‘iLur Բլոգ. Աշխարհը սպասում է քաղցկեղի դեմ նոր դեղամիջոցի փորձարկումներին’

2961

Սթենֆորդի համալսարանի գիտնականները հուսով են մոտ ժամանակներս մարդու վրա փորձարկել քաղցկեղի դեմ բոլորովին վերջերս  հայտնաբերված նորագյուտ մի «զենք», գրում է Նյու Յորք Փոսթը։ Փորձարկումներին մասնակցել ցանկացող կամավորների քանակն անընդհատ աճում է։

Նոր դեղամիջոցի մասին հաղորդագրությունը տրվել է մոտ երկու ամիս առաջ դոկտոր Իրվ Վեյսմանի կողմից, ով ստեղծել է քաղցկեղի բջիջների դիմադրունակությունը ոչնչացնող բացառիկ հակամարմին։

Եթե CD-47 անվանված պրոտեինը մարմնի իմունային բջիջներին «հաղորդում» է չուտել քաղցկեղի բջիջները, ապա դոկտոր Վեյսմանի մշակած հակամարմինն արգելափակում է CD-47-ը և ազատում մակոֆագներին (իմունային բջիջների տեսակ), որոնք էլ իրենց հերթին արդեն կարողանում են շրջապատել և ոչնչացնել քաղցկեղի բջիջները։

Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ հրաշագործ մակրոֆագները գործում են որպես մարմնի քննիչ-հետախույզներ՝ մատնացույց անելով քաղցկեղի բջիջները դրանց դեմ պայքարող NKT (Natural Killer T) կամ այլ կերպ՝ CD8+T բջիջներին (դրանք գոյանում են ուրցագեղձում)։ Վերջիններս, գիտնականների պնդմամբ, սովորում են հայտնաբերել, հետապնդել և որսալ քաղցկեղի բջիջները։

Այս ուսումնասիրությունը կրկին հետաքրքրություն է արթնացրել մակրոֆագների՝ տասնամյակներ շարունակ անտեսված մի հատկության նկատմամբ, այն է՝ NKT բջիջներին հակագեների մատակարարման հարցում նրանց ունեցած դերը։ Երկար տարիներ հետազոտողները կենտրոնանում են բուսաբջիջների (dendritic cells) վրա՝ որպես հակագեների աղբյուրի, իսկ մակրոֆագները գերադասում են դիտարկել որպես հակագեների քայքայման գործում մասնագիտացած մարմինների, ոչ թե դրանք տրամադրելու։ Այս հետազոտությունը ցույց է տալիս, որ մակրոֆագները կարող են արդյունավետորեն գործել նաև որպես հակագեների աղբյուր և CD8+T բջջային ազդակի ուժգին խթանիչներ։

— Ամենաանսպասելին CD8+T բջիջների ակտիվացումն էր այն ընթացքում, երբ մակրոֆագները CD-47 պրոտեինն արգելափակող հակամարմինների առկայությամբ սկսում են շրջապատել քաղցկեղի բջիջները,- ասում է դոկտոր Վեյսմանի հետ համագործակցող ուսանող, գիտ. թեկնածու Դայան Ցենգը (Diane Tseng)։

Այս հետազոտության կլինիկական գործարկումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ քաղցկեղի դեմ պայքարում։

Երբ մակրոֆագները CD8+T բջիջներին տրամադրում են հիվանդի քաղցկեղի յուրահատկությունների մասին տեղեկությունները, վերջիններս կարծես հատուկ «առաջադրանք» են ստանում և վեր են ածվում հենց այդ քաղցկեղի դեմ պատվաստանյութի։

— Քանի որ NKT-բջիջները զգայուն են դառնում որոշակի քաղցկեղի հանդեպ և սկսում են հետապնդել այն, CD-47 պրոտեինն արգելափակող հակամարմինների կառավարումը ինչ-որ իմաստով գործում է որպես մասնավոր պատվաստում այդ քաղցկեղի դեմ,- ասում է Ցենգը։

Սթենֆորդի համալսարանի գիտահետազոտական խումբը 2014 թ. ծրագրում է սկսել քաղցկեղի բուժման առաջին փուլի փորձարկումները մարդու վրա՝ 10-100 անձի ընդգրկմամբ։

Վազգեն Ղազարյան

Հեղինակի մյուս նյութերը

«Բլոգ» բաժնի մյուս նյութերը և հեղինակները

 

Նախորդ հոդվածը‘Բիզնես և իշխանություն’
Հաջորդ հոդվածը‘Ովքե՞ր են Տեր-Պետրոսյանին որպես «զիջող» ներկայացնում’