‘
Անկարան ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող մի շարք հայկական եկեղեցիների վերականգման աշխատանքներ է նախաձեռնել՝ ի պատասխան քննադատության, որ Հայոց ցեղասպանության տարիներից ի վեր երկրում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգությունը ոչնչացվել է կամ գտնվում է անխնամ վիճակում, գրում է թուրքական Hurriyet Daily News-ը:
Մի շարք մեկնաբանների կարծիքով, նախորդ տարվանից մեկնարկած շուրջ մեկ տասնյակ հայկական եկեղեցիների վերականգնման աշխատանքները կապված են Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցի հետ:
Պարբերականը հիշեցնում է, որ Թուրքիայի կառավարությունը երկրի ոչ մեծ հայ համայնքի հետ հաշտությանն ուղղված քայլեր է ձեռնարկում արդեն մի քանի տարի ի վեր՝ սկսած 2007-ին Վանի Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգումից:
Թեեւ «հայկական» բառը եկեղեցու մոտակայքում գտնվող որեւէ վահանակի վրա հնարավոր չէ գտնել, բայց անցյալ տարի աշխատանքներ են տարվել, որպեսզի նշվի, որ 10-րդ դարում կառուցված Սուրբ Խաչը հենց հայկական ժառանգության մասնիկն է:
Ակնկալվում է, որ այլ տեղերում եւս վահանակների վրա կնշվի պատմական կոթողների պատկանելությունը հայկական մշակույթին:
‘