‘iLur Բլոգ. Բարեւներս նրանց, ովքեր չեն փակել դուռն ու չեն այրել կամուրջները ‘

3374

Էս տեքստը սկզբում լրիվ ուրիշ բանի մասին էր: Ահագին չարչարվել գրել էի, ժամանակ էի ծախսել, բայց հանկարծ զգացի, որ ուրիշ բան ունեմ ասելու, կարեւոր բան, ու նախկին տեքստս ջնջեցի, որ գրեմ էն, ինչ հիմա կարդում ես:

Բարեւել եմ ուզում: Բարեւել եմ ուզում բոլոր նրանց, ովքեր չեն փակել դուռն ու չեն հեռացել:  Էդ թվում՝ նրանց, ու երեւի առաջին հերթին՝ նրանց, որոնց  համար մնալը ծանր էր, ու կյանքը դժվար էր շատ, իսկ գնալը հնարավոր էր, հեշտ էր ու հրապուրիչ: Բայց մնացին:

Ինչո՞ւ հանկարծ ուզեցի բարեւել: Որովհետեւ ինձ թվում ա` վճռական օրեր են մոտենում, եւ շուտով Հայաստանում փորձ ու վճռականություն  ունեցող մարդկանց կարիք ա զգացվելու:  

Ափսոս, որ գնացողներ եղան, ու ոչ քիչ: Իհարկե, նաեւ նորերն են գալիս, էսօր Մաշտոցի պուրակն ու քաղաքապետարանի դիմացը լիքն են, շարժում ա գնում, մարդիկ ակտիվացել են, հիմնականում` ամենաջահելները, իսկ ամեն շարժում միշտ նոր մարդիկ ա բերում: Բայց էդ ամենաջահելները մինչեւ հասցնեն փորձ ձեռք բերել,  կարող  ա ասածս վճռական օրերը եկած լինեն արդեն, ու երբ որ դա տեղի ունենա, շատ կարեոր ա լինելու 2008-ի շարժման ընթացքում փորձ ու քաղաքական գիտելիքներ ձեռք բերած մարդկանց դերը:

Դրա համար էլ ասում եմ` ափսոս, որ գնացողներ եղան: Ընդ որում՝ գնացողները մենակ նրանք չեն, որ հավաքեցին ճամպրուկներն ու հեռացան ամերիկաներ կամ եվրոպաներ կամ ռուսաստաններ: Եղան նաեւ հեռացողներ, որ հեռացան առանց սահման հատելու: Հեռացան՝ մնալով Հայաստանում:  Ներքին աքսոր:  Ես եղել եմ, գիտեմ էդ ինչ ա: Եղել եմ ու վերադարձել: Որովհետեւ կամուրջները, պարզվեց, զարմանալի ամուր էին, չէին այրվել` հակառակ ծխին ու կրակին: Ու ես նաեւ նրանց եմ ուզում բարեւել, որոնք վաղը վերադառնալու են չայրված կամուրջներով:

Երբ որ վճռական պահը գա:

Մարինե Պետրոսյան 

 

Նախորդ հոդվածը‘«Ռուսաստան-Ադրբեջան. Սրտակից ընկերության անմար կրակը»’
Հաջորդ հոդվածը‘Սարգսյանի «նախաձեռնողականությունը» և ռուս–ադրբեջանական գործարքը’