‘
Սեդա Մեսրոպյան
Ի՛նչ էի ասում. էդ «Հանրային ժողովը» պիտի զուգակցվի Համերգի հետ: Դե՝ արդեն ասացի. ազդագիր-թռուցիկում էդպես էլ գրված է՝ ՀԱՆՐԱՅԻՆ ԺՈՂՈՎ-ՀԱՄԵՐԳ: Մի քիչ անհասկանալի է (չեմ ասում՝ բոլորի համար, ի՛նձ համար է անհասկանալի)՝ ժողով-համերգը ո՞րն է. երևի ժողովի բանախոսները երգելով կամ պարելով կամ ասմունքելով կամ աճպարարություն անելո՞վ են ելույթ ունենալու: Մանավանդ՝ դրա առիթը կա. էդ ժողով-համերգը նվիրված է Անկախության հռչակագրի 23-րդ տարեդարձին: Ավելի՛ն. արդեն բազմիցս հիշատակված ազդագիր-թռուցիկի վրա նշված է նաև ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳը, ենթադրում եմ՝ ժողովի՝ Հանրայի՛ն, էլի՛, ժողովի օրակարգը՝ «Ազատամարտիկներ» (ժամացույցի սլաքի ուղղության հերթականությամբ եմ կարդում, հետո կասեմ, թե ինչ նկատի ունեմ՝ «ժամացույցի սլաքի ուղղությամբ» ասելով), «Պայքարող երիտասարդներ», «Քաղաքացիներ», «Նախաձեռնություններ», «Կուսակցություններ», «տոնական համերգ Ռեինկարնացիա», ու վերջինը, որ արդեն նշել եմ՝ «Ժողովը կվարի Րաֆֆի Հովհաննիսյանը»: Հիմա ասեմ, թե ինչ է նշանակում՝ ժամացույցի սլաքի ուղղությամբ. բանն այն է, որ, ենթադրում եմ, օրակարգային այս «հարցերը» ( որոնք, չգիտեմ ինչի, հիշեցրին Րաֆֆիի պասի թե ծոմի ժամանակվա տասը թե քանի կետանոց պահանջները՝ «Այդ չքնաղ երկիրը՝ Հայաստան»-ի հանգույն) շրջանաձև դասավորված են և կետագծերով միանում են կենտրոնում տեղադրված շրջանին, որի մեջ էլ հենց «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳ» մակագրությունն է:
Վերջապե՛ս. եթե Րաֆֆի Հովհաննիսյանը ինչ-որ կապ ունի «Ժառանգություն» կուսակցության հետ (ենթադրում եմ, որ դեռ կա նման կուսակցություն, որովհետև այդպիսի անունով մեկը օգոստոսի սկզբից «վարձակալել» էր Ազատության հրապարակը), ուրեմն կարելի է հանգիստ շունչ քաշել՝ վերջապե՛ս վարձակալումն իզուր չէր: Թեպետ՝ ըստ լուրերի՝ ոնց որ թե հրապարակը մինչև օգոստոսի 22-ն էր վարձակալված: Դե, մի օր էս կողմ-մի օր էն կողմ՝ հաշիվ չի, կամ էլ, ինչ իմանամ, գուցե հրապարակի էն եռաչափ տեսողական խաբկանքներն է՞լ էին տեղավորվում էդ վարձակալության շրջանակներում: Տեսողական խաբկանք, եռաչափ նկարներ, ՀՐԱՊԱՐԱԿԸ… Ինչե՜ր ասես, որ չի տեսել մեր Ազատության հրապարակը՝ է՛լ հանրահավաքներ՝ ինքնաբուխ ու «հրահրված», է՛լ նստացույցեր ու ստորագրահավաքներ, է՛լ կարուսելներ ու այլ ատրակցիոններ, է՛լ հացադուլ, կեղծիքադուլ, ծոմ ու պաս… Իսկ հիմա էլ, ինչպես մեր Բաբկենն է գրել ֆեյսբուքում՝ «Միստիկ շոու՝ օտ սոզդածելյա «միայն իմ դիակի վրայով»»…Ռեինկարնացիա (գիտեմ, որ երաժշտական խումբ է, բայց ինչպես կասեր մի հայտնի վերլուծաբան՝ «Քաղաքականության մեջ ոչինչ պատահական չի լինում»): Վերամարմնավորում: Հոգու վերաբնակեցում՝ այսինքն: (Իմ կարծիքով՝ ավելի ճիշտ կլիներ նախ ՌԵԱՆԻՄԱՑԻԱ անել, հետո նոր…)
Ըստ մասնագետների՝ հոգու վերաբնակեցման կամ վերամարմնավորման տեսությունը հակասում է քրիստոնեության հիմունքներին և մեր եկեղեցու Առաքելական դավանանքին, քանի որ ըստ այդ տեսության՝ մարմինը նման է տարբեր հանդերձների, որը հոգին հագնում է տարբեր վերաբնակեցումների արդյունքում: Մինչդեռ ըստ Աստվածաշնչյան ուսմունքի՝ մարդն ստեղծված է որպես մեկ հոգու և մեկ մարմնի միություն։
Արդյո՞ք սա նշանակում է, որ Րաֆֆին, կամ, առնվազն՝ «Հանրային խորհուրդ» անունը կրող կառույցը, հեռացել են քրիստոնեությունից: Ըստ իս՝ ո՛չ: Սա պարզապես նշանակում է, որ Ազատության հրապարակն ուզում են վերջնականապես վերածել խեղկատականոցի, ու դրա համար պատրաստ են վերաբնակվել ո՛ւմ մեջ ասես… Կա՛մ էլ՝ որտե՛ղ ասես…
«Բլոգ» բաժնի մյուս նյութերը և հեղինակները
‘