‘iLur Բլոգ. Թուրք ազգայնականը «Գորշ Գայլեր»-ի նշանով լուսանկարուած է Երեւանի մէջ’

2867

Սագօ Արեան

«Ասեմ,  որ Հասան Օքթայը,  որի լուսանկարներին ակնարկում էք,  անդամ է Թուրքիոյ  «Գորշ Գայլեր»    ազգայնական շարժման կուսակցութեան: Նա Կովկասի   ռազմավարական հետազոտութիւնների կենտրոնի ղեկավարն է, եւ նրանց պաշտօնական կայքը կոչւում է ՝ www.kafkassam.net: Ես  գիտեմ, որ   էդ կուսակցութիւնը    ծայրայեղ հայատեաց է,    բայց որպէս Հայաստանի քաղաքացի՝  ես  այդ կուսակցութեան որեւէ անդամի հետ հանդիպելու ոչ մի խնդիր չունեմ»,-ասոնք   «Ազգ»  թերթի   յօդուածագիր  Յակոբ Չաքրեանին խօսքերն են, որուն նկարները՝  Հասան Օքթայի հետ  կարգ մը այլ մարդոց  նկարներուն հետ այսօր    շրջանառութեան մէջ դրուեցան  տարբեր լրատուամիջոցներով:

Յակոբ Չաքրեան նաեւ յստակեցուց,   որ  Օքթայ  առաջին անգամը չէ,   որ կ’այցելէ Երեւան եւ իր այցերու  ընթացքին բազմաթիւ հանդիպումներ ունեցած է ու նոյնիսկ  այցելած է իրեն՝     «Ազգ»ի խմբագրատուն. «Ես իրեն զգուշացրել եմ, որ մեր աշխատողներին հանգիստ թող,  եւ եթէ ուզում ես լուսանկարվել՝  իմ հետ նկարվի: Ասեմ,  որ նա լուսանկարվել շատ է սիրում  եւ   ուզում էր «Ազգ»ի աշխատակիցներին հետ նկարվել»:

Չաքրեան նաեւ ըսաւ,   որ Օքթային   կ՛ընկերանայ  «Անատոլու»  լրատուական  գործակալութեան լրագրող   Օկիւն Տուրուն,  եւ անոնք միտում ունին  «Անատոլու» գործակալութեան գրասենեակ  բանալ Երեւանի մէջ:  Ըստ Չաքրեանի,  ՀՀ Արտաքին Գործերու նախարարութիւնը   մօտէն կը հետեւի  այս  հարցին,  որովհետեւ գործակալութիւնը պետական է,  եւ  պէտք է արժանանայ պետական վերաբերմունքի. «Ասենք եթէ «Անատոլու»  գործակութիւնը բացուի Երեւանում,  այդ   դէպքում պէտք է հայկական  պաշտօնական կողմը պահանջ դնի,  որ  ՀՀ- ն ներկայացնող  պաշտօնական լրատուական գործակալութիւն իրաւունք   ստանայ  գրասենեակ  ունենալ ասենք  Իսթանպուլի   մէջ»,-ըսաւ Յակոբ Չաքրեան, աւելացնելով,   որ թուրքերը լաւ  գիտեն իր կեցուածքներն  ու գիտեն նաեւ,  որ   ինք լաւ կը ճանչնայ  այդ շարժումներն ու անոնց  հետապնդած քաղաքականութիւնը: Չաքրեան քանիցս գրած է թուրք ազգայնակններուն  դէմ.  «Երբ Էրտողանի կառավարութեան նախաձեռնութեամբ  2012-ի  26  Փետրուարին   Պոլսոյ մէջ  ցոյց մը կատարուեց (որուն համար, ըստ Չաքրեանի,  Թուրքիան Ազրպէյճանէն Երկու Միլիառ Տոլար    ստացած էր-Ս.Ա) «Խոճալուի  զոհերի ոգեկոչման ցոյց» խորագրով, եւ   որի ընթացքին  ցուցարարները  հայերին կոչեցին վիժուածքներ, այդ առիթով ես  մի   յօդուած   գրեցի՝   նշելով, որ վիժուածքները ոչ թէ հայերն են,  այլ  այն   ոհմակը,  որ  հաւաքուած  է Իսթանպուլի մէջ»:

Յակոբ Չաքրեան նաեւ   պատմական փաստի մը մասին խօսելով՝ ըսաւ.   «Նոյն «Գորշ գայլերու» հիմնադիր Ալփասլան Թիւրքէշ  1993   թուին Ղարաբաղ թուրքեր  էր ուղարկում  ու այդ   մասին ես գրել եմ,  որ   Ղարաբաղ թաքուն կերպով գալով,   նրանք նոյնիսկ  «նահատակ» կոչուելու պատւից զրկուեցին  ու,   վախենալով զէնքը շպրտեցին ու փախան իրենց եղբայրների հետ ու էդ ժամանակ  ես գրել եմ, որ իրենք ոչ թէ նահատակ դարձան,   այլ ՝ էշ նահատակ»:

  Չաքրեան նկատել տուաւ, թէ Հասան Օքթայ   յաճախ կուգայ Հայաստան, ու ինք վերջինիս   հանդիպած է, բայց   ինչ կը վերաբերուի  անոր՝  «Գորշ Գայլեր»-ու  նշանով նկարներուն, ապա այդ խնդրով, ըստ Չաքրեանի,    Հայաստանի  ԱԱԾ ծառայութիւնները  պէտք է մտահոգուին. 

Ֆեյսպուքեան իր էջին վրայ Օքթայի  լուսանկարները զետեղած է նաեւ  հայաստանցի Տաթեւիկ Սարգսեանը, ով յայտնեց, թէ  որպէս լրագրող   «Անկախ» (www.  ankakh.com)կայքին մէջ լուր մը տեղադրած էր «Անատոլու»  լրատուական  գործակալութեան  երեւանեան  գրասենեակի   հիմնումին մասին: Տաթեւիկ նաեւ յայտնեց, թէ ինք ճիշդ չի համարեր,  որ  որեւէ լրատուական կայք գրէ   Օքթայի ու իր ընկերակիցին ծրագրին մասին:

«Գորշ Գայլեր»-ի նշանով Հասան Օքթայի եւ իր ընկերոջ  լուսանկարները, իրօք,  հեգնական ինչ-որ երանգ կը հաղորդեն,  ու այս առումով Սփիւռքի  ու Հայաստանի տարբեր  Ֆէյսպուքեան օգտատերէր   տարբեր  արձագանքները ձգած են  լուսանկարին տակ՝ընդհուպ մինչեւ հայհոյանքներ:

 

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Սերժիկ Սարգսյանը Շարլիզի ու Իզաբելի հացը կտրեց ‘
Հաջորդ հոդվածը‘«Հարսնաքարի» գործով ամբաստանյալը պնդում է, որ անմեղ է’