‘iLur Բլոգ. Հայաստանը’

1924

Տեսնում եմ նրան՝ ասես երկնքից.

Խաւարում թաղուած մի լեռնակղզի.

Անյայտից ձգուող լուսեղէն մի գիծ

Ցոլում է՝ իբրեւ ափը երազի:

 

Երկու լիճ՝ որպէս երկու աչք աղօտ,

Նայում են անշարժ գիշերում անդորր.

Սառնաշունչ հովիտ՝ ճակատ անհաղորդ.

Հանգած դէմքն ասես հարազատ իմ մօր:

 

Ցուրտ յամրութեան մէջ կէսգիշերային

Ականջիս հեռու մի ձայն է հնչում.

Իր շիրմից մայրս ինձ տուն է կանչում.

Իսկ մնացեալը պատմում է քամին:

 

Թէ ինչպէս խուժեց ձմեռը դաժան.

Եւ փակուեց հայրը անդնդում մթին.

Եւ դարձաւ որդին որբ, թափառական.

Եւ մեռաւ մայրը՝ հայեացքը ճամփին:

 

Ճեղքելով երկրի խաւարն անսահման՝

Սլանում եմ ես՝ ցաւից խենթացած.

Իր բոյնը դարձող հուր հաւքի նման

Բերում եմ ինձ հետ մի մեծ լուսաբաց:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Ստեղծագործենք մեր անկախությունը’
Հաջորդ հոդվածը‘Անկախության հանրաքվե-22. Վերականգնում ենք մեր կորսված անկախությունը’