‘Human Rights Watch. Հայաստանի իշխանությունները շարունակում են ոտնահարել մարդու իրավունքները’

1009

Հայաստանում  2014-ի ընթացքում մարդու իրավունքների վիճակը շարունակել է խնդրահարույց մնալ, ասվում է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցում: Մասնավորապես, ըստ զեկույցի՝  իշխանությունները շարունակել են միջամտել խաղաղ ցույցերին, կալանավայրերում խոշտանգումները եւ դաժան վերաբերմունքը շարունակում են լուրջ խնդիր մնալ, դատաքննությունը արդյունավետ չէ նույնիսկ այն դեպքերում, երբ բաց է ընթանում: Շարունակում են լուրջ խախտումները բանակում, սեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնության հետ կապված բռնությունը եւ խտրական վերաբերմունքը լուրջ խնդիրներ են ստեղծում հասարակությունում, հոգեբուժական հաստատություններում գրանցվում են հիվանդների նկատմամբ բռնության դեպքեր, ասվում է զեկույցում: Նշվում է նաեւ կոռուպցիայի մեծ չափերի, անկախ դատական համակարգի բացակայության, փոքրամասնությունների նկատմամբ խտրականության մասին:

Human Rights Watch-ի փորձագետներն արձանագրել են, որ Հայաստանի իշխանությունները տարվա ընթացքում պարբերաբար խոչընդոտել են խաղաղ հավաքների ազատությանը: Իրավապաշտպան խմբերի տվյալներով՝ Երեւանի ոստիկանությունը առնվազն 70 խաղաղ ցուցարարների է բերման ենթարկել կենսաթոշակային բարեփոխումների, բնապահպանական խնդիրների, կոմունալ վճարների եւ այլ խնդիրների շուրջ տեղի ունեցած ցույցերի ժամանակ: Բերման ենթարկվածներից ոմանք վարչական տուգանքների են ենթարկվել:

Զեկույցում նշվում է նաեւ, որ, ըստ իրավապաշտպանների՝ Շանթ Հարությունյանի գործով կայացված դատավճիռները քաղաքական շարժառիթ ունեն:

Իրավապաշտպանները նշում են, որ Հայաստանում դեռեւս լայնորեն կիրավում է խոստովանություն կորզելու նպատակով կալանավորների նկատմամբ խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի պրակտիկան ոստիկանական բաժանմունքներում եւ նախնական մեկուսարաններում: Որոշ դեպքերում տուժողները բողոք են ներկայացրել, սակայն իշխանությունները ոչ միշտ են մանրամասն եւ անաչառ քննություն իրականացնում:

Կազմակերպության զեկույցում առանձին պարագրաֆով ներկայացված են նաեւ Հայաստանում խոսքի ազատության ոլորտում առկա խնդիրները:

Հիշեցնենք, որ Freedom House կազմակերպության վերջին զեկույցի համաձայն՝ Հայաստանը հերթական անգամ ճանաչվել է մասամբ ազատ երկիր:

Նախորդ հոդվածը‘Ղրղզստանը ու ևս վեց երկրներ զրկվել են ՄԱԿ-ի ԳԱ-ում ձայնի իրավունքից’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Պետրոսյանը դատապարտվեց 5 տարի ազատազրկման’