառերն ու բառակապակցություններ որոշակի պատկերացում են տալիս Հայաստանից Google-ի որոնումից օգտվողների ամենատարածված հետաքրքրությունների մասին:

Հայաստանցիներին հետաքրքրում են սերիալները: Տասնյակը գլխավորող «harazat tshnami»-ին «Արմենիա TV»-ով ցուցադրվող համանուն սերիալն է: «qaxaqum»-ն էլ «Շանթ» հեռուստաընկերության «Քաղաքում» հեռուստասերիալն է:

Որոնումների տասնյակում «kino 2013» տերմինից կարելի է ենթադրել, որ հայաստանցիները որոնել են 2013թ.-ին արտադրված ֆիլմեր: «vk»-ն էլ առնչվում է ֆիլմերին, երաժշտությանը: Այն ռուսական Вконтакте սոցիալական ցանցն է, որն հաճախ օգտագործում են առանց արտոնագրի ֆիլմեր, երաժշտություն, խաղեր դիտելու, ներբեռնելու համար:

Երկու գրեթե միանման որոնումները՝ «masha» և «masha medved», ցույց են տալիս, որ Հայաստանում 2013-ին ամենափնտրվող անիմացիոն ֆիլմը ռուսական «Маша и Медведь»-ն է եղել:

«A10»-ը համակարգչային օնլայն խաղերի կայք է: Մարդիկ սիրում են համակարգչային խաղեր, ու Հայաստանում մեծամասնության համար ընտրությունը հենց այդ կայքն է եղել:

«Shamshyan» տերմինի դեպքում պարզ է, որ մարդիկ որոնել են կա՛մ Գագիկ Շամշյանին, կա՛մ նրա հեռուստատեսային արտադրանքը՝ ավտովթարները:

«Perevodchik» բառը, թերևս, կարելի է ինտերնետի կրթական կամ պրակտիկ կիրառության նշան համարել: Հայաստանցիները օնլայն թարգմանության ծառայություններ են որոնել, ընդ որում՝ կա՛մ չիմանալով Google Translate-ի տեղը, կա՛մ էլ չվստահելով այդ ծառայությանը:

Ոորոնված բառերից «gmail»-ի դեպքում էլ կարող ենք ենթադրել, որ Google-ի այս ծառայության նկատմամբ Հայաստանում հետաքրքրությունն աճում է:

Որոնումների տասնյակում մեկ այլ հատկանշական երևույթ էլ կա՝ բոլորը լատինատառ են: Հայերենով որոնելը դեռ ընդունված չէ:


Նախորդ հոդվածը‘Դինքի սպանության գործով նոր ձերբակալություններ են կատարվել. «Ազատություն» ‘
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանում հայտնաբերվել է 1.5 միլիոն դոլար արժողությամբ թմրանյութ’