‘iLur Բլոգ.. «Գենդերացա՞վ», թե՞ նեոգաղութացում’

1754

Հայկ Բալանյան

Գենդերացավի վերաբերյալ բազմաթիվ կարծիքներ հնչեցին, տարբեր մոտեցումներով և հիմնավորումներով: Սակայն իմ կարծիքով՝ յուրաքանչյուր գաղափար դառնում է իրական և երկրարատև քաղաքականություն՝ հիմքում ունենալով հստակ շահեր, տվյալ դեպքում՝ տնտեսական և բյուջետային: Նման շահերի բացակայության դեպքում գաղափարները մնում են մարգինալ և միս ու արյուն չեն ստանում:

Իրականում մենք գործ ունենք նուկլեար ընտանիքի պահպանման ֆինասնավորման և տնտեսության համար այդ բեռի խնդրի հետ:

Կա երկու տարբերակ.

ա) նուկլեար ընտանիք՝ երեխայով/երով/. մեկ կամ երկու աշխատեղով, մանկապարտեզով, դպրոցով, պետական աջակցությամբ, բարձր հարկերով և սոցիալական տրանսֆերներով, իմա՝ հանրային բարիքի վերաբաշխման և բիզնեսի վերահսկման բարձր աստիճանով: Այդ ընտանիքն ունի մեկ տուն, մեկ սառնարան, հեռուստացույց, մեքենա, և աշխարհին նայում է իր ընտանեկան բջջի տեսակետից:

բ) ազատ կանայք և տղամարդիկ. երկուսն էլ՝ աշխատող, սպառող և հարկատու, առանց ընդհանուր տնտեսության և տնտեսավարման: Տրանսֆերների կարիք չկա, երկու տուն, սառնարաններ, հեռուստացույցներ, մեքենաներ, և աշխարհին նայում ու քվեարկում են իրենց անձնական սպառման տեսակետից: Նոր սպառող-աշխատուժի պակասը լրացվում է ներգաղթի հաշվին1: Ոչ մի անձնական բան, միայն բիզնես: Երրորդ՝ ժողովրդագրական անցման դեպքում գործում է նույն սոցիալ-տնտեսական տրամաբանությունը, որը կար առաջին և երկրորդ ժողովրդագրական անցումների ժամանակ:

Ի վերջո, բիզնեսը չի ցանկանում փող ծախսել՝ ապագա սերունդներ մեծացնելու համար, եթե հնարավոր է այլ երկրների (Գյուղի) հաշվին ստանալ պատրաստի 20-30 տարեկան կադրեր, հաճախ՝ արդեն իսկ բարձրագույն կրթությամբ, ընտրելով դրանցից լավագույններին (գրեթե մարմանդ եվգենիկա): Իսկ որպեսզի այդ ներգաղթող զանգվածը շուտ մերվի նոր աշխատավայրի հետ, օգտագործվում է հենց նույն պոստմոդեռնիզմի մեթոդաբանությունը. չկա ոչ մի ճշմարտություն, կան հավասարազոր կարծիքներ, չկան էթնիկ, կրոնական, ընտանեկան կապեր, կա անսահման Ես-ը և այլն:

Ոչ միշտ է ստացվում, բայց դա, իհարկե, կարևոր չէ. բիզնեսի համար մեկ է իր աշխատողների լեզուն և ինքնությունը, չափանիշը փողն է: Այս պարզ ֆինանսական հաշվարկների գաղափարական և քարոզչական հիմնավորման և ապահովման համար ֆինանսավորվում են համալսարանների ամբիոններ, գիտաժողովներ, հկ-ներ, համագումարներ, կինոնկարներ, համասեռամոլ և եսամոլ կառույցներ, բազմաթիվ կեղծ ձախ օգտակար ապուշներ, ինչը շատ ավելի էժան է, քան հազարավոր մանկապարտեզներ և դպրոցներ կառուցելը, հղիության և ծննդաբերության, երեխաների խնամքի նպաստներ վճարելը, միլիոնավոր չաշխատող և սպառող 0-ից մինչև 20-25 տարեկան սովորող երիտասարդներ ունենալը և այլն:

