‘iLur Բլոգ. Հայաստանում հրատարակչական գործի զարգացման հեռանկարները’

3400

Ներկայացվող վերլուծությունները, ըստ էության, Հայաստանում հրատարակչական գործի զարգացման հայեցակարգային դրույթների վերաբերյալ մեր նկատառումներն են, որոնք ընդհանրացվել են բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում: Իմ կարծիքով՝ այդ հայեցակարգը ներառում է հետևյալ 13 կարևոր բաժինները՝

Ընթերցող

Գրող

Թարգմանիչ

Հրատարակիչ

Գրավաճառ

Գրադարանավար

Գրական գործակալ

Գրական հիմնադրամ

Պետության գործառույթներ հրատարակչական գործում

Խթանում, գովազդ, մարկետինգ

Գրքերի էլեկտրոնային ներկայացման առանձնահատկություններ

Գիրքը երեկ, այսօր, վաղը

Հեղինակային իրավունք

 

Սկսենք ընթերցողից:

Ուսումնասիրելով հայաստանյան ընթերցողական շուկան` եկել ենք այն եզրակացությանը, որ մեր երկրում կան մի քանի խնդիրներ այդ դաշտում, որոնք էական են:

Ի սկզբանե էր Բանն

Գովազդային և PR ուղերձների նշանակությունը դժվար է գերագնահատել: Երևի թե բոլորս ենք հիշում հայաստանյան և արտասահմանյան առաջին բրենդերի կայացումը և նրանց ուղերձները՝ «Մերն ուրիշ է», «Մերն անուշ է», «От Парижа до Находки — Омса лучшие колготки», «Վայելեք գերագույն հաճույք», «Галина Бланка — Буль Буль», «Ням-ням, покупайте Микоян», «Чистота — чисто Tide», «Мезим — для желудка незаменим», «Snickers. Не тормози — сникерсни», և այլն:

Լավ մտածված ուղերձները դառնում են ոտանավոր կամ երգ հիշեցնող բառեր, նախադասություններ, միտք, և սպառողից սպառող փոխանցվելով՝  ուժեղացնում են բրենդի դիրքերը՝ ստեղծելով համապատասխան դիրքավորում (позиционирование):

Եթե ուղերձը դրական է, նպաստող, բրենդն ուժեղանում է: Եթե ուղերձը բացասական է, բրենդը թուլանում է, կազմաքանդվում:  Ի՞նչ դրական ուղերձներ է մեր հասարակությունը լսել գրքի մասին վերջին 20 տարում կամ անկախությունից սկսած:

Նախ՝ պատերազմ էր, գործը գրքին չէր հասնում: Հետո հաղթանակած գեներալը պատերազմից եկավ տուն՝ մտցնելով նոր մշակույթ, այն է՝ բիրտ ուժի նկատմամբ վախ և հարգանք, սկսեց գնահատվել «հաստավիզը», «ջիպը», «քցելը», «շատ փողը», «սեփականաշնորհումը», և պարզ էր, որ ինտելեկտը կամ դրա նկատմամբ վերաբերմունքը պետք է անցնեին երկրորդ պլան կամ ավելի հեռու, և այս ժամանակաշրջանում սկսեցին ծնվել հակաինտելեկտուալ փառահեղ մտքեր, այսպես կոչված՝ առաջին «ռանգի» պետական գործիչներից, որոնք մինչև ոչ հեռու անցյալում դեռ հնչում էին, օրինակ, այսպես՝ «ես գիրք կարդալ չեմ սիրում», «քաղաքականությամբ զբաղվելու համար գիտելիք պետք չէ» և այլն:

Առաջին հայացքից կասկածով ես վերաբերվում այս ուղերձների ազդեցությանը, սակայն մարկետինգի տեսանկյունից դիտարկելով՝ ակնհայտ է, որ այս և նման ուղերձներն են Հայաստանում գրքի տակը քանդել ու դեռ քանդելու են:

Պետք էր փոխել պետության կողմից հնչող ուղերձը, և դա արվեց 2012 թվականի ամռանը, երբ Խնկո Ապոր անվան գրադարանը հրավիրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին բաց ընթերցումների: Հայաստանցի հեռուստադիտողը, ինտերնետ լուրեր ընթերցողը երկար դադարից հետո տեսավ, որ պետական գործիչը գիրք է կարդում, գրքից է խոսում, գիրքն է կարևորում:

Վրաստանում միջին վրացին տասնինը անգամ ավելի շատ գիրք է կարդում, քան միջին հայաստանցին: Վրացական ոչ ամենամեծ «Բակուր Սուլակաուրի» հրատարակչությունը 2012 թվականին վաճառել է 1,500,000 կտոր գիրք (դասագրքերն այս թվի մեջ ներառված չեն): Վրացիներն ի՞նչ ունեն ընթերցանությունը խթանող, որը մենք չունենք:

