‘iLur Բլոգ. Գրողը’

2758

Արմեն Մարտիրոսյան

Որոշ գրականագետների կարծիքով` վերջին հայ գրողը, ով իսկապես համընթաց էր քայլում համաշխարհային գրականության մեջ իշխող հոսանքներին ու զարգացումներին, Եղիշե Չարենցն էր, հատկապես` իր ֆուտուրիստական շրջանում: Նրանից հետո մենք, տարբեր հանգամանքների բերումով նաև, ստիպված ենք եղել վազել-հասնել, երբեմն նույնիսկ չհասնել աշխարհում եղած գրական հոսանքների ետևից:

Ժամանակակից հայ գրողները կարծես թե համեմատաբար ավելի լավ դրության մեջ են, կրկին տարբեր հանգամանքների բերումով, բայց, այնուամենայնիվ, փաստ է, որ այդպես էլ չենք կարողանում մեր գրականությունը, մեր գրողներին դուրս բերել միջազգային ասպարեզ: Իհարկե, կան որոշ գրողներ, որոնք ունեն թարգմանված գրքեր, սակայն դրանց մեծագույն մասը հրատարակվել է ավելի շատ մշակութային կապեր ստեղծելու կամ ամրապնդելու համար և չի հետապնդել` շահ, այն է` վաճառել, հասցնել տեղի ընթերցողին և այդ գումարով ստեղծել նոր արժեքներ, և այլն: Այլ խոսքով` դրանք հիմնականում անձնական փոքրիկ փառասիրութուններ բավարարելու միջոց են եղել:

Այս ամենը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, որտեղ հենց իրենց` գրողների մեղքի բաժինը առաջին հայացքից նույնպես քիչ չէ: Օրինակ` կարող ենք ասել, որ մեր գրողներից շատ քչերն են եղել արտասահմանում, շատ քչերն են տիրապետում օտար լեզվի, չգիտեն համաշխարհային գրական հոսանքների, գրողների, գրական միտումների մասին… Բայց մյուս կողմից` հարց է ծագում` ո՞նց գնար, ո՞նց շփվեր…

Ասում են` Հայաստանում միայն մեկ գրող կա, որ ապրում է միայն գրականություն ստեղծելով, մյուսները ստիպված են աշխատել մեկ ուրիշ տեղ, որպեսզի կարողանան ծայրը ծայրին հասցնել կամ չհասցնել, ապրուստի նվազագույն խնդիրներ լուծել: Այսօր գրողը, վստահաբար, չի կարող ապրել միայն հոնորարով, քանի դեռ արտագաղթող Հայաստանում գրքերը տպագրվում են սահմանափակ տպաքանակներով, ընթերցողները քիչ են ու քանի դեռ հայ գրականությունը լույս է տեսնում միայն Հայաստանում ու հայերենով:

Եվ եթե գրողի գրքերը չունեն նորմալ տպաքանակ, եթե գրողը տիրապետում կամ չի տիրապետում օտար լեզվի, արտասահմանում լինում է կամ չի լինում, փաստորեն, շփվում կամ չի շփվում աշխարհի հետ, ո՞նց լինի հայտնի, ո՞նց աշխարհը նրա մասին իմանա, որպեսզի թարգմանի նրա ստեղծագործությունները, տարածի, կարդա…

Կարող ենք ասել, որ գրողին կարող է վարձատրել պետությունը, ու դեպքեր կան, որ այդպես էլ անում է, բայց այս դեպքում կրկին հարց կարող է ծագել` ո՞ւմ պետք է վարձատրի կամ ո՞ւմ է վարձատրում` ո՞ր գրողին, գրողի՞ն, թե՞ չգրողին, Գրողների միության անդամի՞ն, թե՞ չանդամին, լռելո՞ւ, թե՞ գրելու, ուզած կամ չուզած կարծիքը լսելո՞ւ համար, դա էլ կախված է գրողից: Ինչպես ասում են՝ գրող էլ կա, գրող էլ:

