‘Hetq-ի հետաքննությունը. Ինչո՞ւ է ստեղծվել «Սիփիէս Օիլ Քորփորեյշն» բենզինային ընկերությունը’

214

Hetq.am-ը ծավալուն անդրադարձ է կատարել բենզինի շուկային: 

«Ֆլեշ» ՍՊԸ-ից հետո բենզինի եւ դիզվառելիքի շուկայում երկրորդ խոշոր խաղացող Աշոտ Սալազարյանը 2012-ի դեկտեմբերին նոր ընկերություն է բացել՝ «Սիփիէս Օիլ Քորփորեյշն» ՍՊԸ: Այստեղ իսկապես տեղին է բացել բառը, քանի որ սա Սալազարյանի «բենզինային» հերթական ընկերությունն է, որի ստեղծումը, կարելի է ասել, ավելի շատ պարտադրված բնույթ է կրում:

Մինչեւ 2009-ը բենզինի ու դիզվառելիքի շուկայի գերիշխողներից մեկը, ըստ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, «Քաղ Պետրոլ Սերվիս» արտադրական կոոպերատիվն (ԱԿ) էր (հիմնադիրներ՝ Աշոտ Սալազարյան, Նոնա Սարգսյան, Արա Հովհաննիսյան, 1995-96 թթ. կոչվել է «Որակ» ԱԿ): 2008-ին Սալազարյանը ստեղծել է «Սիթի Պետրոլ Գրուպ» ՍՊԸ-ն: Այս ընկերությունն արդեն 2009-ից շուկայում փոխարինել է «Քաղ Պետրոլ Սերվիս»-ին եւ շուտով գերիշխող դիրք զբաղեցրել բենզինի (ոլորտի 41,76 տոկոսը) ու դիզվառելիքի (40,8) շուկայում՝ զիջելով միայն «Ֆլեշին» (42,62 եւ 47,3 համապատասխանաբար):

Փաստորեն, այժմ էլ էստաֆետը հանձնվել է նորաստեղծ «Սիփիէս Օիլ Քորփորեյշն»-ին:

Ինչպե՞ս շրջանցել պետության արգելքը, կամ ո՞րն է Սալազարյանի ընկերությունների էստաֆետի իմաստը

2009-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարույթ էր հարուցել բենզինի շուկայում: Պարզվել էր, որ շուկայում գերիշխող դիրք ունեցող «Քաղ Պետրոլ Սերվիս»-ը բարձրացրել էր գները: Սակայն կոոպերատիվը ՏՄՊՊՀ-ին հայտնել էր, թե ինքը 2009-ի ապրիլի 1-ից այլեւս չի զբաղվում բենզինի ու դիզվառելիքի ներկրմամբ. դա իրականացնում է նոր ընկերություն՝ «Սիթի Պետրոլ Գրուպ» ՍՊԸ-ն: Հանձնաժողովն էլ հետագայում՝ 2009-ի օգոստոսին, պարզել էր, որ «Քաղ Պետրոլ Սերվիս»-ը զբաղվում է միայն վառելիքի մեծածախ իրացմամբ, իսկ մանրածախով, որտեղ գրանցվել էր գնաճ, զբաղվում է նորաստեղծ «Սիթի Պետրոլ Գրուպ»-ը, որը գերիշխողների ռեեստրում գրանցված չէր: ՏՄՊՊՀ-ն պարզել էր նաեւ, որ «2009-ի ապրիլի 1-ից փոխվել է դրանցից մեկի հիմնադիրը եւ գործադիր տնօրենը (Սալազարյանին փոխարինել էր Յուրի Պետրոսյանը, ապա՝ Արթուր Դանիելյանը- հեղ.), հետեւաբար այդ երկու ընկերությունները, ըստ օրենսդրության, չեն հանդիսանում անձանց խումբ: Այդպիսով, ուսումնասիրության արդյունքում օրենքի խախտման բավարար հիմքեր չեն հայտնաբերվել»:

Սակայն 2012-ի մարտին «Սիթի Պետրոլ Գրուպ»-ն, այդուհանդերձ, տուգանվել էր 100 մլն դրամով, քանի որ, ըստ ՏՄՊՊՀ-ի, չարաշահել էր իր գերիշխող դիրքն ու կլանել ավելի փոքր ընկերություններին: Կարելի է ենթադրել, որ «Սիփիէս Օիլ Քորփորեյշն»-ի ստեղծումն ու այլ անձի անունով գրանցելը հետապնդում է այն նույն սցենարը, ինչ եղել էր 2009-ին, երբ «Քաղ Պետրոլ Սերվիս»-ը խուսափեց պատժից: Սակայն այս անգամ նոր ընկերության ծնունդը պայմանավորված է մեկ այլ խնդրով, որի միջից վառելիքի մատակարարը ժամանակին պատվով է դուրս եկել: 

Հիշեցնենք, որ «Քաղ Պետրոլ Սերվիս»-ը 2010-ի գարնանը 3 տարով հայտնվել էր ֆինանսների նախարարության հատուկ ցուցակում (այս ցուցակի ընկերություններն իրավունք չունեն մասնակցել պետգնումների մրցույթներին), քանի որ խախտել էր պետական երկու հիմնարկների հետ կնքված պայմանագրերով ստանձնած իր պարտավորությունները: Չնայած, ինչպես արդեն գրել ենք, 2012-ի առաջին 6 ամիսներին միայն պետությունը 1,9 մլրդ դրամի 76 պետգնման պայմանագիր էր կնքել «Սիթի Պետրոլ Գրուպ»-ի հետ: Այսինքն՝ «սեւ ցուցակում» հայտնվելուց հետո Սալազարյանի մի ընկերության գործն արել է մյուսը:

Պատկերը չի փոխվել. անցյալ տարի էլ «Սիթի Պետրոլ Գրուպ»-ն է նմանատիպ ցուցակում հայտնվել: 2012-ի նոյեմբերի 26-ին թույլ տված խախտման պատճառով այս ՍՊԸ-ն 1 տարի ժամկետով ընդգրկվել է, այսպես կոչված, «գորշ ցուցակում» (տես նկարում), որտեղ ընդգրկվում են «սեւ ցուցակի» հավանական թեկնածուները: Ըստ ընթացակարգի՝ ֆիննախի գնումների աջակցման կենտրոնը ուսումնասիրում է համապատասխան փաստաթղթերը, որից հետո պարզ է դառնում՝ արդյոք տնտեսվարողը պետք է ընդգրկվի «սեւ ցուցակում», թե նրա վրայից հանվում են բոլոր արգելքները: 

 «Գնումների մասին» օրենքի 5-րդ հոդվածով սահմանված խախտումը, որը վերագրվել է «Սիթի Պետրոլ Գրուպ»-ին, հետեւյալն է. «Մասնակիցն ընդգրկվում է նշված ցուցակում, եթե հայտը ներկայացնելու պահին նախորդող տարվա ընթացքում ավելի քան մեկ անգամ խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորություն, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծարմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը»: Ֆինանսների նախարարությունից մեզ տեղեկացրին, որ այժմ ընթանում է փաստաթղթերի քննարկում եւ մոտ օրերս պարզ կդառնա ՍՊԸ-ի՝ պետգնումներին մասնակցել-չմասնակցելու հարցը: 

Իսկ մինչ այդ նշենք, որ վերոնշյալ խախտումն արձանագրվելուց օրեր անց՝ 2012-ի դեկտեմբերի 12-ին, ստեղծվել է «Սիփիէս Օիլ Քորփորեյշն»-ը, որն այս մեկ տարվա ընթացքում առանց արգելքի կարող էր եւ այժմ էլ կարող է մասնակցել պետգնումների մրցույթներին:

Պարզվում է՝ «գորշ» կամ «սեւ ցուցակ» ընկած ընկերությունների փոխարեն նորը գրանցելը եւ դրա անվան տակ մրցույթի մասնակցելը նորություն չէ նույն ֆիննախի համար. վերջինիս լրատվականից մեզ հայտնեցին, որ նման դեպքեր պարբերաբար լինում են: Այո, օրենքը խախտող տնտեսվարողները օգտվում են օրենսդրական բացերից: Բայց հարցն այն է, թե ինչու չի լրացվում այդ բացը: Եթե մարդը կարող է նոր գրանցած ընկերությունով մրցույթներ շահել, ապա էլ ո՞րն է նրա անունով գրանցված եւ միեւնույն գործունեությամբ զբաղվող մեկ այլ ընկերությանը «սեւ ցուցակ» գցելը: Մի՞թե սա ձեւականություն չէ:   

Շարունակությունն՝ այստեղ

 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը կմասնակցի Վիլնյուսյան գագաթնաժողովին. ԵՄ’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ում ԼՂՀ-ի ներկայացուցիչը բողոքել է ամերիկահայ լրագրողի դեմ’