Վերջին 7-8 տարիների ընթացքում վրացին ըմբռնել է, որ հաջողության հասնելու համար կա մի ճանապարհ՝ գիտելիք ձեռք բերելը: «Քավոր, սանիկ, խնամի, դասընկեր, քենի, բաջանաղ» կոռուպցիոն կապերը չեն աշխատում կամ գրեթե չեն աշխատում:

Իսկ Հայաստանո՞ւմ:

Ռուսերենի տնաքանդություն

Անգլերենից ռուսերեն թարգմանված և անգլերենից հայերեն թարգմանված նույն գիրքը մեկ տարվա ընթացքում վաճառվել է համապատասխանաբար՝ 17000 դրամով՝ 1200 հատ  և 9900 դրամով 400 հատ: Ի՞նչ եզրահանգումներ կարող ենք անել. թերևս այն, որ մեր ընթերցողների հիմնական լեզուն ռուսերենն է, ավելի շատ հայաստանցիներ պատրաստ են ավելի մեծ գումար վճարել ռուսերենով կարդալու համար:

Շատ ընթերցողներ դիմում են մեզ, որ ժամանակակից հայ գրականությունը թարգմանենք ռուսերեն՝ Հայաստանում վաճառելու համար, քանի որ դա հետաքրքիր է, և նրանք չեն կարդում հայերեն, նրանցից շատերը տանը խոսում են ռուսերեն:

Էլի կատարենք համեմատություն Վրաստանի հետ: 1970-80-ական թվականներին, երբ Հայաստանում մոդա էր երեխային ռուսական դպրոց  ուղարկելը «ծանոթով, բարեկամով, կաշառքով», Վրաստանում հակառակ միտումն էր. մոդա էր վրացական դպրոցում սովորելը: Բացի այդ, Վրաստանում ամենալավ հաճախականություն ունեցող հեռուստաալիքները չեն հեռարձակվում ռուսերենով: Ոչ մի ալիքով ռուսաց լեզվով ֆիլմ չես կարող դիտել: Ես դեմ չեմ ռուսերենին, ես դեմ չեմ անգլերենին, սակայն Հայաստանում բոլոր լեզուների հետ մեկտեղ առավելությունը պետք է տալ հայերենին, քանի որ նույն հեռուստատեսությունն է կրթում, հեռուստատեսությունն է դաստիարակում, ինտերնետն է կրթում, ինտերնետն է դաստիարակում և այլն:

Արդյունքում՝ Վրաստանում հիմնականում կարդում են վրացերեն, շատ կարդում են ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, իսկ Հայաստանում կարդում են քիչ և այդ քչի մեջ՝ ամենաշատը ռուսերեն, էապես քիչ հայերեն, դրանից ավելի քիչ անգլերեն: Երբ Վրաստանում առաջին  վրացալեզու սերիալները դուրս եկան, սկսվեց վրացերենով ընթերցելու գրքի բումը: Քանի տարի է՝ մեզ մոտ արդեն սպասում ենք այդ բումին, մի՞թե չի գալու:

Հայաստանյան գրախանութները չունեն հայերենով բովանդակություն, կամ դա կազմում է ամբողջ տեսականու մի չնչին մաս: Ուստի՝ մինչև հայաստանյան  գրախանութները չունենան հայերենով լիարժեք բովանդակություն («Բուկինիստում», օրինակ, որն ամենամեծ տեսականի ունեցող գրախանութն է Կովկասում, 45,000 անուն գրքից 5000-ն  է ոչ ռուսերեն), և ուրեմն՝ ինչո՞ւ պիտի հայաստանցի ընթերցողը կարդա հայերեն, եթե հիմնական բովանդակությունը տրված է ոչ հայերեն:

Ընթերցանության խրախուսում.

Հայաստանում վերջին 3 տարիների ընթացքում կազմակերպվում են ընթերցանության մրցույթներ:  ՀՀ մշակույթի, ԿԳ նախարարությունները անց են կացնում օլիմպիադա՝ Անտարեսի հետ, ինչը ոչ միայն խրախուսում է ընթերցելը, այլ նաեւ, մյուս կողմից, շահագրգռում է՝ ընթերցողին դարձելով շրջապատի հերոս:

Երբ երեխան ծնվում է, մի քանի օր անց նրան այցելում է տեղական պոլիկլինիկայի մասնագետը եւ գրանցում է՝ այնուհետեւ վերահսկելով առողջական պրոցեսները:

Շվեդիայում, երբ երեխան դառնում է 6 ամսական, նրան այցելում էգրադարանավարը: Գրանցում է գրադարանում եւ ապահովում, այդ հասակից սկսած եւ կյանքի ամբողջ ընթացքում՝ նրա մտավոր առողջությունը: Առողջ լինենք:

Արմեն Մարտիրոսյան

«Բլոգ» բաժնի մյուս նյութերը և հեղինակները

Նախորդ հոդվածը‘Նորվեգիայի օրենքները, հնարավոր է՝ փոխվեն’
Հաջորդ հոդվածը‘Գնդապետ Բուդաղյանը առանց փամփուշտի էր գնացել Սյունիքի մարզպետի տան մոտ’