‘
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը ֆրանսիական ոստիկանությանը մեղադրել է Կալեում ներգաղթյալների ճամբարում բնակվող երեխաների ու անչափահասների նկատմամբ պղպեղային գազ կիրառելու համար:
Կազմակերպության նոր հաշվետվության համաձայն, որը հրապարակվել է չորեքշաբթի, Կալե քաղաքի իրավապահները «պարբերաբար պղպեղային գազ են կիրառում միգրանտ երեխաների ու պատանիների դեմ, երբ նրանք քնած են լինում, կամ այլ հանգամանքներում, երբ նրանք որևէ վտանգ չեն սպառնում»: Հաղորդվում է, որ ֆրանսիական ոստիկանությունն առգրավում է նրանց քնապարկերը, ծածկոցներն ու հագուստը, ինչպես նաև պղպեղային գազ է փչում նրանց ուտելիքի և ջրի մեջ, որպեսզի նրանց ստիպի հեռանալ այդ տարածքից:
Կազմակերպությունը մեղադրում է տեղական իշխանություններին՝ ոստիկանության գործողությունները բանի տեղ չդնելու համար, մինչդեռ դրանք «անմարդկային և վիրավորական վերաբերմունքի արգելքի խախտում են և հակասում են ոստիկանական վարքի միջազգային չափորոշիչներին»:
Իրավապաշտպան կազմակերպության զեկույցը, որը կրում է «Կյանքն ինչպես դժոխքում. ոստիկանությունը Կալեում հարձակվում է միգրանտ երեխաների ու անչափահասների վրա» վերնագիրը, հիմնված է Կալեի և Դյունկերկի ճամբարների ավելի քան 60 միգրանտների հետ անցկացված հարցազրույցների վրա, որոնք անցկացվել են այս տարվա հունիս-հուլիս ամիսներին:
Փոխանցում է ria.ru-ն:
‘