Այ այստեղ է, որ բախվում ենք մեկ այլ կարևոր խնդրի` Հայաստանյան գրական դաշտում չկա չափանիշների ու արժեհամակարգի հստակություն:

 ՀՀ Մշակույթի նախարարությունն ամեն տարի պետպատվերով ու պետաջակցությամբ հարյուրից ավելի անուն գրքեր է տպագրում: Պետպատվերին դեռ կանդրադառնամ: Այժմ մի քանի խոսք գրական միավորումների մասին:

Իմ համոզմամբ` Գրողների միությունը անպետք, խանգարող միություն է: Չգիտեմ` որ արարքի համար են մեզ` Հայաստանի բաժնետերերիս, պատժել` վերցնելով մեզնից և տալով այդ հասարակական կազմակերպությանը հրաշալի շենք Երևանի կենտրոնում, գրողներին հանգստյան տուն` Ծաղկաձորում, պետական բյուջեից դեպի այդ ՀԿ տարբեր ճանապարհներով հոսող գումարներ, որոնք շատ քիչ են ծառայում հենց գրողներին: Գրողների միության շենքը կարող էր դառնալ հոյակապ գրախանութ: Ամբո~ղջ շենքը:

Ու շատ լավ է, որ Գրողների միությունից զատ, Հայաստանում արդեն ձևավորվում ու եռանդուն գործունեություն են ծավալում այլ գրական միավորումներ, որոնք ապացուցում են, որ առանց շենքային, ծաղկաձորային ռեսուրսների, պետական ֆինանսավորումների, կարելի է գրողանպաստ գործունեություն ծավալել: «Ինքնագիր», «Գրանիշ» գրական ակումբները գրողների միավորման ժամանակակից ձևեր են: Հետաքրքիր կառույցներ են` իրենց առավելություններով ու թերություններով հանդերձ: Կուզեի, որ մի քիչ ավելի աշխույժ աշխատեին:

Մի քանի խոսք էլ գրողների իրավունքների և ստանձնած պարտավորությունների կատարման մասին: Ցավոք, Հայաստանում շատ քիչ գրողներ կան, որոնք տիրապետում են հեղինակային իրավունքի տարրերին: Այդ պատճառով է, որ նրանց մեծամասնությունը աշխատում է որ հրատարակչության հետ պատահի, ինչը խրտնեցնում է հրատարակիչներին, որովհետև նման դեպքերում միշտ մտավախություն կա, որ որևէ գրողի ստեղծագործության, անվան մեջ ներդրված միջոցները կարող են ծառայել մրցակցի գործին: Գրողները պետք է հասկանան, որ գրող-հրատարակիչ կամ գրող-գրական գործակալ-հրատարակիչ կապը պետք է տևի ավելի երկար ու լինի ավելի կայուն, որպեսզի արդյունքներ լինեն: Մոտավորապես այնպես, ինչպես, օրինակ, շոու-բիզնեսում է, երբ պրոդյուսերը ներդրում է կատարում և սկսնակ երգչին դարձնում է հայտնի ու պահանջված: Հրատարակչությունից հրատարակչություն վազվզող, փոքրիկ, կարելի է ասել` առօրեական խնդիր լուծող շահեր հետապնդող գրողները, ի վերջո, դատապարտված են անհայտության: Գոնե մեր ժամանակներում այդպես է:

Գրողը պետք է հասկանա, որ գրականությունը, հոգևոր արժեք լինելուց զատ, նաև բիզնես է: Թեկուզ և՝ այս փուլում շատ ներդրումներ պահանջող և քիչ եկամտաբեր:

Հեղինակի մյուս նյութերը

«Բլոգ» բաժնի մյուս նյութերը և հեղինակները

Նախորդ հոդվածը‘Դմիտրի Հարությունյանը կալանավորվեց’
Հաջորդ հոդվածը‘Կեղծ հայտարարություն Կոնգրեսի անունից’