‘
Փակւում է յուշիկ դուռն ապարանքի.
Ու լռութիւն է տիրում անմեկին.
Ընկնում է դէմքին ստուերը կեանքի.
Զարկում է մահուան շողքը աչքերին:
Բազմած գահոյքին՝ ցնցւում է ուժգին.
Տեսնում է իրեն՝ հայեացքը սեւեռ,
Զոհի դիմակը դժնդակ դէմքին՝
Մութ յատակներից բարձրանում է վեր:
Ցայտում են հետքից արիւն ու արցունք.
Հնձում է անբաւ կարեկցանք ու սէր.
Ցնծում են զուարթ անդունդ ու բարձունք.
Այսքան փառք, անուն ե՞րբ է երազել:
Խայթում է հոգին կասկածանքը խոր.
Մի՞թէ աշխարհը կոյր է ու անկամ.
Ելնում է յանկարծ յուշերից պղտոր
Զոհը առաջին՝ մանուկն արնաքամ:
Նետւում է դէպի պատուհանը բաց.
Պատռում է սիրտը սոսկումն ամեհի.
Երկիրը՝ դատարկ. ո՛չ ծիծաղ, ո՛չ լաց.
Վայում է միայն քամին ամայի:
‘