‘Human Rights Watch-ը քննադատում է Ադրբեջանին’

983

Ադրբեջանի իշխանությունները հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ կոպտորեն ոտնահարում են քաղաքական ակտիվիստների իրավունքները։ «Ազատությունը» փոխանցում է, որ Նյու Յորքում տեղակայված Human Rights Watch-ն այսօր հրապարակել է զեկույց, որի համաձայն՝ կառավարությունն ամեն կերպ փորձում է ամբողջական հսկողության տակ առնել հասարակական և ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը։

Human Rigths Watch-ի Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Գիորգի Գոգիան Թբիլիսիում ասել է, որ Ադրբեջանի կառավարության պատժիչ գործողությունների թիրախը ղեկավարությանը քննադատող ակտիվիստներն են և իրավապաշտպանները։

«ՆԻԴԱ անվամբ խմբի 7 անդամ բանտարկված է շինծու մեղադրանքներով. աղաղակող իրողությունն այն է, որ խմբի ամենաերիտասարդ անդամը 18 տարեկան է, ամենատարեցը՝ 28։ Մենք քննել ենք ձերբակալության հանգամանքները և պարզել, որ տեղի են ունեցել դատական կանոնների կոպիտ ոտնահարումներ»- ասել է Գոգիան։

Նրա փոխանցմամբ՝ իշխանությունները հավաստիացնում են, որ լրագրողներին պատժել են ոչ թե մասնագիտական գործունեության, այլ քրեական հանցանքների համար։ 

Ադրբեջանում ոստիկանները պարբերաբար հալածում են նաև «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Հաջիդա Իսմայլովային, ով հրապարակել է ռեպորտաժներ իշխող գերդաստանի գաղտնի հաշվեհամարների և ֆինանսական այլ ապօրինությունների մասին։

Ի պատասխան դրան՝ իշխանամետ լրատվամիջոցները Հաջիդայի դեմ շանտաժի և ահաբեկումների կեղտոտ արշավ են սկսել։ Իբրև մեղադրանք՝ մի պարբերական գրել էր, թե Հաջիդայի մայրը հայ է, ինչն, ի դեպ, չի համապատասխանում իրականությանը, և ընդամենը ևս մեկ անգամ վկայում է այդ երկրում հայերի նկատմամբ իշխանությունների ցուցումով իրականացվող ատելության քաղաքականության մասին։

Երբ օրերս Բաքվում ԱՄՆ-ի դեսպանությունը հրապարակել է հայտարարություն ի պաշտպանություն լրագրողի, «պատասխանատու» լրատվամիջոցը՝ «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության տեսակետները ներկայացնող ՍԵՍ պարբերականը Հաջիդային անվանել է «Ամերիկայի ստրուկ»։

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Քևին Քլոզը խստորեն դատապարտել է լրագրողի հանդեպ այդ քաղաքականությունը և իշխանություններից պահանջել է վերջ տալ այդ արշավին։

Human Rights Watch-ի՝ Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Գիորգի Գոգիան ասում է, որ Ադրբեջանին՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետության, անհրաժեշտ է պարտադրել պաշտպանել մարդու իրավունքները և ազատել ակտիվիստներին, լրագրողներին և իրավապաշտպաններին, ովքեր բանտերում են հայտնվել կառավարությանը քննադատելու համար։

 

Նախորդ հոդվածը‘Յուրօրինակ ակցիա. Պահանջվում են հին ավտոմեքենաներ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Սերժ Սարգսյանը չի վերահսկում իրավիճակը ‘