‘iLur Բլոգ. Ամեն բեղավոր բան ֆիդայի չէ’

5379

Քրիստինե Խանումյան

Երբ շատ փոքր էի, կարծում էի, թե բոլոր բեղավոր մարդիկ ֆիդայիներ են, այսինքն` հայրենասերներ…. ինչքան բեղերի ծայրերը սուր էին լինում` «ա լյա Աղբյուր Սերոբ»՝ էդքան ավելի ազդեցիկ… իսկ եթե մարդը նաեւ զինվորական համազգեստով էր լինում…իսկ եթե բեղավոր մարդը նաեւ կենաց էր ասում` պոռալով` Հայրենիք, Արցախ, Վան, Մուշ, Սասուն, Կիլիկիա, ու հետն էլ հայրենասիրական երգ էր երգում՝ ընդհանրապես….կասկած չէր մնում մոտս:

Փոքր ժամանակ այդպիսի դատողություններ անելու իրավունք ունեի, որովհետեւ ՓՈՔՐ էի, ամեն ինչի մասին պատկերացում կազմում էի վիզուալ պատկերներով, ասոցիացիաներով……

Երբ մեծացա, հասկացա, որ Վանի ու Կիլիկիայի մասին ամեն խոսող չէ, որ հայրենասեր է, որ բեղերը հայրենասիրության չափորոշիչ չեն, որ կենացներով, երգերով հայրենասեր չեն դառնում… որ հայրենիքը/պետությունը սիրելը ոչ թե խոսքով, կենացով կամ երգով է արտահայտվում, այլ` գործով….

 Երբ մեծացա, հասկացա, որ պետությունը խաղալիք չէ, որ ամեն արկածախնդիր վերցնի ու դրա վրա փորձարկումներ անի…… Հասկացա, որ հաճախ, ամենաշատը ու ամենաբարձրը հայրենիքի հանդեպ սիրո մասին գոռում են հենց նրանք, ովքեր ամենաշատն են վնասում պետությանը….օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով….մի մասի պարագայում՝ որովհետեւ հայրենասիրությունը տականքների վերջին հանգրվանն է, մյուս մասի դեպքում` որովհետեւ պետության հանդեպ պատասխանատվություն վերցնելու վախը սուբլիմացրել են ռազմահայրենասիրական երգերով ու պաթոսով….ընդամենը….

 Երբ մեծացա, հասկացա, որ այդ երգն ու պարը պետք է լինեն ոչ թե պետական մենյուի հիմնական ճաշատեսակը, այլ` աղն ու պղպեղը… որովհետեւ միայն աղ ու պղպեղ ուտելով՝ վերջում ստամոքսի խոց ես ստանալու…անխուսափելիորեն…. Ի վերջո, երբ մեծացա, մի պարզ բան հասկացա.  որ ինչ-որ տարիքից սկսած՝ մարդ պետք է մեծանա: Որ հակառակ պարագայում ինֆանտիլիզմն անխուսափելի կդառնա… Հիմա ես նայում եմ մեր քաղաքական դաշտին, իշխանություններին, կողքից կամ տակից նրանց «բալետ անողներին», նրանց քծնողներին ու քարոզողներին, ու ռեալ չեմ հասկանում` սրանց ոչ մեկը չի բացատրե՞լ  ժամանակին, որ ինչ-որ տարիքից սկսած՝ իրենք պետք է մեծանան: Որ չի կարելի 30-40-50 տարեկանում 8-10 տարեկան երեխայի նման դատողություններ անել: Այսքան ինֆանտիլներ ինչպե՞ս հավաքվեցին մի տեղ՝ չեմ հասկանում…. Սրանք, պետություն կառավարելու փոխարեն, պետություն-պետություն են խաղում… հիմա ես նախագահը կլինեմ, դու՝ վարչապետը, հիմա ես քաղաքապետն եմ, իսկ հիմա դու նախարար ես…

Ու, առավելեւս, չեմ հասկանում, այդ ինչպե՞ս կարողացան իրենց ինֆանտիլ քարոզչությունը լցնել մարդկանց մի զգալի մասի ուղեղը…. սրանք, գնալով՝ երկիրը վեր են ածում մանուկների պետության……. այո, որպես քաղաքացի՝ ժողովրդի մի զգալի մասը դեռ լիովին մանուկներ են….ու ուզում եմ հասկանալ` ինչպե՞ս սրանց դա հաջողվեց…. 88 տեսած ժողովուրդը, ինչպե՞ս տասը տարվա քարոզչությամբ դարձավ մանուկ….