Մարդիկ իրենք պիտի հրաժարվեն երեխա և ընտանիք ունենալուց, որպեսզի բարձր տնտեսական արդյունավետությունը, մրցակցությունը և միշտ խնդիրներ ունեցող բյուջեն չտուժեն: Իսկ, այսպես կոչված՝ երեխաների պաշտպանության համակարգը նպատակ ունի ապագա սպառող-աշխատողի դաստիարակությունը վերապահել պետական/համայնքային ատյաններին՝ կորպորատիվ շահերից ելնելով, ընտանիքից խլելով նոր քաղաքացու ձևավորման իրավունքը և պարտականությունը, հորը և մորը թողնելով (դեռ թողնելով) միայն կենսաբանական գործառույթը: Նման մարդն արդեն հասուն տարիքում դաստիարակությունն ընկալում է միայն որպես անձնական ազատության և սոցիալական կապերի բացակայության ֆենոմեն՝ առանց նյութական շահերի տիրույթից դուրս պարտավորությունների: Չկա ընտանիք և երեխա՝ չկան  սոցիալական ծախսեր և հարկեր:

Չի կարելի ասել, որ նման մոտեցումները մենաշնորհային են նույն Արևմուտքում: Կան այլ կերպ մտածող և գործող բազամաթիվ ուժեր, և հավանաբար՝ այդ վեճն ու պայքարը դեռ երկար են տևելու: Սակայն մոլորակի բնակչության աճի և քանակի նվազման, ներգաղթի հաշվին աշխատուժի խնդիրների լուծման կողմնակիցները բավականին ազդեցիկ են և հաջողակ:

Քարոզչության (ուղեղների լվացման) դերն առաջնային է, քանի որ նույնիսկ սոցիալական պաշտպանության մեխանիզմների առկայության դեպքում բնիկ եվրոպացիներից շատ քչերն են ցանկություն ունենում լիարժեք օգտվել այդ իրավունքներից, ինչը հանգեցրել է ծնելիության անկման: Ներգաղթողների  պահանջները այդ հարցում շատ ավելի համեստ են և հետևաբար՝ ոչ ծանր բյուջեի և տնտեսության համար: Այս ամենը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ ներգաղթողների համար ընդունող երկիրը առավելություններ ունի ներգաղթողի հայրենի երկրի համեմատ: Եվ այնքան ժամանակ, քանի դեռ ներգաղթողների հաշվին տեղացիների աշխատավարձի անկումը և խնայողությունը բիզնեսի համար ավելին է, քան պետության ոստիկանական ծախսերը:

Գլոբալ առումով՝ նման ժողովրդագրական համակարգը հիմնված է (և հետևանքն է) նեոգաղութատիրական տնտեսական համակարգի վրա՝ կադրերի և ռեսուրսների անհամաչափ վերաբաշխման, այսպես կոչված՝ գների մկրատի, վիրտուալ տնտեսության, ֆինանսական հոսքերի վերահսկման և այլ՝ բնավ ոչ միայն տնտեսական մեխանիզմների վրա: Մնացած ազատագենդերությունը՝ ուղղակի քարոզչություն է, որը ոչ մի կապ չունի ո՛չ Եվրոպայի, ո՛չ եվրոպական արժեքների, ո՛չ էլ իրականում գենդերային խնդիրների հետ:

Այն պահից, երբ զարգացած երկրները չկարողանան ապահովել աշխատուժի ներգաղթը տնտեսության կարիքների համար՝ պաշտոնական քարոզչությունը շրջադարձ կանի 180 աստիճանով, իսկ պոստմոդեռնիստները և հակաընտանեկան քարոզիչները կդառնան թիրախ նույն պատվիրատուների համար: Մենք գործ ունենք նեոգաղութացման հետ, իր աշխարհապարփակ տնտեսական և սոցիալական կառուցվածքի հետ: Եվրամիությունը և ոչ միայն նա, տարածելով իր կյանքի ստանդարտները՝ ընդամենը նպատակ ունի ապահովել իր տնտեսական և սոցիալական հպատակ տարածքի ունիվերսալիզմը, միատարրությունը, բոլոր հպատակ շրջանների համապատասխանությունը գլխամասի պահանջներին, որոնք բացարձակապես մերկանտիլ են:

Ուստի մեզանում չկա հակասություն եվրոպական արժեքների հետ: Եվրոպացիները աշխարհը նվաճած, ամենաագրեսիվ և «քյարթ» ազգերն են, որոնք ընդամենը մի 20-40 տարի առաջ մեզանից բավականին քիչ էին տարբերվում և վաղ թե ուշ վերադառնալու են ակունքներին, երբ ներկայիս Քաղաք-Գյուղ տնտեսական մոդելը սպառի իրեն՝ ռեսուրսների սակավության կամ վերաբաշխման պատճառով:

Մենք իսկական եվրոպացիներ ենք, հին և ապագա, և մեզ սպառնացող հակառակորդը հենց նեոգաղութացումն է Պոստմոդեռնի քարոզով, ոչ թե եվրոպական մշակույթը: Մեզ առաջարկվող մոդելում Հայաստանին վերապահված է Գյուղի կարգավիճակը, որը պիտի իր հաշվին աճեցնի, կրթություն տա և մատակարարի երիտասարդ, պաստրաստված կադրեր Գլխամասերին՝ անհամեմատ ավելի  զարգացած երկրներին: Իհարկե, սեփական ժողովրդագրական բացը լրացնելով Միջին Արևելքի տարբեր երկրներից, հիմնականում՝ Իրանից՝ այլ որակի կադրերով, որոնք յուրահատուկ կարանտին պիտի անցնեն մեր երկրում, հղկվեն, դաստիարակվեն և մեկուսացվեն Եվրոպայի զանգվածային ներգաղթից: Ներմուծել նախրապաններ, պատրաստել և արտահանել ծրագրավորողներ, բժիշկներ և մաթեմատիկոսներ — սա է մեզ վերապահված գործառույթը, և այդ գործառույթի ապահավման համար անհրաժեշտ և բավարար ենթակառուցվածքը և տնտեսությունը:

Ի դեպ, մեր պատմության ընթացքում մահացող Բյուզանդիան նույն կերպ արյունազրկեց Հայքը՝ տանելով ռազմիկներին և առավել ակտիվ զանգվածը՝ մինչև թե՛ իր և թե՛ մեր հոգեվարքը՝ երբ այլևս վերարտադրումը տեղում անհնար էր: Քաղաքական առումով՝ կա խնդրի լուծման մեկ տարբերակ՝ ապահովել Հայաստանի գրավչությունը. տնտեսական, սոցիալական, իրավական և այլն:

Երկիրը պիտի գրավիչ լինի ապրելու, ստեղծագործելու, երեխաներ ունենալու և մեծացնելու համար, այլ քայլերը՝ քարոզչություն, աշխարհից ինքնամեկուսացում, խանդի տեսարաններ՝ ոչ թե անիմաստ են, այլ նույնիսկ ծիծաղելի: Ընդ որում՝ երկրի  գրավչության ապահովումը ունի ոչ միայն ներքին իմաստ և արժեք, այլ նաև արտաքին: Միայն այն դեպքում, երբ հարյուր հազարավոր մարդիկ Իրանում, Թուրքիայիում, Ռուսաստանում և այլ երկրներում պաշարեն հայկական դեսպանատները՝ պոռալով, թե հայ են և երազում են Հայաստանում ապրել և ծառայել հայկական բանակում, միայն այդ դեպքում մենք կարող ենք համարձակվել բարձրաձայնել ավելի մեծ բաների մասին: Եվ իհարկե, այս ամենը ստանալու համար հայ տղամարդիկ պիտի անհամեմատ ավելի շատ աշխատեն և պայքարեն: Եվ իհարկե, դա սեռերի հավասարության ավարտն է՝  հօգուտ կանանց և ի հաշիվ տղամարդկանց:

_____________________

1 http://demoscope.ru/weekly/2007/0299/tema01.php

 

«Բլոգ» բաժնի մյուս նյութերը և հեղինակները

 

Նախորդ հոդվածը‘Կուբացի մարզիկը «փախել է» Մոսկվայում ընթացող աշխարհի առաջնության ժամանակ’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունը ստում էր. Ցուցարարները ՌԴ դեսպանատան տարածք մուտք գործելու փորձ չեն արել’