‘iLur Բլոգ. Օստապ Գենդեր’

2307

Ֆեյսբուքյան մի երեկո, դեռ չսպառած տրանսպորտի թանկացման թեման, և երբ դեռ թափ չէր առել կանգառների ոչ հանրային լինելու թեման, մեջտեղ բերվեց հունիսի 20- ին ընդունված օրենքը, (ՀՀ օրենքը կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին) որը ընդունվել էր պահպանողական ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի քվեարկությամբ, իսկ օրինագիծը ներկայացնողներից մեկն էր եղել հայ օջախի մայր՝ տիկին Բիշարյանը: Օրենքի նախագիծը որևէ թեժ արձագանք չէր ստացել ոչ ԱԺ ամենօրյա քննարկումների ընթացքում, վրիպել էր կծու սիրող լրագրողների աչքերից և դա նորմալ էր, քանի որ այդ օրենքը որևէ այլ բան չէր նախատեսում, քան մինչ այդ ՀՀ կողմից ստորագրված միջազգային կոնվենցիաները, չէր հակասում ՀՀ Սահմանադրության տառին և ոգուն: Բայց մինչ դա պարզելը, ես արդեն մշակութային շոկ էի ապրել՝ էլ նույնասեռականների ամուսնության օրինականացում, էլ նրանց երեխաներ որդեգրելու թույլատրություն, էլ ինցեստ…: Բայց սա չէ իմ քննարկման նյութը, այլ հենց օրենքի նախագիծը ու նրա առաջացրած աղմուկի հետագիծը:

Ինչևէ. սկսեմ նրանից, որ այս օրենքի հենց առաջին հոդվածը սահմանում է կարգավորման առարկան ու այս օրենքին այլ շրջանակ վերագրելը կամ անտեղյակություն է, կամ՝ անգրագիտություն և հիմնականում զենք, որոշ ոչ անհայտ շրջանակների ձեռքին՝ պաթոսի և ազգային ազատագրական պայքարի միջոցով լղոզել ինչ հնարավոր է ու անհնար, ի բարօրություն և ի փառս նորին գերազանցության: Այդ շրջանակները լավ էլ խաղում են հանրային տրամադրությունների հետ՝ երկու, երեք, չորս ձեռքով, բայց՝ մի կենտրոնից: Անկախ նրանից ընդդիմադի՞ր ես, դիմադի՞ր, դիմահա՞ր, դիվահա՞ր, թե՞ անկապ քաղաքացի, դու քո բաժին կուտը ունես, քո սիրած վիտամիններով հագեցած՝ արի կեր:

Ամբողջությամբ մեջբերում եմ.

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային եւ հասարակական կյանքի այլ ոլորտներում կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման երաշխիքները եւ կարգավորում է դրանց առնչությամբ ծագող հարաբերությունները:

Տեսնես՝ ո՞վ է մոգոնել նույնասեռականների ամուսնությունների, երեխա որդեգրելու և այլ ոչ հեռու բաների մասին առասպելը:

Երկրորդ հոդվածը ներկայացնում է նպատակները և խնդիրները, որոնք բավականին պարզ լեզվով բացատրում են, որ այս օրենքի նպատակն է ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ և ԿԱՆԱՆՑ

Ա. հասարակական կյանքի բոլոր ոլորտներում գենդերային հավասարության ապահովումը

Բ.  իրավական պաշտպանությունը գենդերային խտրականությունից

Գ. քաղաքացիական հասարակության ձեւավորման աջակցումը

Դ. հասարակության մեջ ժողովրդավարական հարաբերությունների հաստատումը:

Վերջին երկու նպատակներին կարծես որևէ մեկը դեմ չէ, կամ գոնե հրապարակային դեմ չի արտահայտվում, իսկ առաջին երկու նպատակներում կա ԲՈԲՈ բառ՝ գենդեր, անգլերեն՝ gender, հայերեն թարգմանությունը՝ սեռ: Ի՞նչ է այն, ի՞նչով են այն ուտում և օրվա ո՞ր ժամերին:

