‘Human Rights Watch-ն անդրադարձել է iLur.am-ի ու «Հրապարակի» դեմ դատավճիռներին ‘

866

Ըստ Human Rights Watch-ի՝ ԶԼՄ-ների բազմակարծությունը Հայաստանում շարունակում է սահմանափակ մնալ: Լրատվամիջոցները եւ մի շարք հասարակական կազմակերպություններ դատապարտել են սոցիալական մեդիայում եւ հրապարակային քննարկումներում անանուն գրառումների համար պատասխանատվություն սահմանող օրինագիծը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն տեղեկացրել է, որ 2014-ի առաջին կեսին լրագրողներն ու ԶԼՄ-ները նախկինի պես բախվում են կեղծ մեղադրանքների, եւ փաստացի՝ լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության հինգ դեպք է արձանագրվել: Օրինակ, փետրվարի 12-ին ընդդիմության ակտիվիստներին բերման ենթարկելու ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել iLur.am կայքի եւ «Չորրորդ իշխանություն»  օրաթերթի  լրագրողներ Սարգիս եւ Անի Գեւորգյաններին, բռնագրավել է նրանց նկարահանող սարքերը: Ոստիկանները ջնջել են տեսախցիկներում առկա տեղեկությունները, հարվածել են Անի Գեւորգյանին եւ խլել են նրա հեռախոսը:  Գեւորգյանի բողոքով իշխանությունները քրեական գործ են հարուցել, սակայն ամիսներ անց, «հանցակազմի բացակայության» պատճառով, կարճել են գործը: ԵԱՀԿ մամուլի ազատութան հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը միջադեպի կապակցությամբ իր մտահոգությունն է արտահայտել:

Հունիսի 26-ի կայացրած որոշմամբ դատարանը պարտավորեցրել է iLur.am-ին եւ «Հրապարակ» օրաթերթին բացահայտել բարձրաստիճան պաշտոնյայի (Շիրակի մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանի) մասնակցությամբ միջադեպի մասին տեղեկատվության աղբյուրը: ԵԱՀԿ՝ լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել հնարավոր «զսպող հետեւանքների» վերաբերյալ եւ ընդգծել են, որ լրագրողներն իրավունք ունեն չբացահայտել իրենց աղբյուրները՝ ելնելով լրագրողական հետաքննության հանրային շահից եւ կարծիքի արտահայտման ազատության սկզբունքներից:

 

Նախորդ հոդվածը‘Փետրվարի 1-ից խանութները չեն աշխատի’
Հաջորդ հոդվածը‘Ղրղզստանը ու ևս վեց երկրներ զրկվել են ՄԱԿ-ի ԳԱ-ում ձայնի իրավունքից’