‘Human Rights Watch-ը խոսում է Հայաստանում մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների մասին’

894

Արևելյան գործընկերների հետ հարաբերություններում Եվրամիությունը պետք է կենտրոնանա մարդու իրավունքների վրա և սկզբունքային մոտեցում ցուցաբերի վերջիններիս հետ հարաբերությունները խորացնելիս: Այդ մասին հայտարարել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը: «Մինչև վիլնյուսյան գագաթնաժողովը Եվրամիությունը պետք է հստակ հասկացնի, որ լուրջ է տրամադրված մարդու իրավունքների հարցում: Եվրամիության և արևելյան գործընկերների միջև առավել սերտ քաղաքական և տնտեսական կապերի հիմքում պետք է լինեն միայն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում շոշափելի բարեփոխումները, այլ ոչ թե` ապագայում խնդիրների լուծման մշուշոտ խոստումները»,- ասել է Human Rights Watch կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Հյու Ուիլիամսոնը:

Հայաստանին վերաբերող հատվածում կազմակերպությունը նշում է, որ Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը միանալու մասին Սերժ Սարգսյանի սեպտեմբերյան հայտարարությունը շատերին ցնցեց։ «Եվրամիությունն ակնկալում էր, որ Հայաստանը կնախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը վիլնյուսյան գագաթնաժողվում։ Փոխարենը Հայաստանը, հնարավոր է, Եվրամիության հետ տարբեր ոլորտներում համագործակցության մասին հայտարարություն ստորագրի»,- ասվում է փաստաթղթում:

Հայտարարության հեղինակները նշում են, որ վերջին տարիներին Հայաստանում համապետական ընտրություններն անցնում են կեղծիքներով ու թերություններով, և փետրվարին տեղի ունեցած վերջին ընտրությունները, որոնցում հաղթանակ է տարել Սերժ Սարգսյանը, բացառություն չեն:

Human Rights Watch-ը նաև արձանագրում է, որ կտտանքները և դաժան վերաբերմունքը ոստիկանությունում դեռ առկա են, իշխանությունները հաճախ հրաժարվում են հետաքննել դաժան վերաբերմունքի վերաբերյալ բողոքները կամ ճնշումներով ստիպում են դաժան վերաբերմունքի զոհերին հրաժարվել իրենց բողոքներից: Հեռարձակող լրատվամիջոցները, ըստ իրավապաշտպան կազմակերպության, չեն ապահովում բազմակարծություն, բացի այդ` լրագրողների նկատմամբ բռնության մի քանի դեպք է եղել: 

Նախորդ հոդվածը‘iLur Բլոգ. Շանթ Յարութիւնեանը եւ … Սփիւռքի լռութիւնը’
Հաջորդ հոդվածը‘Քրեական Դավիթաշեն. Գործարարը դատի է տվել Վովա Գասպարյանի փեսային’