Հրաշք. նույն օրենքի երրորդ հոդված առաջին կետի առաջին ենթակետում պարզ բացատրվում է՝ ինչ իմաստով պետք է հասկանալ այդ բառը այս օրենքի շրջանակներում (իհարկե, հենց այս իմաստն է ներդրվում գենդեր բառը ներկայացնելիս, բայց տարբեր տեսակի այլակարծություններ և մեկնաբանություններ, ենթադրություններ, կարծիքներ, այս պարագայում անընդունելի են, նույնիսկ եթե կան). մեջբերում եմ՝

«գենդեր, գենդերային` ՏԱՐԲԵՐ սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված ՎԱՐՔ, կանանց եւ տղամարդկանց  միջեւ հարաբերությունների սոցիալական հայեցակետ, որն արտահայտվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ` քաղաքականությունը, տնտեսությունը, իրավունքը, գաղափարախոսությունը, մշակույթը, կրթությունը, գիտությունն ու առողջապահությունը»:

Որոշ խելացիներ այս ձևակերպման մեջ՝ տարբեր սեռի անձանց ՁԵՌՔԲԵՐՈՎԻ, սոցիալապես ամրագրված վարք, տեսնում են միասեռականության պաշտպանություն: Որտե՞ղ է այստեղ այդ պաշտպանությունը գրաճանաչ պատգամավորներ ջան՝ ձեռքբերովի վարքը նույնասեռականությունը չէ, կարդացեք էլի, ուշադիր. Կինը ունի իր ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարքը՝ ելնելով իր սեռային տարբերությունից, Տղամարդը՝ իր:

Օրենքը կարդալուց հասկացությունների բացատրությունները կարդալը պարտադիր է. Բնորոշիչ հատընտիր, մնացածը օրենքում կկարդաք

…գենդերային խտրականություն (ուղղակի, անուղղակի)` սեռի հատկանիշով անձանց իրավունքներն ու շահերը սահմանափակող ցանկացած տարբերակում, բացառում կամ նախապատվություն, որն ուղղված է կամ հանգեցնում է քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային եւ հասարակական կյանքի այլ ոլորտներում կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության ճանաչման, օգտագործման կամ իրականացման սահմանափակմանը կամ վերացմանը.

18)  արդյունքի հավասարություն` հավասարության հայեցակարգ, որին համապատասխան ճանաչվում է, որ կանանց եւ տղամարդկանց կողմից հավասար (միեւնույն) արդյունքների հասնելու համար նրանց նկատմամբ անհրաժեշտ է դրսեւորել տարբեր վերաբերմունք, քանի որ նրանց կենսապայմանները տարբեր են…

Բոլոր տեսակի սողանցքները փակում է Հոդված 5-ը, որտեղ նշած է, որ գենդերային հարաբերությունները կարգավորվում են նաև Հայաստանի Հանրապետության այլ նորմատիվ իրավական ակտերով, իսկ մեր օրենսդրությունը ոչ մի ձև չի նախատեսում կնոջ և կնոջ միջև ամուսնություն, կամ՝ երեխայի որդեգրում նրանց կողմից:

Այս թեման վերջապես պարզելու համար ամբողջությամբ մեջբերեմ Հոդված 6-ի 4-րդ կետը.

4. Գենդերային խտրականություն չեն`

1) կանանց եւ տղամարդկանց հարաբերությունների կարգավորման հարցերում տարբերությունների սահմանումը` պայմանավորված հղիությամբ եւ ծննդաբերությամբ, երեխայի խնամքով եւ կրծքով կերակրելով.

2) օրենքով  սահմանված  դեպքերում  բացառապես  տղամարդկանց պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության անցնելը.

