‘iLur Բլոգ. Թքա՛ծ էդ տեսակ կյանքի վրա’

3320

Սեդա Մեսրոպյան

Բելա Բիսկու,  Ալֆրեդ Շտորկ, Իոն Ֆիչոր, Ալեքսանդր Վիշինեսկու, Էրիխ Պրիբկե …

Ովքե՞ր են այս մարդիկ: Ի՞նչ ընդհանրություններ ունեն, որ հայտնվել են թվարկվող անունների նույն շարքում: Ի՞նչն է նրանց կապում միմյանց հետ:

Հոկտեմբերի 12-ին Հունգարիայի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել 92-ամյա Բելա Բիսկուին: Նա մեղադրվում է այն բանի համար, որ 1956 թ. իրադարձությունների ժամանակ հրաման է արձակել գնդակահարել ցուցարարներին (սպանվել է 40 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ), մինչդեռ այդ ժամանակ արդեն ապստամբությունն ընդհանուր առմամբ ճնշված է եղել: Բիսկուի փաստաբանները պնդում են, որ նա ընդամենը իշխանությունների հրամանն է կատարել:

Հռոմի ռազմական դատարանը հեռակա կարգով ցմահ ազատազրկման է դատապարտել վերմախտի նախկին զինվոր, 90-ամյա Ալֆրեդ Շտոկին՝ 1943 թ. հունական մի կղզում 117 իտալացի սպաների գնդակահարությանը մասնակցելու համար: Ընդ որում՝ սպանությունը կատարվել էր այն բանից հետո, երբ նրանք հանձնվել էին գերմանացիներին:

Ռումինիայի դատախազությունը ցեղասպանության մեղադրանք է ներկայացրել աշխատանքային ճամբարի նախկին փոխտնօրեն, 85-ամյա Իոն Ֆիչորին, որը մեղադրվում է 103 քաղբանտարկյալների մահվան մեջ: Աշխատանքային ճամբարում պահվում էին կոմունիստների հակառակորդները:

Ավելի վաղ` նույն գործի շրջանակներում ցեղասպանության մեղադրանք է ներկայացվել նաև նույն աշխատանքային ճամբարի տնօրենին՝ 88-ամյա Ալեքսանդր Վիշինեսկուին: Նա ընդունել է մեղքը, սակայն հայտարարել է, որ ընդամենը հրաման է կատարել:

SS-ի նախկին սպա, հոկտեմբերի 11-ին վախճանված 100-ամյա Էրիխ Պրիբկեի  հուղարկավորությունն Իտալիայի մայրաքաղաքում իսկական սկանդալ է առաջացրել: Հռոմի իշխանությունները կտրականապես հրաժարվել են Երկրորդ աշխարհամարտի տարիներին 335 իտալացիների մահապատժին մասնակցած նացիստի դին հողին հանձնել մայրաքաղաքի տարածքում: Նացիստի դին հրաժարվել էին ընդունել նաև Արգենտինան, որտեղ նա ապաստանել էր պատերազմից հետո և երկար տարիներ ապրել կնոջ հետ, և Գերմանիան, որտեղ նա ծնվել էր: Ի վերջո, համարյա մեկամսյա դեգերումներից հետո, Պրիբկեի մարմինը հողին են հանձնել իտալական բանտերից մեկի լքյալ գերեզմանատանը, գաղտնիության պայմաններում: Եկեղեցին արգելել է Պրիբկեի հոգու հանգստության համար պատարագ մատուցել Հռոմի մերձակա Ալբանո քաղաքի եկեղեցում:

Այս բոլոր նախկին հանցագործների տարիքը հատուկ եմ ընդգծել: Եւ դրանցից երկու բան կարելի է եզրակացնել. նախ՝ որ հանցագործները լավ էլ երկար են ապրել… Բայց ոնց որ հայտնի անեկդոտում է ասվում՝ «թքա՛ծ էդ տեսակ կյանքի վրա»: Երևի իսկական պատիժ է նման հանցանքների բեռան տակ կքած՝ այդքան երկար տարիներ ապրել: Թեպետ՝ գուցե և սխալվում եմ, գուցե ես նրանց մասին շատ ավելի լավ կարծիքի եմ, քան արժանի են, գուցե լա՛վ էլ վայելել են կյանքը…

Բայց սրանք այն դեպքերն են, երբ ասում են՝ վերջը բարին լինի:  Ու նրանցից մեկը՝ Էրիխ Պրիբկեն, իր օրինակով «գալիս է» վկայելու, որ «վերջում» ավելի վատ է լինելու: Եւ սա սրանց տարիքներից արված իմ երկրորդ եզրակացությունն է. ինչքա՛ն էլ ապրես, ինչպե՛ս էլ ապրես, ի՛նչ պատճառաբանություններ ու արդարացումներ էլ բերես, նույնիսկ՝ եթե չապրե՛ս էլ, այլ մեռնե՛ս, միևնույն է, վաղ թե ուշ պատասխան ես տալու քո գործած հանցանքների համար: Ու էստեղ կապ չունի, թե երբ ես գործել այդ հանցանքը: Կամ` ում հրամանն ես կատարել: Մեռնե՛ս էլ՝ պիտի  պատիժդ կրես:

Եւ ընդհակառակը. մեռնե՛ս էլ՝ քո ծառայությունները երկրին չեն մոռացվի: Ու եթե նույնիսկ միայնակ վետերան ես՝ քո հուղարկավորությանը կմասնակցեն կենդանությանդ օրոք քեզ չճանաչած մարդիկ անգամ. « Նոյեմբերի 11-ին հարյուրավոր մարդիկ են ժամանել՝ մասնակցելու Մեծ Բրիտանիայի քաղաքացի, Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան, 99-ամյա Հարոլդ Փերսիվալի հուղարկավորությանը: Հարոլդը հարազատներ չուներ, և նրա մահվան մասին տեղական թերթը փոքրիկ ակնարկ էր հրապարակել ու նշել, որ միայնակ վետերանի հուղարկավորության արարողությանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:

Արդյունքում՝ վետերանին հրաժեշտ տալու համար հավաքվել էր մի քանի հարյուր մարդ՝ ինչպես զինվորականներ, այնպես էլ սովորական քաղաքացիներ: Քանի որ դիակիզարանի սրահում բոլորը չեն տեղավորվել, շատերը ծաղիկները ձեռքներին կանգնած են մնացել դրսում՝ անձրևի տակ»:

Համաձայն եմ, որ «չմոռանալու» երկու դեպքերն էլ տխուր են: Բայց երկրորդը՝ այս վերջինը, ինձ համար հուզիչ տխուր է, մինչդեռ առաջինների դեպքում այդ տխրությանն առնվազն զայրույթի ու բավարարված վրեժխնդրության երանգներ են խառնված:

Ու ես նախանձում եմ նրանց, ովքեր այդ զայրույթի ու բավարարված վրեժխնդրության հետ խառը տխրության զգացողությունը կունենան՝ հակառակ իրենց անմեղսունակ չքմեղացումների՝ անխուսափելի պատժից չխուսափած՝ այսօրվա՛ հանցագործների անվանացանկը կարդալիս…

 

Նախորդ հոդվածը‘«Շախտյորը» 2 տարով պայմանագիր է կնքել հայ կիսապաշտպանի հետ’
Հաջորդ հոդվածը‘Բարոզուի և Ռոմպույի համատեղ ուղերձը` Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ’