‘HRW-ն Տաշքենդին կոչ է անում դադարեցնել քաղբանտարկյալների խոշտանգումները’

1078

Ուզբեկստանում քաղաքական բանտարկյալները «աննկարագրելի ծաղրուծանակի» են ենթարկվում, այդ թվում՝ խոշտանգումների և բանտերում  անմարդկային կենսապայմանների, ասվում է Ուզբեկստանում մարդու իրավունքների մասին Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության նոր զեկույցում:

Կազմակերպության գնահատականներով՝ ներկա պահին ուզբեկական իշխանությունները ճաղերի ետևում են պահում 12 հազար քաղբանտարկյալների: Ինչպես նշվում է զեկույցում, այն լրագրողներն ու քաղաքական գործիչները, ովքեր քննադատում են իշխանություններին, դատապարտվում են ազատազրկման, որի ժամկետներն էլ առանց որևէ հիմքի անընդհատ երկարացվում են:

Ուզբեկաստանի իշխանությունները պնդում են, որ երկրում քաղբանտարկյալներ չկան, իսկ կտտանքներ վաղուց չեն կիրառվում:

Human Rights Watch-ի զեկույցը հիմնված է ներկա 34 և նախկին 10 կալանավորների պատմությունների վրա: «Այդ 44 հոգուց առնվազն 29-ը մեզ պատմել են, և մենք հիմքեր չունենք նրանց չհավատալու, որ իրենց խոշտանգել են կամ դատից առաջ, կամ արդեն կալանավայրում»,- ասել է կազմակերպության անդամներից մեկը: Զեկույցում նշվում է, որ ուզբեկ այլախոհները ենթարկվում են այնպիսի խոշտանգումների, ինչպես՝ խեղդելը, ծեծը, ոտքերից կամ ձեռքերից կախելը, էլեկտրաշոկը և բռնաբարելու սպառնալիքները:

«Ուզբեկստանը պետք է անհապաղ և առանց որևէ նախապայմանի ազատ արձակի քաղաքական նկատառումներով կալանավորված բոլոր անձանց, դադարեցնի պատժաժամկետների կամայական երկարացումը և բանտային խոշտանգումները»,- ասվում է զեկույցում: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինան նախատեսում է «Պատ» նախագծի առաջին փուլն ավարտել սեպտեմբերի 30-ին’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայում սուգ է հայտարարվել իսլամիստների կողմից սպանված Էրվե Գուրդելի մահվան կապակցությամբ’