3) սույն օրենքի հիմքով ժամանակավոր հատուկ միջոցների կիրառումը, որոնք ուղղված են իրավական կարգավորման ենթակա քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային եւ այլ  հարաբերություններում գենդերային հավասարության հաստատմանը.

4) կանանց եւ տղամարդկանց աշխատանքի պահպանման առանձնահատկությունները` կապված նրանց վերարտադրողական  առողջության պահպանման հետ.

5) մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջների սահմանումը` հիմնված պարտականությունների` միայն որոշակի սեռի անձանց, կատարման հնարավորության վրա.

6) այն տարբերությունների սահմանումը, որը պայմանավորված է տարբեր սեռերի կենսաբանական առանձնահատկությամբ.

7) կրոնական կանոնական ծեսերը:

Մնացած հոդվածները չեմ ուզում անդրադառնալ, քանի որ կարծեմ որևէ մեկը դեմ չէր, որ կանայք և տղամարդիկ ընտրությունների մասնակցելու հավասար հնարավորություն ունենան, կամ՝ հանրային ոլորտում աշխատանքի անցնելու հավասար հնարավորություն, իսկ եթե դեմ են՝ այս օրենքին չարժե անդրադառնալ, միանգամից նոր Սահմանադրության նախագիծ է պետք մշակել:

Օրենքում ինձ երկու բան դուր չեկավ.

Ա. Ես ժամանակավոր հատուկ միջոցների կիրառմանը դեմ եմ, օրինակ՝ արհեստականորեն կին պատգամավորների քանակի ավելացումը ինքնին կանանց հանդեպ անհարգալից վերաբերմունք է:

Բ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին միջոցառումների ֆինանսավորումը համարում եմ աննպատակահարմար և ռիսկային ծախս:

Լավ, հիմա հարց է առաջանում, ինչո՞ւ այս թեման առաջ եկավ. կարծում եմ՝ պատճառը չեմ վճարելու 150 դրամ շարժման լայնաշերտ տարածումն էր և հասարակական համաձայնության մթնոլորտը: Շարժմանը մասնակցում էին անխտիր բոլորը (չհաշված մնացածին), եթե ոչ ֆիզիկապես, գոնե` պաշտպանում էին լռելյայն, իսկ դա վտանգ է, մեծ վտանգ իշխանությունների համար, դա հղի է նույնիսկ իշխանության արդեն ոչ այնքան մոնոլիտ բուրգի կտորների առանձնացմամբ, եւ այստեղ օգնության է գալիս Գենդեռը. «պահպանողականը» վրա է տալիս «առաջադեմին», չեզոքը աջը քաշում է ձախի վրա կայանում … և վերջ:

Չէ, սա վերջը չէր, ոստիկանությունն էլ հանդես եկավ այլ նախաձեռնությամբ, ի պաշտպանություն և ի հակադրություն, էական չէ ինչին, էականը այլ հարթության վրա է՝ ավտորիտար ռեժիմը սահմանափակում է մարդու խոսքը, գործունեությունը հասարակական հարթակներում՝ թույլ տալով առանձնազրույցներում լիցքաթափվել և անձնական կյանք չի ներխուժում, բռնատիրությունը մտնում է անկողին, ստեղծում տոտալ հսկողության մեխանիզմ. այս նախագիծը քայլ է ավտորիտար ռեժիմից դեպի բռնատիրություն: Ճիշտ է, հաջորդ իսկ օրը ոստիկանությունը հետ է վերցրել նախագիծը, բայց դա, ինչպես ասում են՝ այս պարագայում այլեւս էական չէ:

Հ.Գ. Սենց եք անում էլի, որ խիարը թարս ա աճում:

Գեմաֆին Գասպարյան 

Նախորդ հոդվածը‘Ալիկ Սարգսյանն ու Իսպանիայում շուռ եկած գնացքը’
Հաջորդ հոդվածը‘«Նարեկ Սարգսյանի» կոմիտեն ստեղծվել է, բայց դեռ գործառույթները հստակ չեն ‘