‘iLur Բլոգ. Իշխանությունների ձայնը դուրս չի գալիս’

3179

Հայկ Բալանյան

Հայ իշխանությունների ձայնը դուրս չի գալիս. ոչ մի առարկություն, ոչ մի նախաձեռնություն, ոչ մի ծպտուն վերջին ամիսների զարգացումների և ռուսական նախահարձակման ֆոնին: Տպավորություն է ստեղծվել, որ իշխանությունը զրկվել է կամքից և ուղղակի հանձնվել է ռուսական առաջխաղացման դեմ: Մինչդեռ իրականում իրավիճակը շատ ավելի վատ է:

Երկար տարիներ Սերժ Սարգսյանի վարչակարգը ունեցել է մեկ կարևորագույն ռեսուրս և գիտակցել է այդ ռեսուրսի առկայությունը: Խոսքը իշխանության հանձնման և վերարտադրման հնարավորության մասին է, որը նեղն ընկնելու դեպքում պիտի հանվեր աճուրդի՝ Մոսկվայի և Արևմուտքի մրցակցության համար: Պլանավորվում էր, որ այդ մրցակցության դեպքում վաճառողը՝ Սերժ Սարգսյանը, իր անձնական, կլանային, տնտեսական և իրավական երաշխիքների դիմաց կկատարեր ընտրություն, կկազմակերպեր իշխանության սահուն հանձնումը առավել լավ պայմաններ առաջարկած ուժին, օգտվելով իր վարչական, կադրային և տնտեսական լծակներից: Նաև հույսեր կային, որ արհեստականորեն և նախորոք ստեղծված կեղծ ռուսական և արևմտյան թիմերը, որոնք պիտի համապատասխանաբար ներկայացնեին երկու մրցակցող ճամբարները, կրկին կլինեին Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, և իշխանությունը ձևականորեն հանձնելով՝ իրականում այն կպահպանվեր երրորդ նախագահի ամուր ձեռքերում: 

Սա էր և իրական հաշվարկը, և իրական նպատակը՝ ունենալ երաշխիքներ հետագա դատական հետապնդումներից խուսափելու համար, պահպանել կուտակած հարստությունը և անձնական անվտանգությունը և վայելել հանգիստ, երաշխավորված ծերություն:

Այժմ Մոսկվան հանդես է գալիս ուժային դիկտատի դիրքերից և զրկել է Սերժ Սարգսյանին նշված հնարավորություններից, ավելին, առհասարակ ներկա վարչակարգի բոլոր անդամների պաշտոնական և տնտեսական դիրքերը երաշխավորված չեն և կախված են միմիայն Մոսկվայի քմահաճույքից: Հավանաբար Մոսկվան դեռ կսպասի Սերժ Սարգսյանի թիմի պառակտմանը և նոր թիմերի առաջացմանը՝ վերջնական կաստինգ և վերադասավորումները կատարելու նպատակով:

Ինչևէ, վերարտադրման և ապագայի երաշխավորման հնարավորության բացակայությունը գիտակցվել է, այն քայքայում է իշխանական բուրգը, և ներկայիս քաղաքականությունը առաջին հերթին ուղղված է Մոսկվայի խաթարված վստահության և ապագան երաշխավորելու հնարավորության վերականգնմանը: 

Այդ վստահության վերականգման ճանապարհին դրսևորվում է բացառիկ հեզություն, խոնարհություն, նրբանկատություն, կանխատեսող պատրաստակամություն և հնարամիտ նախաձեռնողականություն, և խոսք անգամ չկա քաղաքական կամքի բացակայության մասին: Այս ամենը ուղղակի դարերից եկած փորձով գիտակցված հաշվարկ է: Մոսկվան դեռ չի մտածել, չի էլ ենթադրել, իսկ ահա Երևանում արդեն արված է, կատարված է — թշնամիները վերահսկվում են, օպերատիվ աշխատանքը արվում է, կապերը բացահայտված են, միջոցառումները և ընթացակարգերը պատրաստ են: Այս ամենը, իհարկե, գրում ենք ոչ թե Մոսկվային արդարացնելու, այլ բացահայտելու համար այն հանգամանքը, որ որոշումների կասեցնելու, վերանայելու և հղկելու, Մոսկվայի հետ բանակցելու իրական հնարավորություն կա, բայց այն չի օգտագործվելու, քանի որ չի բխում հենց հայ գաղութային վարչարարների շահերից:

Ընդհանրապես, հայ գաղութային վարչարարի երազանքն է աշխատել Ռուսաստանի մարզերում: Հոյակապ կաշխատեն, այնպես ինչպես ոչ մի ռուս գուբերնատոր չի աշխատել տվյալ մարզում դեռ Իվան Ահեղի ժամանակներից: Զարկ կտան տնտեսությանը և ռուս մշակույթին, կլինեն սիրելի և հարգելի, իրենց վստահված շրջանի համար կանեն այնպիսի բաներ, որոնք երբեք չէին անի ռուս ղեկավարները, իսկ իրենք էլ չէին անի նույնը Հայաստանի համար: 

