‘iLur Բլոգ. Պարզ հարցեր’

1930

Ռաֆայել Թեյմուրազյան

Ինչե՜ր ասես չլսեցինք նախորդ 5 օրերին. Շանթը հերոս է, Շանթն ահաբեկիչ է, Շանթը խելագար է, Շանթը հայրենասեր է… :

«Քննարկումները» դուրս չեն գալիս այս շրջանակներից:

Առայժմ ոչ ոք չի փորձում պատասխանել հետևյալ պարզ հարցերին.

Քաղաքական պայքարի ընդունելի՞ ձև է բռնությունը (չշփոթել ինքնապաշտպանության հետ),

Շանթ Հարությունյանի և իր համախոհների քայլը մոտեցրե՞ց բաղձալի նպատակին, թե՞ հակառակը՝ հեռացրեց դրանից,

Շանթի քայլը թուլացրե՞ց ռեժիմը,

Այդ քայլը նպաստե՞ց ընդդիմության ուժեղացմանը… :

Իմ համոզմամբ՝ բռնությունը պետք է բացառվի, որովհետև դրա արդյունքը ոչ թե կողմերից մեկի (իշխանության կամ ընդդիմության) պարտությունն է և մյուսի հաղթանակը, այլ՝ պետության վախճանի ամենակարճ ուղին:

Մյուս կողմից էլ, անկախ ամեն ինչից, ուժային դաշտում ընդդիմությունը պարտված է ի սկզբանե: Պատահական չէ, որ ռեժիմը միշտ փորձել է քաղաքական ընդդիմությանը ներքաշել ուժային դաշտ ու ջախջախել այնտեղ:

Շանթի՝ տարատեսակ որակումների արժանացած քայլը, ըստ իս, ոչ միայն չմոտեցրեց հռչակված նպատակին, այլև ռեժիմին հնարավորություն տվեց լեգիտիմացնել ուժի կիրառումը քաղաքական հակառակորդների նկատմամբ և նրանց ներկայացնել որպես ծայրահեղական տարրեր: Էական չէ, թե որքանով է ճիշտ վերջին ձևակերպումը, բայց վստահ եղեք, Դավիթ Հարությունյանը կգտնի դա աշխարհին այդպես ներկայացնելու ձևը: Ըստ այդմ, նոյեմբերի 5-ի բախումներից, վերջին հաշվով, ռեժիմը շահած դուրս եկավ (թերևս հենց այդ պատճառով էլ համբերատար սպասում էին առաջին պայթյուններին):

Առնվազն ժամանակավորապես ստվերվեց նաև ՀՀ առաջին նախագահի՝ հոկտեմբերի 30-ի հայտարարությունը, որը Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի շուրջ ընդդիմադիր լայն ճակատ ձևավորելու հնարավորություն է ստեղծում: Վճռական գործողություններ տարփողողները չշտապեցին օգտվել այդ հնարավորությունից, մինչդեռ հաճույքով լծվեցին ուրիշի ձեռքերով կրակից շագանակներ հանելու սիրված գործին՝ մտնելով արդեն բազմիցս կրկնված (բայց ռեժիմի համար լուրջ վտանգ չներկայացնող) ցիկլի մեջ. ձերբակալություն-դատարան-ազատ արձակելու պահանջ:

Վերջապես, հասկանալի դարձավ նաև, թե այսքան տարի քաղաքական ընդդիմությանն անվճռականության մեջ մեղադրողներն ի՛նչ են հասկանում «վճռական գործողություններ» ասելով: Եվ այդ «վճռականության» հմայքն այն է, որ դրա մասնակից լինելը պարտադիր չէ, բայց դրա հաշվին PR անելը՝ մատչելի:

 

Նախորդ հոդվածը‘Թեհրանը և ՄԱԳԱՏԷ-ն համաձայնություն են ձեռք բերել ‘
Հաջորդ հոդվածը‘«Մերոնք դրսում». Յուրա Մովսիսյանը` հեթ-տրիկի հեղինակ’