‘iLur Բլոգ. Որքան արագ է պտտվում այս անիծյալ, խենթ մոլորակը’

3841

Օրվա ամփոփումը Մարիամիկն է կատարում՝ մեր պարտաճանաչ, շնորհալի Մուրադյան Մարիամը՝ սովորաբար՝ սուսիկ-փուսիկ, բայց հարկ եղած դեպքում՝ լա՜վ էլ համարձակ մեր աղջնակը, որը նաև շատ լավ հոդվածներ է գրում ու ռեպորտաժներ անում զանազան ակցիաներից:

Նրա կողքի սեղանը զբաղեցնում է մեր «ֆանտաստիկ» «մղձավանջը»՝ Հովոն կամ Հովսեփը Կուբատյան: «Ֆանտաստիկն» ու «մղձավանջը» Հովոյի, էսպես ասած՝ ֆիրմային բառերն են, ու նա էդ բառերով է բնորոշում ամե՛ն ինչ՝ մարդկանց, լուրերը, հոդվածները, մինչև իսկ՝ սուրճը ու ամենասովորական, ասենք՝ բուլկին:  Ի դեպ, Հովոն, ի թիվս կայքի հետ կապված ամենաբազմազան գործունեության՝ ժամանակ առ ժամանակ նաև շատ լավ հետաքննական հոդվածներ է գրում, ու վա՜յ նրան, ով կհայտնվի այդ «ֆանտաստիկ» «հետաքննության» թիրախի դերում՝ կատարյալ«մղձավանջ»

Սա, պայմանականորեն ասած՝ «չծխողների» սենյակն է, ու «մղձավանջ» Հովոն ամեն կերպ պայքարում է սենյակի այդ «կարգավիճակն» անխաթար պահելու համար: Հաճախ՝ ապարդյուն:

«Քրիստի՜կ, դադարեցրու էդ մղձավանջը».  Հովսեփն իրենց սենյակից ձայն է տալիս Քրիստիկին՝ մեր Խանումյանին, որը մեր ընդհանուր «ծխողների» սենյակում  հաջողեցնում է միաժամանակ և՛ բարձր երաժշտություն լսել, և՛ ձայնակցել՝ օպերայի արիա լինի թե ռոք-մոք, և՛ նյութեր ստանալ ու կարդալ-խմբագրել դրանք, և՛ հանձնարարություններ տալ լրագրողներին ու նաև ինքը հոդվածներ գրել, դա էլ հերիք չի՝ ժամանակ առ ժամանակ, իսկ ավելի ստույգ՝ ամբողջ ժամանակ Կարենի հոգու հետ խաղալ:

Թովմասյան Կարենը մեր ուրախությունն է: Ոնց որ մի անգամ Քիրամիջյան Դավիթը, ըստ իս՝ չափազանց դիպուկ բնորոշեց՝ Կարենի խոսքի մեջ էնքան խինդ կա, որ խոսքն անհասկանալի է դառնում: Մեռանք ասելով՝ Կարե՛ն, ասելիքդ ասա-պրծի՝ նոր ծիծաղիր, թե չէ որ ծիծաղելով ես պատմում, բան չենք հասկանում: Բայց ո՜ւմ ես ասում:

Իմ և Կարենի միջև Կարապետյան Հակոբն է նստում՝ մեր ազնիվ, շնորհալի, անկաշառ ու անաչառ ինտելեկտուալը, որը, ի հեճուկս էս թվարկածս հատկանիշների՝ անընդհատ ինչ-որ պատմությունների մեջ է ընկնում: Բայց պետք է ասեմ, որ թեև ժամանակակից արժեհամակարգում «ազնիվն» ու «խեղճը» ոնց որ թե հոմանիշներ են դարձել, Հակոբն իր պատմություններից միշտ չափազանց արժանապատիվ է դուրս գալիս, համարյա «գողական»՝ էլի՛ ըստ ժամանակակից արժեհամակարգի:

«Հակո՛բ, Վիլլա-Շ-Բոաշ էր, չէ՞», հարցնում եմ ես Հակոբին ու պարծենում, որ Դավիթի հոդվածները խմբագրել-սրբագրելիս արդեն որոշ անուններ սովորել եմ: Բայց ախր դա ֆանտաստիկա է՝ ֆուտբոլիստների, մարզիչների, թիմերի էդքան անուն ու նույնիսկ մականուն մտապահելը, վա՛յ, Դավիթ, հո դու խելա՞ռ չես…Իսկ ինձ համար, խոստովանեմ՝ իսկական «մղձավանջ»:

Սա iLur-ի «օֆիսային» անձնակազմն է: Բայց մենք ունենք նաև հիանալի հեղինակներ՝ Լիզա Ճաղարյան, Հրանտ-Տեր-Աբրահամյան, Աշոտ Սարգսյան, Առաքել Սեմիրջյան, Գոհար Սիմոնյան, Ռիմա Գրիգորյան, Արման Գալոյան, Միսակ Մարտինյան, Սանասար Հավասարյան (էս վերջին երկուսին ես անձամբ չեմ տեսել, բայց գիտեմ, որ իրենք կա՛ն):

Բա մեր ընտիր խմբագրականներ՜ը…Ինչպես ուստա Հրանտն էր ասել՝ ինքն էն օրը մի անծանոթ մարդու էր հանդիպել, ով ամեն օր կարդում է մեր խմբագրականները: Բա մե՞նք քանի էդպես անծանոթ մարդ կունենանք, չէ՞, որ օրն սկսում են մեր խմբագրականներով: Ա՛ դե ճի՛շտ է ասում Հովոն, է՛լի, էդ խմբագրականները նախորդ իրիկուն գրեք, որ առավոտ շուտ դրվի կայքում, ու մարդիկ կայքը բացելով՝ հուսախաբ չլինեն: Հո ինձ համա՞ր չեմ ասում. ես եթե ոչ առաջինը, առնվազն՝ երկրորդն եմ լինում, ով վայելում է iLur-ի խմբագրականները: Հետո՞ ինչ, որ ի պաշտոնե:

Հապա ի՜նչ բլոգերներ ունենք՝ Ռաֆայել Թեյմուրազյան, Հայկ Բալանյան, Գեմաֆին Գասպարյան, Սևակ Արամազդ, Մերի Մուսինյան, Վահե Բոյաջյան, Մարինե Պետրոսյան… Մի քիչ ավելի ակտի՛վ, ժողովու՛րդ…

Ոնց որ թե ավարտեցի:

Ինչի համա՞ր էր էս  շարադրանքը: Դե, տարի է ավարտվում, ես էլ ասի՝ ամփոփեմ:

Ու հիմա ավարտվում է 2013-ը:

Շնորհավորում եմ իմ բոլոր գործընկերներին, մեզ հետ համագործակցող բոլոր-բոլորին ու մաղթում ստեղծագործական հաջողություններ գալիք տարում: Ու Հաղթանակ:

Սեդա Մեսրոպյան

 

Նախորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյան. Առանց իշխանությունների գիտության Հայաստանից չէր կարող $6,2 մլրդ դուրս հոսել’
Հաջորդ հոդվածը‘Ամանորյա ուղերձն իբր անհատական հաղորդակցության ժանր ‘