‘iLur Բլոգ. Հիմնական բնազդ, կամ՝ Թույլ տվեք առարկել, պարոն Ֆրեյդ’

4356

Մամուլում  հրապարակվել է մի լուր՝ «Ուսուցչուհու հարվածից երեխան զրկվել է տեսողության 90 տոկոսից»: Այսինքն՝ գրեթե կուրացել է: Խոսքը վեցերորդ դասարանցի երեխայի մասին է, որին ուսուցչուհին (ով, ի դեպ,  Մասիսի Դարբնիկ գյուղի գյուղապետի կինն է, Մասիսի նախկին ԲՀԿ-ական քաղաքապետ Դմիտրի Նազարյանի խնամին) հարվածել է «առաջադրանքները կատարելու հարցում թերանալու համար»:

Հուսահատություն. անհուսություն, լքումն (հուսալքում), վհատություն, բարոյալքում (բառարաններ):

«Հուսահատություն» բառի հոմանիշներից՝ «բարոյալքում»-ը, ըստ իս՝ հոմանիշային շարքի ամենախիտ ու, մի տեսակ՝ «ամենավիրավորական» իմաստը պարունակողն է: Սա՝ ի միջի այլոց…

«Մտածեցի՝ գնամ դպրոց, որեւէ բան ասեմ՝ ոչ մի արդյունք չեմ ունենա»…

Իմ ըմբռնմամբ՝  հուսահատություն-ը  հոգեբանության գիտակցական մակարդակն է:

Ավստրիացի հայտնի  հոգեբան, հոգեբույժ, հոգեվերլուծության հիմնադիր  Զիգմունդ Ֆրեյդի ուսմունքի հանաձայն՝ մարդու հոգեբանությունը հանդես է գալիս իբրև երեք տարբեր մակարդակների փոխազդեցություն, որոնք նա կոչում է անգիտակից, նախագիտակից և գիտակից մակարդակներ: Հոգեբանության առանցքային բաղադրիչը անգիտակից մակարդակն է, նախագիտակցական և գիտակցական բաղադրիչները բխում են անգիտակցականից` կազմելով դրա վրա հենվող վերնաշենք։ Անգիտակցականը մարդու հոգեբանության խորքային շերտն է, սերում է հիմնական ձգտումներից՝ բնազդներից։ Իսկ հիմնական բնազդը, ըստ Ֆրեյդի տեսության՝ լիբիդոն է՝ սեռական բնազդը:

Ըստ ռուս ֆիզիոլոգ Ի. Պավլովի՝ բնազդները լինում են՝ սննդային՝ սնունդը հայթայթելն ու կուտակելը, պաշտպանական՝ կազմված պասիվ (փախուստը, թաքնվելը) և ակտիվ (ճիրանների, ատամների, եղջյուրների միջոցով) պաշտպանական գործողություններից, ծնողական՝ սերնդի պահպանումը (ձագերի համար բույն հյուսելը, կերի պաշար կուտակելը, կերակրելը և այլն) (ըստ բառարանների): Ինձ հայտնի չէ, թե արդյո՞ք Պավլովը դասակարգել է բնազդի տեսակները՝ ըստ կարևորության. որն է հիմնականը, և որը՝ ոչ այնքան:

Ըստ բառարանների՝

Բնազդ՝  նշանակում է անգիտակից մղում:

«…իրեն հաղթել հնարավոր չէ»…

Այս նախադասությունը նույնպես, համատեքստից դուրս,  կարծես թե ավելի շատ հուսահատություն է արտահայտում:

Բայց դրա տակ ես վախ  տեսա:

Վախ. հոգեկան ընկճված դրություն, որ առաջ է գալիս վերահաս վտանգի ազդեցությամբ կամ անսպասելի-հանկարծակի երևույթներից (բառարաններ):

Գուցե վախն ավելի շատ արտահայտվում է ա՛յս հատվածում.

