‘iLur Բլոգ. Սեյրան Օհանյանը պետական գաղտնիք է հրապարակել’

2710

«Հեռախոսը վերցրեցի և ուղիղ պաշտպանության նախարարին՝ Ղարաբաղի, ասացի՝ հրամայում եմ՝ հետ վերցնել դիրքը»,- օգոստոսի 16-ին նման հայտարարություն է արել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:  

Նախարարը բազե-մազեների առաջ այսկերպ հպարտանում էր՝ ներկայացնելով 2008-ի մարտին Երևանի կենտրոնում ցուցարարների գնդակահարությանը հաջորդած սահմանային միջադեպերից մի դրվագ, երբ Ադրբեջանի զինված ուժերն ինչ-որ դիրք էին վերցրել (2008-ի մարտին Ս. Օհանյանը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր):

Այն, որ ՀՀ քաղաքացիները ծառայում են նաև Արցախի զինված ուժերում, որ այդ երկիրը փաստացի վերածվել է ՀՀ կցորդի՝ զուրկ սուվերենության որևէ տարրից՝ թերևս գաղտնիք չէ: Բայց այն, որ անգամ պաշտոնական մակարդակում սա չի թաքցվում, վկայում է Հայաստանի (նաև Արցախի) բարձրագույն ղեկավարության դիվանագիտական կատարյալ բոբիկության մասին (առնվազն):

Տարիներ շարունակ ադրբեջանական դիվանագիտությունը ճգնում էր ապացուցել, որ Հայաստանը զորքերը մտցրել է Ադրբեջանի տարածք և օկուպացրել դրա մի մասը: Փորձ էր արվում ցույց տալ, որ Արցախի իշխանությունն իրականում Հայաստանի իշխանության տեղական ներկայացուցչություն է: Ժամանակին Ադրբեջանին այս ամենը չէր հաջողվում: Անգամ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ոչինչ չկարողացավ պարտադրել Հայաստանին, որովհետև Հայաստանի նախագահը ոչ թե հպարտանում էր, թե հրամայել է այս կամ այն բարձունքը կամ քաղաքը գրավել, այլ Արցախ մեկնած ՀՀ քաղաքացիներին ներկայացնում էր որպես կամավորներ, իսկ ինքը Շուշին վերցնելու հրաման տալիս ու գնում արտերկիր, որ այնտեղ «զարմանքով» տեղեկանա «տեղական հայկական ուժերի» հերթական առաջխաղացման մասին:

Ողջ դիվանագիտությունն ամենուրեք պահում էր այս թելը: Արցախի ու Հայաստանի իշխանությունների տեսանելի ու անտեսանելի, ցուցադրական և ոչ ցուցադրական հակասություններն էլ գալիս էին օժանդակելու «տեղական հայկական ուժերի»՝ ՀՀ վերահսկողության տակ չգտնվելու թեզին:

Այսօր միջազգային փաստաթղթերում մենք ագրեսոր ենք, օկուպանտ, Արցախի հարցն էլ՝ տարածքային վեճ, ուստի Արցախի դրածո իշխանությունն անելիք չունի բանակցային սեղանին: Ադրբեջանական դիվանագիտությանը նման հաջողությունների հասնելու համար լիուլի փաստեր մատակարարողն էլ Հայաստանն էր:

1998-ի իշխանափոխությունից հետո Հայաստանի նախագահներն ու վարչապետները, նախարարներն ու վարչության պետերը սկսեցին «Հայլուրի» տեսախցիկների առաջ այցելել Արցախի զինված ուժեր, քայլել խրամատներով, պարգևատրել հարևան երկրի զինվորներին (!!!)…

Իսկ այսօր արդեն ՀՀ պաշտպանության նախարարն ի լուր աշխարհի հայտարարում է Արցախի զինված ուժերի հրամանատարին ռազմական առաջադրանքի հրահանգ տալու մասին: Արցախի հարցն իբր ամեն կերպ ինքնորոշման հարթություն տեղափոխելու՝ Հայաստանի դիվանագիտության տեսանկյունից՝ Սեյրան Օհանյանի վերոնշյալ հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ պետական գաղտնիքի հրապարակում: Հայաստանի քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածը պետական գաղտնիքի հրապարակման համար նախատեսում է մինչև 7 տարվա ազատազրկում՝ մինչև 3 տարի որոշ պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով:

Ինչո՞ւ է արվում այս ամենը: Պարզապես տգիտության հետևանք է՞, թե՝ դիտավորություն: Երևի այնքան էլ կարևոր չէ: Երկու դեպքում էլ պետք է ձգտել օր առաջ ազատվել սրանցից:

 

Նախորդ հոդվածը‘Նոր Զելանդիայում տեղի են ունեցել առաջին գեյ-հարսանիքները’
Հաջորդ հոդվածը‘Մխիթարյանը Բունդեսլիգայում իր նորամուտը նշեց հաղթանակով (տեսանյութ)’