‘«Human Rights Watch». Իշխանությունը պետք է վերանայի ՀԽ-ի անդամների մեղադրանքը’

1399

‘

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանում ընդդիմադիր քաղաքական ակտիվիստների ձերբակալման և ազատ արձակման վերաբերյալ տեղեկատվություն է տարածել։ Հայտնում է «Ա1+»-ը:

«Մայիսի 4-ին Հայաստանի իշխանություններն ազատ են արձակել քաղաքական ընդդիմության հինգ ակտիվիստներին։ Ընթացող հետաքննությամբ առաջադրվել է հակասական մեղադրանք՝ մայրաքաղաքի փողոցներում անկարգություններ ծրագրելու համար»,- հայտարարել է Human Rights Watch -ը։

Կազմակերպությունը նշում է, որ իշխանությունները պետք է վերանայեն մեղադրանքները, որոնք պարունակում են հնարավոր միջամտություն՝ ակտիվիստների մտքի, խոսքի և հավաքների իրավունքներն իրացնելիս։

Մայիսի 4-ին Գլխավոր դատախազությունը հանձնարարել է ազատ արձակել Հիմնադիր խորհրդարան քաղաքական շարժման ձերբակալված հինգ անդամներին՝ Ժիրայր Սեֆիլյանին, Գարեգին Չուքասզյանին, Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին և Գևորգ Սաֆարյանին։ Ակտիվիստները ստորագրությամբ հաստատել են, որ չեն հեռանա Երևանի տարածքից՝ մինչև ընթացող հետաքննության ավարտը։

«Հայաստանի իշխանությունների որոշումը՝ ազատ արձակել ակտիվիստներին գրեթե մեկամսյա նախնական կալանքից հետո, դրական քայլ է»,- նշել է Human Rights Watch-ի Հարավային Կովկասում ավագ հետազոտող Գեորգի Գոգիան՝ հավելելով. «Այժմ իշխանությունները պետք է համոզեն, որ առաջադրված մեղադրանքները չեն բերի հավաքների և արտահայտվելու ազատության իրավունքների խախտումների»։

Կազմակերպությունը հիշեցնում է նաև իր կողմից Հայաստանի իշխանություններին հղված նամակների մասին, որում իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն էր հայտնել, որ Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբակալությունը պայմանավորված է նրանց քաղաքական համոզմունքների ու պատկանելիության հետ։ Կազմակերպությունը մեջբերել էր Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը և Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան, որոնց միացել է նաև Հայաստանը։

«Քաղաքական ակտիվիստների ազատ արձակումը ճիշտ է նաև՝ հաշվի առնելով Հիմնադիր խորհրդարանի՝ ոչ բռնի տեսակետները և ձերբակալման վստահելի և օրինական հիմքերի բացակայությունը։ Իշխանությունները պետք է նաև ապահովեն ակտիվիստների ազատությունների և իրավունքների իրացումը»,- հավելում է կազմակերպության ավագ հետազոտող Գեորգի Գոգիան։

‘

Նախորդ հոդվածը‘Պրոֆեսիոնալ սերժանտները կօգնեն ստորին սպայական կազմին’
Հաջորդ հոդվածը‘Քարիմովը հրաժարվել է մեկնել Մոսկվա Հաղթանակի տարեդարձին’