‘Hurriyet. Էթյեն Մահչուփյանը Ցեղասպանության մասին ելույթից հետո պաշտոնանկ է արվել’

1385

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի ավագ խորհրդական, հայազգի Էթյեն Մահչուփյանը ազատվել է աշխատանքից այն բանից հետո, երբ նախօրեին Թվիթերում գրառում է թողել Հայոց ցեղասպանության մասին, հայտնում է թուրքական Hurriyet-ը:

«Եթե Բոսնիայում ու Աֆրիկայում տեղի ունեցածն ընդունվում է որպես ցեղասպանություն, ապա 1915 թվականին հայերի հետ տեղի ունեցածն անհնար է չանվանել ցեղասպանություն», — օրերս հայտարարել է Մահչուփյանը: 
Ավելի ուշ Hurriyet-ը կապվել է Մահչուփյանի հետ, որը հաստատել է, որ այլեւս հաստիքային գլխավոր խորհրդական չէ, բայց դա պայմանավորված է նրանով, որ դեռեւս մարտի 9-ին լրացել է այդ պաշտոնի համար սահմանված առավելագույն տարիքը:  

«Այս փուլում ես կշարունակեմ իմ աշխատանքը հասարակական հիմունքներով: Փոխվել է միայն այն, որ ես այլեւս աշխատավարձ չեմ ստանում», — ասել է Էթյեն Մահչուփյանը:

Միեւնույն ժամանակ, Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզըրը դժգոհություն է արտահայտել Մահչուփյանի հայտարարության կապակցությամբ: Նրա խոսքով, Մահչուփյանի պաշտոնին հարիր չէ, նման հայտարարությունը: «Կարծում եմ, նա կվերանայի իր խոսքերը», — ասել է նա: 

Նախորդ հոդվածը‘Կիևում սպանվել է Ռադայի նախկին պատգամավոր՝ Ռեգիոնների կուսակցությունից’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Մինասյանը պաշտոնանկ է արվել’