‘iLur Բլոգ. Ստամբոլցյանի փոխարեն թութակներ կամ՝ գողը գոռում է՝ բռնեք գողին’

5787

Հասմիկ Հարությունյան

Հայրենի իշխանությանը կարող ես մեղադրել ինչի մեջ ուզես, սակայն ոչ բանսարկության հմտության պակասի կամ զլացման մեջ։ Այս մի երկու ամիսը ամեն բան արվում է, որ ՀԱԿ-ի հետ բանավեճ բռնկվի, որպեսզի կրքերն ուղղորդվեն իրենց հարկավոր հունով։ ՀԱԿ-ի դեմ պայքարողներն ամենից բարձր են գոռում, թե ինչո՞ւ ՀԱԿ-ն ակտիվ չէ, թե ինչո՞ւ է լռում Տեր-Պետրոսյանը։ Այդ ընթացքում մեջտեղ են հանվում զինանոցի հինունոր գործիքներ, հինունոր ամբաստանություններով և երևակայության հինունոր թռիչքներով։

Մեկը ներկայանում է իբրև Լ. Տեր-Պետրոսյանի խորհրդական։ Այդ հանգամանքի սուտ լինելը նրա հետ հարցազրույց անող որևէ լրագրող կարող էր նախագահականի կադրերի բաժին մեկ զանգով ստուգել, սակայն, քանի որ տվյալ լրագրողների նպատակը ճշմարտությունը չի, այլ բանսարկության սփռումը, ուրեմն սփռում են։ Խորհրդական ներկայացող անձը ամբաստանում է նախկին իշխանություններին հենց նրանում, ինչի պատճառով ինքը տարիներ ի վեր փախած է Հայաստանից։

Նախկին մի պատգամավոր, որի կուսակիցներից գործադիր իշխանության մաս կազմած գրեթե բոլորը ընդգրկված են եղել տնտեսական սկանդալների մեջ, վարչապետի օֆշորային պատմությունների օրերին մեջտեղ է նետում Լ. Տեր-Պետրոսյանի օֆշորային պատմության ինչ-որ ենթադրություն, որ առանձնապես չի էլ թաքցնում, որ ընդամենը ենթադրություն է կամ կամայական մտածողության արգասիք։