Եվ այս ամենը իհարկե մեկ պատճառ ունի՝ լեգիտիմության բացակայությունը, որը ուղղակի սարսափ է առաջացնում անլեգիտիմ իշխանիկների շրջանում: Եթե չկա լեգիտիմություն, ապա ռուս ցարի յուրաքանչյուր պատիժը ընկալվում է որպես արդարացի և հետևաբար՝ անխուսափելի: Հայ հասարակությունը այդ ուժը չունի և նման սարսափ չի առաջացնում, սակայն առաջացնում է ատելություն իր նկատմամբ՝ բոլոր գործնական հետևանքներով:

Եվ այդ ամենը իհարկե նույն մարդկանց մասին է, որոնք կարող են շատ լավ աշխատել շան նման վախենալու դեպքում, և կարող են սեփական երկիրը շան օրի գցել, եթե չունեն այդ վախը: Խորը հոգեոր աշխարհի բացակայության դեպքում անհնար է խոսել գաղափարական, բարոյական հիմքերի կամ գիտակցության մասին, ուստի վախի գործոնը հիմնականն է, որը որպես շարժառիթ ներազդում է այդ ավանդական վարչարար խմբի վրա: Նաև հետաքրքիր է, որ այդ սահմռկեցուցիչ վախը օտարի անդեմ հզորության նկատմամբ առաջացնում է նաև սեր այդ ծեծող բռունցքի նկատմամբ, արդարացումների և բացատրությունների որոնումներ, հիամցունք և կայսերական հայրենասիրություն: Այդ գրեթե իգական սերն, իհարկե, նաև ամփոփում, ամբողջացնում է հայ գաղութային վարչարարի կերպարը, որը և ստեղծեց հայերի՝ որպես «հավատարիմ ազգի» համբավը: Ստաժ է, ներծծված և կարծրացած, որից փախչել չի հաջողվում:

Ինչևէ, հայ իշխանությունը շարունակելու է հանձնել ամեն հնարավոր և անհնար բաները՝ միմիայն իշխանությունը և, հետևաբար, անձնական ազատությունը, ունեցվածքը, անձեռնմխելիությունը պահպանելու, «աղերսվող որակը» պահելու համար: Այս պարագայում կարելի է արձանագրել, որ Հայաստանում 1990թ-ից ընթացող քաղաքացիական պատերազմը մոտեցել է մի հետաքրքիր հանգրվանի: Միայն լեգիտիմ իշխանության (յուրաքանչյուր, բայց լեգիտիմ) վերականգնումով էր կարելի ավարտել այն հեղափոխական գործընթացը, որը սկսվեց 1988-90թթ-ին: Իսկապես դա հեղափոխություն էր՝ սոցիալ-տնտեսական և գաղափարական խմբերի պայքարով, նաև դրանց՝ որպես սոցիալ-տնտեսական և գաղափարական խումբ իսպառ ոչնչացումով, հաջորդական իտերացիաներով՝ վերափոխումներով, երբ հեղափոխականնների մի խումբ կամ թև վերացնում էր մյուսին, իսկ հաջորդը վերացնում էր նախորդ հաղթողին, նաև՝ ֆիզիկական զոհերով և հարյուրհազարավոր գաղթականներով: 

Այդ ամենը կանգնեցնելու բազմաթիվ պահեր կային, որոնք չօգտագործվեցին, և այժմ այդ լեգիտիմության համար մղվող քաղաքացիականի մասն է դառնում նաև Ռուսաստանը՝ որպես բացահայտ և լիիրավ անդամ: Ավելին, Մոսկվան առավել մեծ շանսերն ունի այդ պատերազմը դադարեցնելու, բայց, ինչպես միշտ, կանի հիմարությունների հերթական չափաբաժինը և նորից կհեռանա կամ կվռնդվի՝ շատ ավելի ծանր հետևանքներով իր համար: Բայց խոսքը Մոսկվայի մասին չէ, այլ այն մասին, որ այս իշխանությունը վերջնականապես հրաժարվել է ներքին լեգիտիմության հաստատման փորձերից (վերջին փորձը Սերժ Սարգսյանի վերընտրությունն էր) և այդ դաշտն այժմ ազատ է: Եվ ընդդիմության ներքին երկխոսությունից է կախված, թե ընդդիմության սեփական լեգիտիմությունը, և թե երկրի ապագան

Նախորդ հոդվածը‘iLur Բլոգ. ժամանակ-ժամանակ խաղի ավարտն ու սկիզբը’
Հաջորդ հոդվածը‘Արամ MP3-ն կներկայացնի Հայաստանը Եվրատեսիլ 2014-ում. Տեսանյութ’