Հիմա՝ այսօրվա պահով…. այսօր էլ սրանք` այս արկածախնդիր մանուկները, որ իշխանության ղեկին են, այնպիսի օրակարգեր են նետում դաշտ, որ ցանկացած հասուն, չափահաս հասարակություն տեղում դրանք անպիտան կդարձներ… բայց… մեկ էլ տեսնում ես` այնպիսի «ձյաձյաներ ու ծյոծյաներ» են դեմքի լուրջ արտահայտությամբ քննարկում սրանց ինֆանտիլ մտքերը, որ շշմում ես…. Սրանք, իհարկե, հեշտ ճանապարհ են ընտրել…. մոտավորապես` այսպես… 18 տարեկան չափահաս մարդուն, որ մի քանի տարի առաջ բակի բոլոր տղաներին տփում էր, աղջիկներին` գերում, բերել-փակել են տանը, ասում են` դուրս չգաս, չորս կողմդ վտանգ է, դուրս գաս` քեզ կուտեն, ընդ որում՝ ոչ միայն կողքիդ հարեւանները, այլեւ` կողքի շենքի բնակիչները…. բոլորը քեզ կուտեն… քեզ ինչ պետք է, մենք կբերենք, կդնենք քո դռան դեմը, դու կվերցնես…. ու այսպես՝ քանի տարի…. ու այնպես են արել, որ էդ չափահաս մարդը ռեալ, մարդկայնորեն իզոլացվել է աշխարհից… վախենում է ամեն ինչից…. բերում են դռան մոտ մի հատ խաղալիք են լարում` պտտեցնում, ասում են՝ տե՛ս, այլմոլորակայինները կգան քեզ կուտեն, ու այս չափահաս մարդը ռեալ սկսել է հավատալ այդ ամենին…. Ընդ որում՝ հավատալ այնպես, որ եթե մի օր ասենք` դուռը մեկը բաց թողնի` այդ չափահաս մարդը հոգեբանորեն պատրաստ չլինի մենակ դուրս գալ խանութ, ասենք` կաթ առնելու…

Այ սա է ամենազզվելին, ու այս պարագայում, փոխանակ նստեն-ասեն` եկեք մի հատ, առաջին հերթին, ազատվենք էս ինֆանտիլներից, ասում են՝ թող էս ամեղսունակ ինֆանտիլները մեզ տանեն Եվրոպա, ռուսների մոտ լավ չէր…ա՛յ որ Եվրոպա գնանք, մեր հարեւանները մեզ չեն ուտելու, կաթը ինքն իր ոտով է գալու մեր տուն, ամեն ինչ ծլելու ու ծաղկելու է…..մեծ Հայաստանն է գալու……ու ոչ մեկը չի խոսում այն մասին, թե բա այս ինֆանտիլնե՞րը… սրա՞նց ինչ ենք անելու…..սրա՞նք պիտի մեզ «տանեն» Եվրոպա….

Ու չեն հասկանում կամ չեն ցանկանում հասկանալ, որ ոչ մեկի մոտ գնալով էլ լավ չի լինելու, քանի դեռ ղեկավարները ինֆանտիլ են…..ու ընդհանրապես, ոչ մեկի մոտ էլ պետք չէ գնալ… պետք է ընդամենը հեռացնել սրանց: Դրանից հետո բոլորն իրենք իրենց ոտով, ռուսների ասած, как миленькие, կգան մեր դուռը….

«Բլոգ» բաժնի մյուս նյութերը և հեղինակները

Նախորդ հոդվածը‘Քաղաքապետարանի մոտից բերման են ենթարկվել 2 քաղաքացի. Նրանք փորձում էին պաշտպանվել արևից’
Հաջորդ հոդվածը‘Եղիա Ներսեսյանը Կոմիտաս 5-ից բերման է ենթարկվել ոստիկանություն (տեսանյութ)’