‘Hurriyet Daily News. Թուրքիայի պաշտոնական անձինք մեծ ակնկալիքներ չունեն Դավութօղլուի Հայաստան այցից’

833

Թուրքիայի պաշտոնական անձինք մեծ ակնկալիքներ չունեն Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի Հայաստան կատարելիք այցից: Այդ մասին գրում է թուրքական Hurriyet Daily News թերթը:

Պարբերականը, միևնույն ժամանակ, նշում է, որ Անկարան, ամեն դեպքում, այցը կհամարի բեկումնային, քանի որ այն առաջինն է երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի փաստացի ձախողումից հետո: Թուրքիայի պաշտոնական անձինք նշում են, որ առայժմ պարզ չէ, թե արդյոք ՍՏՀԿ խորհրդի նիստի շրջանակում կկայանա Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում: «Մենք այնտեղ ինչ-որ որոշակի առաջարկությամբ չենք մեկնում», — նշել է բարձրաստիճան թուրք դիվանագետը`  անդրադառնալով Հայաստանի հետ սահմանը բացելու առաջարկության վերաբերյալ թուրքական ԶԼՄ-ների վերջին հրապարակումներին: «Բացի այդ, նման առաջարկությունը կլիներ անլուրջ և ոչ ճիշտ: Սակայն, եթե կայանա երկկողմ հանդիպում, մենք կներկայացնենք տարածաշրջանային խաղաղության մեր տեսլականը` ներառյալ մեր երկկողմ հարաբերությունների կարգավորումը: Այն ժամանակ կարող են ներկայացվել քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել այդ ուղղությամբ», — հայտարարել է դիվանագետը` իր անունը չհրապարակելու պայմանով: Նա ընդսմին ավելացրել է, որ Դավութօղլուն մտադիր չէ այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: «Նախարարը Երևան է մեկնում ՍՏՀԿ հանդիպման շրջանակում: Հուշահամալիրի այցելություն նրա օրակարգում չկա», — նշել է դիվանագետը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարարը Երևան է կժամանի դեկտեմբերի 12-ին` մասնակցելու ՍՏՀԿ խորհրդի նիստին: 

 

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ նախագահ. Օրենքի գերակայությունը և բոլորի հավասարությունը նրա առջև պետք է դառնա կենսակերպ մեր հասարակության համար’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ գլխավոր քարտուղարի ուղերձը Մարդու իրավունքների օրվա առթիվ’