‘iLur Անոնս. Հարցազրույց Ռուզաննա Գրիգորյանի հետ’

1750

iLur անոնսը ներկայացնում է. տրանսպորտային խնդիրը, լրատվական դաշտի վիճակը, քաղբանատարկլայների հարցը, արժեհամակարգի փոփոխության մեթոդները, քաղաքականի եւ քաղաքացիականի փոխհարաբերությունը, ինչպես նաեւ՝ իրավագիտակից փիսոն՝ Ռուզաննա Գրիգորյանի հետ հարցազրույցում

Ամբողջական տեքստը մեր կայքում կարդացեք երեկոյան

Կարեւոր մեջբերումներ հարցազրույցից

«Վճարել 100 դրամ» ակցիայի եւ տրանսպորտային խնդիրների մասին

«Բոյկոտել, չենթարկվել հակասոցիալական և հակաիրավական որոշումներին»:

«Գծատերերը շահագործում են վարորդներին՝ նրանց ամենօրյա ծանր, չարքաշ աշխատանքի հաշվին ստանալով գերշահույթներ։ Եվ հաճախ նրանք պետական պաշտոնյաներ են, ինչը հակասահմանադրական է, քանի որ պաշտոնյան իրավունք չունի զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ»:

«Այս վերջին շարժման ընթացքում քաղաքացիական և քաղաքական տարբեր դիրքորոշումներ ունեցող անհատներ և խմբեր կարողացան հավաքվել մի խնդրի շուրջ և գործել համերաշխության և համագործակցության մթնոլորտում։ Անձամբ ինձ համար սա հրաշալի նախադեպ էր»։

Քաղբանտարկյալների մասին

«Քաղաքական բանտարկյալների առկայությունը իրավական, դեմոկրատական երկրում, ինչպիսին Հայաստանն է, անթույլատրելի է։ Իրականում նման բան կարող է պատահել հանրային կյանքում ակտիվ ցանկացած մարդու հետ, ուստի այս հարցի վերաբերյալ դիրքորոշում ունենալը և աջակցությունը խիստ կարևոր են քաղաքացիական կեցվածք ունեցող ցանկացած մեկի համար»։ 

Լրատվական դաշտի եւ ազատ խոսքի մասին

«Ես՝ որպես քաղաքացի, չեմ պատրաստվում հանդուրժել ուղղորդված լրագրությունը, ազատ խոսքի և տեղեկացվածության իրավունքը մշտապես ոտնահարող մամուլը, որ սպասարկում է ոչ թե հանրային շահը, այլ վարչախմբի շահը: Իմ իրավունքն է դիմադրել դրան, ինչպես ոստիկանությանն եմ դիմադրում, երբ, օրինակ, ոտնահարում է խաղաղ հավաքներ անելու իմ իրավունքը»։

Քաղաքապետարանի մոտ նստացույցի մասին

«Մենք կանգ ենք առել պատասխանատվության հարցի առաջ. հանրային օրակարգ բարձրացված խնդիրները չեն լուծվել իրավական հարթության մեջ։ Ուզում եմ, որ վերջապես ստեղծենք նախադեպ, երբ անօրինական որոշում կայացրած հանրային ծառայողը պատասխանատվության է ենթարկվում իր ապօրինությունների համար»:

Ոստիկանության եւ իրավագիտակցության մասին

 «Օրինակ՝ ոստիկանին ստիպում ես խոսել իրավունքի լեզվով և չես մտնում նրա խաղի կանոնների մեջ։ Հիշեցնում ես իր պարտականությունները, թույլ չես տալիս դուրս գալ իր լիազորությունների շրջանակից, խնդրում ես, որ «քուրիկ ջան»-ի փոխարեն քեզ դիմի «քաղաքացի»։

«Եղել են դեպքեր, երբ ոստիկանները խոստովանել են, որ ակցիաների ընթացքում քաղաքացիների հետ շփվելուց հետո ստիպված են եղել օրենքներ սովորել»։   

Քաղաքականության եւ քաղաքացիական շարժումների մասին

«Քաղաքացիականն ու քաղաքականը ընդհանրապես չեն հակադրվում միմյանց»:

«Եթե դու հանրային գործունեությամբ ես զբաղված, պարզ է, որ քաղաքական դաշտում առկա ուժերը պիտի փորձեն ունենալ իրենց շահերը, դու էլ պիտի ձևակերպես քո շահերն ու նպատակները և հետևողականորեն դրանք առաջ տանես»:

«Լուրջ համակարգային փոփոխությունների համար, կարծում եմ, զուտ քաղաքացիական պայքարը բավարար չէ. պետք են քաղաքական հավակնություններ ունեցող ուժեր՝ հստակ քաղաքական ծրագրերով»։

Արժեհամակարգի փոփոխության մասին

«Դժվար էր պատկերացնել, որ Երրորդ մասի արժեհամակարգը կրող տղան կանգառում թռուցիկ կբաժաներ, բայց դա տեղի ունեցավ»։

«Դուրս ես գալիս փողոց և գործում ես, իրացնում ես քո իշխանությունը, ստեղծում ես քո իրականությունը։ Անգամ եթե սխալվում ես, ձախողվում ես, դրանք ընդունում ես որպես մարտահրավեր, դասեր ես քաղում, շարժվում ես առաջ»։

«Եթե նախկինում փողոցում լինելը ասոցացվում էր փողոցային խուժանի և անբարո երևույթների հետ, ապա այսօր փողոցն է այն վայրը, որտեղ կարելի է դառնալ քաղաքացի»։

 

Նախորդ հոդվածը‘Երեւանում այսօր չորս հեծանվային կանգառ կտեղադրվի’
Հաջորդ հոդվածը‘Սիրիայում դարձյալ հայ զինվոր է զոհվել’