Երեկ լուր տարածվեց, որ նախկին իշխանություների մաս կազմած Արա Սահակյանը նշանակվել է Ղազախստանում դեսպան։ Անմիջապես մի «հոդված» տպվեց այն մասին, որ նրա եղբայրը դատված է եղել ինչ-որ թութակներ գողանալու մեղադրանքով։ Եվ անմիջապես տարածվեցին Արա Սահակյանին դատելու կոչերը։ Երբ փորձում ես բանականության հունի մեջ դնել հայրենի արդարադատության ջատագովներին՝ հարցնելով, թե եղբոր արած որևէ բանն ի՛նչ կապ ունի նրա հետ, այստեղ արդեն բացահայտվում է ողջ անբանականությունը։ Անմիջապես հաջորդում են մեղադրանքներ սահմանադրական երկու (!) հանրաքվեների կեղծման մասին, այն մասին, որ 1995 թ. բանակին ստիպել են մասնակցել կեղծիքներին, դե, իսկ ՀՀՇ-ի ու ՀԱԿ-ի անուններն իսկ ջնջելու մարմաջով տառապող մարդկանց հիմնական մեղադրանքն այն է, որ Ա. Սահակյանին պետք է դատել իր նախկին զինակիցներին դավաճանելու համար։ Մեծ հոգեբան պետք չի լինել՝ մտածելու համար, թե այդ ինչպես եղավ, որ ՀԱԿ-ը լքած այդքան մարդկանց առկայության և հատկապես ՀԱԿ-ի դեմ վերջիններիս այդքան ելույթ-հարցազրույցների առկայության պայմաններում քեզնից ինչու են պահանջում, որ հատկապես ձայն չհանած մարդուն «դատես»։ Մանավանդ որ՝ անմիջապես հանկարծ երևան է հանվում ՀՀՇ-ի կողմից «ժողովրդի վրա կրակած» լինելու բանսարկությունը, որից կարծես ամենակարկառուն բանսարկուներն իսկ վաղուց արդեն ձեռք էին քաշել։ Ախ, այդ ենթագիտակցությունը. ինչ գեղեցիկ է մերկացնում մարդու մղումներն ու մտքի աշխատանքը։ Բնական է, որ Արա Սահակյանի մասին խոսելիս դիմացինդ անմիջապես հիշել է 1996 թ. Վազգեն Մանուկյանի ու ընկերների սադրանքով խորհրդարանի շենքի վրա ամբոխի գրոհը, որի հետևանքով, մյուս վայրագություններից բացի, մահվան դուռն էին հասել խորհրդարանի նախագահն ու փոխնախագահը՝ նույն ինքը՝ Արա Սահակյանը, որի միայն գլխին 82 կար էր դրվեր։ Հիշո՞ւմ եք (եթե չեք հիշում, կարող եք գտնել տեսագրություններն ու նայել), թե ինչպես Վ. Մանուկյանն Ազատության հրապարակում, հարթակին կանգնած, մի քանի րոպեն մեկ լուրեր էր ստանում խորհրդարանում տեղի ունեցող դեպքերի մասին, որտեղից ինքն արդեն, դեպքերն սկսվելուց հետո, հանգիստ դուրս էր եկել։ Եվ ինչպես էր ամեն անգամ դեմքը մռայլվում ու հուսախաբությամբ պատվում, երբ նրա «զոհեր կա՞ն» հարցի պատասխանը լինում էր «ոչ»։ Ահա ուրեմն, երբ այսօր հանկարծ մեջտեղ է գալիս վաղուց մոռացված այն զրպարտությունը, թե իբրև թե իշխանությունները 1996-ին կրակել են ժողովրդի վրա, հիշում ես չկրակելու պատճառով առաջացած այդ հուսախաբությունը, և հասկանում ես նույն Արա Սահակյանին դատելու և ատելու կոչի տակ թաքնված առնվազն մոտիվացիան, եթե ոչ հանձնարարականը։ Եվ երբ հարց ես տալիս, թե եթե եղբոր թութակ գողանալու կամ նախկին զինակիցներին դավաճանելու համար մեկին կարելի է դատել, ի՞նչ կասեք Վ. Մանուկյանին դատելու մասին, բնականաբար, այստեղ մուսաները լռում են, որովհետև իրականում այս պարագայում թնդանոթներն են գործում, ոչ թե մուսաները

            Երբ քեզ ասում են, որ 1995 թ. սահմանադրության հանրաքվեի ժամանակ բանակին ստիպել են կեղծիքներ անել, բնականաբար, հարց ես տալիս, թե այդ դեպքում ինչո՞ւ Վ. Սարգսյանի մասին չեք խոսում, այլ Արա Սահակյանի, մուսաները կրկին լռում են։ Ինչպես լռում և խուսանավում են, երբ հարցնում ես, թե, եթե զինակիցներին դավաճանելու համար կարելի է մարդկանց դատել, պե՞տք է արդյոք դատել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, հետո, ասենք՝ Արամ Սարգսյանին, Դավիթ Շահնազարյանին և այլն։

            Եթե հարցն այստեղ ավարտվեր, կարելի էր մտածել, որ դե անհատներ են, ամեն մեկն ունի իր գիտակցական կամ ենթագիտակցական դրդապատճառները կամ իր տրամաբանությունը։ Բայց երբ մի քանի ժամ անց լրագրողներն են սկսում ինչ-որ բաներ գրչոտել՝ թութակների պատմությունը հրապարակ նետելու մեջ մեղադրելով ՀԱԿ-ին, հասկանում ես, որ բանսարկության խողովակները նույնն են, որ հիմնել է Քոչարյան Ռոբերտ-Սարգսյան Սերժիկ շկոլան։

            Խե՜ղճ Արա Սահակյան. քեզ արժանի չգտան Արշակ Սադոյանի, Արբակ Խաչատրյանի կամ գոնե Խաչիկ Ստամբոլցյանի թիրախի վերածելու։

Նախորդ հոդվածը‘Կոպենհագենում նշվել է «Ջրահարսի» 100-ամյակը’
Հաջորդ հոդվածը‘«Ալ-Քաիդան» սպառնում է «փոխել պատմության ընթացքը»’