« Բոլորն այդ ուսուցչուհու համբավը գյուղում գիտեն»…

Բայց համատեքստից դուրս՝ այս նախադասությունն էլ ոչինչ չի ասում վախի մասին. գուցե դույն ուսուցչուհին  լա՞վ համբավ ունի գյուղում, ու բոլորը գիտե՞ն դրա մասին:

Բառարանային բացատրությունից, այնուամենայնիվ, բխում է, որ վախը նույնպես հոգեկանի գիտակցական մակարդակն է ներկայացնում, ուստի այն նույնպես պետք է որ հենվի անգիտակցականի՝ բնազդի վրա: Մարդու գործողությունները, վարքը բնազդային են որակվում, երբ նա դրանք կատարում է առանց նախապես մտածելու։  

« Բոլորն այդ ուսուցչուհու համբավը գյուղում գիտեն, նա միշտ էլ աշակերտների հետ այդ կերպ է վարվել։ Մտածեցի՝ գնամ դպրոց, որեւէ բան ասեմ՝ ոչ մի արդյունք չեմ ունենա, իրեն հաղթել հնարավոր չէ»…

Հիմա, ես կուզենայի հարցնել պարոն Ֆրեյդին (եթե դրա հնարավորությունն ունենայի)՝ ինչի՞ վրա է հիմնվում այս ծնողի հուսահատ (բարոյալքված) ու վախեցած հոգեկան աշխարհը: Որովհետև եթե այդ հոգեկան աշխարհի հիմքը պաշտպանական կամ ծնողական բնազդները չեն, ապա, իմ պատկերացմամբ՝ այն պարզապես կախված է անդունդի վրա ու ամեն վայրկյան կարող է գահավիժել ցած: Ինչպե՞ս է ստացվել, որ ծնողական բնազդն ա՛յս աստիճան ընկրկել է վախի ու հուսահատության առջև: Ինչպե՞ս է ստացվել, որ ծնողների աչքի առաջ երեխան տուն է եկել լաց լինելով, աչքը կարմրած, արնակալած, ուռած, ու նրանց մեջ չի արթնացել բնազդը՝ իրենց ձագին պաշտպանելու բնազդը: Չէ, հաշվեհարդարի կոչ չեմ անում: Ուզում եմ հասկանալ է՛ս աստիճանի համակերպվածության պատճառները, ու էդ հասկանալու ճանապարհին գալիս, նորից ու նորից դեմ եմ առնում  հասարակության մեջ բուն դրած հուսալքությանը և վախին, որոնք, եթե հավատալու լինենք Ֆրեյդի տեսությանը, պետք է որ  բնազդի վրա հիմնված վերնաշենքը լինեին…Ի՞նչ անեմ: Առարկե՞մ Ֆրեյդին: Բայց ես «էդքան չկամ» ախր: Այնուամենայնիվ՝  համարձակվեմ առարկել. պարոն Ֆրե՛յդ,  գուցե և մեծ հաշվով սխալվում եմ, բայց այս պարագայում ինձ համար հիմնականը ծնողական բնազդն է, ու դրա առջև պիտի ընկրկեին մնացած բոլոր գիտակցականներն ու ենթագիտակցականները, ծնողը պետք է անգիտակից կերպով մղվեր պաշտպանելու իր զավակին: Այդպես կվարվեին, համոզված եմ, կենդանական աշխարհի բոլոր անգիտակից ներկայացուցիչները, որոնց մեջ վախն ու բարոյալքումը, բարեբախտաբար, չեն հասել գիտակցականի մակարդակին: 

Սեդա Մեսրոպյան

Հեղինակի մյուս նյութերը

«Բլոգ» բաժնի մյուս նյութերը և հեղինակները

Նախորդ հոդվածը‘Պիկասոյի, Շագալի, Դալիի եւ այլոց աշխատանքները կցուցադրվեն Երեւանում’
Հաջորդ հոդվածը‘Լարված իրավիճակ քաղաքապետարանի մոտ (ուղիղ)’