‘iLur-ի թղթակիցը ադրբեջանցիների վայրագությունների հարցը բարձրացրել է ՄԱԿ-ում. Տեսանյութ’

3866

ՄԱԿ-ում iLur.am-ի հատուկ թղթակից Աննա Նազլոյանը երեկ մասնակցել է ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի ունեցող ամենօրյա բրիֆինգին, որտեղ, ինչպես մեր թղթակիցն է հաղորդում, «ինչպես միշտ, նեյտրալ ելույթներ էին հնչում»: Մեր թղթակիցը հարց է հնչեցրել Ադրբեջանում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ, հիշեցրել է, որ Ադրբեջանը, վաղուց հայտնի է որպես պոլիգոն՝ ԻՊ-ի մարտիկներ պատրաստելու համար, և նրա պահվածքն էլ հիշեցնում է Իսլամական պետությանը: Մեր թղթակիցը նշել է, որ հատկապես ցնցող էր ազգությամբ եզդի զինվորի վայրագ սպանության դեպքը: Նա նաեւ հիշեցրել է Թալիշ գյուղում երեք տարեց մարդկանց խոշտանգումը ադրբեջանցի զինվորականների կողմից, եւ հարցրել, ինչպե՞ս է ՄԱԿ-ը գնահատում այս ամենը, մի՞թե ՄԱԿ-ը մտադիր չէ որչէ կերպ արձագանքել:

Աննա Նազլոյանի հարցին ի պատասխան ՄԱԿ-ի խոսնակը  զարմացած և շփոթված տեսք է ընդունել, ասել է, որ իրենք ոչ մի նման տվյալ չունեն և չեն իմացել:

«Ես ասացի, որ կան ֆոտո և այլ բազմաթիվ ապացույցներ: Ինչից հետո նա նշեց, որ կճշտի և կանդրադառնա այդ հարցին: Համենայն դեպս՝ սա հուսադրող է, հարցը չհերքվեց, չարհամարհվեց, և ես կփորձեմ անպայման իրենց հիշեցնել այդ հարցը»,- փոխանցում է մեր թղթակիցը` հիշեցնելով, որ «ՄԱԿ-ը առաջին հերթին ստեղծվել է որպես մարդու իրավունքների գլոբալ պաշտպան և չի կարող չարձագանքել նման զարհուրելի գործողություններին»:

ՄԱԿ-ում տեղի ունեցած բրիֆինգի տեսանյութում մեր թղթակցի հարցը` 15-րդ րոպեից: 

 

Նախորդ հոդվածը‘Ամերիկացիները Թրամփին զրկում են Փառքի ծառուղու աստղից’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են’