‘ILur.am-ը ամեն ինչ անելու է Աշոտ Պապայանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար’

3402

Քիչ առաջ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որը կարելի է անվանել սենսացիոն: Մեր լրագրողին ծեծի ենթարկած Աշոտ Պապայանը հրավիրվել է ոստիկանություն, նրանից բացատրություններ են վերցվել և վերջ:

Հիշեցնենք, որ iLur.am կայքը հրապարակել է տեսանյութ, որտեղ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյա՝ Զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը մեր արդեն ծեծված լրագրողին բառացիորեն հաստատում է ոչ միայն տեղի ունեցածը, այլև ակամա «խոստովանում» է, որ գիտի, թե ովքեր են գործադրված բռնության հեղինակները: Այսքանից հետո, Ոստիկանությունը արդեն կարող էր ավարտին հասցնել քրեական գործը, այլ ոչ թե «շարունակել նյութերի նախապատրաստումը»:

Ոստիկանության պահվածքից և այս հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ Վովա Գասպարյանի ղեկավարած կառույցն ամեն ինչ անելու է գործը կոծկելու համար:

iLur.am-ի խմբագրակազմն իր հերթին հայտարարում է, որ ամեն ինչ անելու է և մինչև վերջ պայքարելու է մեր լրագրող Հակոբ Կարապետյանին ծեծի ենթարկած Երևանու ավագանու անդամ Աշոտ Պապայանին (մականունը՝ Տուռբո) քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Իսկ այժմ մեր ընթերցողներին ենք ներկայացնում ոստիկանության գլուխգործոցը.

«Ինչպես նախկինում տեղեկացրել ենք՝  ապրիլի 23-ին Երևանի Նոր Նորքի 8-րդ զանգվածում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում  www.ilur.am  լրատվական կայքի թղթակցի մասնագիտական պարտականությունները խոչընդոտելու վերաբերյալ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հետաքննություն էր կատարվում:

Ապրիլի 25-ին նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժին:

Ապրիլի 26-ին նույն քննչական բաժին են հրավիրվել Հակոբ  Կ.-ն  և Աշոտ Պ.-ն, որոնցից ոստիկանության ծառայողները բացատրություններ են վերցրել:

Հակոբ Կ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում նյութերի նախապատրաստումը շարունակվում է»:

Նախորդ հոդվածը‘Տիտո Վիլանովա. «Բարսելոնայի» դարաշրջանի ավարտի մասին միշտ են խոսում’
Հաջորդ հոդվածը‘Վովա Գասպարյան. Նոր ծագող աստղ’