‘iLur անոնս. Հարցազրույց Արեգ Գեւորգյանի հետ’

1430

iLur անոնսը ներկայացնում է. տրանսպորտային խնդիրը, իշխանական քարոզչութունը, Տարոն Մարգարյանի եւ ավագանու կոռումպացվածությունը, գծատերերի դիրքավորումը, քաղաքականի եւ քաղաքացիականի փոխհարաբերությունը, ինչպես նաեւ՝ այն մասին, թե հաղթանակից հետո ինչ պետք է լինի Արեգ Գեւորգյանի հետ՝ հարցազրույցի առաջին մասում:

Ամբողջական տեքստը մեր կայքում կարդացեք երեկոյան:

Կարեւոր մեջբերումներ հարցազրույցից.

«Վճարել 100 դրամ» ակցիայի մասին

«Եվ այս անգամ էլ մենք չխուսափեցինք քաղաքական-քաղաքացիական արհեստական տարանջատումներից, ինչը որևէ տրամաբանական հիմք չունի: Սակայն դրանք, համեմատած նախկին տարիների հետ, զգալիորեն նվազել էին»:

«Հաջողություններից մեկը ամենատարբեր քաղաքացիների, քաղաքացիական նախաձեռնությունների և քաղաքական ուժերի ներկայացուցիչների համագործակցությունն էր: Եթե կա անկեղծ, ազնիվ  պայքար ռեժիմի դեմ, ապա այդ համագործակցությունը միշտ կա ինքնըստինքյան՝ առանց հատուկ ջանքեր գործադրելու, բայց այստեղ մենք տեսանք նաև համագործակցություն կոնկրետ քննարկումների, գործողությունների ժամանակ, ինչը ողջունելի էր և այս ծավալով, կարելի է ասել, աննախադեպ»:

 

Գծատերերի եւ Տարոն Մարգարյանի մասին

«Այս առումով գծատերերին թիրախավորելը այդքան էլ արդյունավետ չէր՝ հաշվի չառած այն գծատերերին, որ նաև քաղաքականության մեջ են և քաղաքական պատասխանատվություն են կրում: Գծատերերը նույն գործարարներն են, որ ունեն տնտեսական շահ և հետապնդում են այդ շահը: Նրանք այնպիսի պայմաններում են, որ իրենց գոյատևումն էլ շատ դժվար է. պարտավոր են տալ ատկատներ, գծի աշխատանքի համար՝ կաշառքներ տարբեր կառույցների, հավելյալ հարկեր վճարել և, ամենակարևորը՝ ստիպված են ծառայել իշխանություններին ընտրությունների ժամանակ: Նրանք այն բազմաթիվ օղակներից մեկն են, որ ծառայում են իշխանությունների վերարտադրմանը, բայց ծառայում են բացառապես որպես գործիք, այլ ոչ որպես գործընկեր»:

«Ամբողջ ավագանու մեծամասնությունը ապօրինի կերպով հարստություն կուտակած և ապօրինի կերպով ընտրված մարդիկ են՝ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ: Վերջինս այդպես էլ չբացատրեց, թե որտեղից իրեն այդ 10 մլն ունեցվածքը: Եթե քաղաքապետարանի գործունեության շրջանակներում կա մեկը, որը պիտի անհապաղ հրաժարական տա, դա Տարոն Մարգարյանն է»:

 

Քաղաքականի ու քաղաքացիականի մասին

«Իշխանությունների միակ վախը ցանկացած հարցի քաղաքականացումն է»:

«Շոշափելի, ամուր արդյունքի հասնելու համար հարկավոր է, որ ինքնակազմակերպված քաղաքացիական խմբերը ուշ թե շուտ կա՛մ իրենք վերածվեն իշխանափոխության հավակնություններ ունեցող քաղաքական ուժի, կա՛մ միանան այդպիսի նպատակներ ունեցող ուժին»:

Մամուլի մասին

«Ողջ ռեժիմամետ մամուլը հանկարծ սկսել էր մտահոգվել քաղաքացիների բարոյահոգեբանական վիճակով. հասարակական անտարբերությունը, հուսահատությունը, պայքարելու և ընդհանրապես Հայաստանում ապրելու ցանկության բացակայությունը ներկայացվում էր որպես բացարձակ ճշմարտություն»:

Պայքարի եւ հաղթանակի մասին

«Հաղթանակը, ինչքան էլ որ զարմանալի է, կարող է այդքան էլ ցանկալի չլինել որոշ շրջանակների համար: Այն, կարելի է ասել, վերջը չէ, այլ հակառակը՝ սկիզբն է քրտնաջան և երկարատև սևագործ մի աշխատանքի, որտեղ անհրաժեշտ է պատասխանատվություն: Հաղթանակից հետո հարկավոր է ապացուցել պատերազմի անիմաստ չլինելը, իրականացնել  այն նպատակները, հանուն որոնց և կերտվել է այդ հաղթանակը»:

Նախորդ հոդվածը‘Վանաձորում ազատամարտիները բողոքի ցույց էին կազմակերպել’
Հաջորդ հոդվածը‘Թիվ 38-ում մնացին պատգամավորության երեք թեկնածուներ ‘