‘iLur Բլոգ. Վագոնավարին է պետք փոխել’

2682

Սեդա Մեսրոպյան

1911 թ. հուլիսի 14-ին Հռոմի երկաթուղային կայարանից դուրս եկավ երեք վագոնանի ոչ մեծ գնացքը: Գնացքի ուղևորներն այն մարդիկ էին, ովքեր ցանկություն ունեին տեսնելու Լոմբարդիայի սարերում փորված կիլոմետրանոց թունելը, որը 20-րդ դարասկզբի չափանիշներով՝ եզակի մի կառույց էր:

Իտալական հարուստ և անվանի ընտանիքների ներկայացուցիչների համար այդ զվարճալի ուղևորությունը կազմակերպել էր Sanetti ֆիրման: 106 ուղևորները զմայլվում էին ճանապարհի նոր հատվածի բնապատկերներով:

Մի քանի ժամ անց գնացքն արդեն Լոմբարդիայում էր: Ահա, առջևում երևաց նորակառույց թունելը: Գնացքը մտավ թունել: Սակայն այդպես էլ դուրս չեկավ մյուս կողմից… Թունելի ներսում էլ չկար…

Ոստիկանությունը և երկաթուղային ծառայողները մանրակրկիտ ուսումնասիրեցին թունելը, սակայն այդպես էլ ո՛չ վթար հայտնաբերեցին, ո՛չ էլ նույնիսկ շոգեքարշի ծխի հետքեր` թունելի քարե կամարներին: Սակայն հայտնաբերեցին անհետացած շարժակազմի երկու ուղևորների, որոնք պարզապես շոկի մեջ էին: Միայն որոշ ժամանակ անց նրանք ուշքի եկան և կարողացան պատմել, թե ինչ է տեղի ունեցել: Նրանց խոսքով՝ գնացքի շրջակա տեղանքը հանկարծ ծածկվել էր կաթնագույն մշուշով, ու որքան գնացքը մոտեցել էր թունելին, այնքան մշուշը խտացել էր և ի վերջո վերածվել  համատարած հեղուկի: Նրանք սոսկալի վախեցել էին և ընթացքի մեջ դուրս նետվել գնացքից (ականջդ կանչի, համաշխարհային ազգի «առաջնորդ»), քանի որ, բարեբախտաբար, այդ պահին վագոնի հարթակում են եղել: Մյուս ուղևորները, ըստ երևույթին, պարզապես չէին հասցրել հետևել նրանց օրինակին: «Փրկվածները» դեռ երկար ժամանակ տառապում էին հոգեկան տարբեր խանգարումներից, սակայն, այնուամենայնիվ, կամաց-կամաց կարգի ընկան: Իսկ գնացքն այդպես էլ ոչ մի տեղ չհայտնաբերվեց…

Հետազոտողների և ականատեսների վկայությամբ՝ հետագայում ուրվական-գնացքը հայտնվել է տարբեր աշխարհամասերում՝ Եվրոպայից մինչև Ամերիկա, և տարբեր ժամանակներում՝գրեթե մեկդարյա տևողությամբ: Այնուհանդերձ, գիտությունը դեռևս այս առեղծվածի սպառիչ պատասխանը չունի:

***

Մի ժամանակ շատ էի սիրում նման առեղծվածային պատմություններ: Բայց այս մեկը հատկապես է տպավորվել: Երկար ժամանակ մտածում էի՝ եթե ես լինեի այդ գնացքում, կնախընտրեի թռչե՞լ այնտեղից, թե՞ նրա հետ միասին դեգերել տարածության ու ժամանակի մեջ: Մի կողմից՝ այս պատմությունը ցուցանում է, որ գնացքից թռչելը հղի է երկար տարիներ (կամ հավիտենապես, ո՞վ գիտի) հոգեկան խանգարվածություն ունենալու վտանգով: Մյուս կողմից՝ եթե անգամ մարդ շատ է սիրում ճամփորդել, գալիս է մի պահ, գուցե՝ մի տարիք, որ արդեն արկածներից կշտանում ես, ու սիրտդ հանգրվան է ուզում, սովորական առօրյա է ուզում, ՏՈՒՆ է ուզում … 

…Մեր գնացքը նույնպես ժամանակ առ ժամանակ անհետանում է թունելում ու հետո՝ որոշ ժամանակ անց, գնացքի «փրկված» ուղևորները հայտնվում են աշխարհի տարբեր ծայրերում: Որպես աշխատանքային միգրանտներ, որպես փախստականներ, որպես քաղհալածյալներ, որպես սեռական փոքրամասնություններ…. Ու հաստա՛տ՝ երկար ժամանակ տառապում են հոգեկան տարբեր խանգարումներից, մինչև որ, ի վերջո, համակերպվում են իրենց տարագրությանը ու կամաց-կամաց ջնջում հայրենի «կայարանի» պատկերն ու առհասարակ հայրենաբաղձության մորմոքն իրենց հոգիներից: Միայն ժամանակ առ ժամանակ հիշում են ուրվական-գնացքի մյուս ուղևորներին, ովքեր չեն կողմնորոշվել, կամ չեն կարողացել, կամ չեն ցանկացել իրենց դուրս նետել գնացքից, քանի դեռ սա չի անհետացել հերթական թունելում ու նորից չի հայտնվել՝ ով գիտի՝ որ կայարանի մատույցներում, հիշում են ու ցավում նրանց համար: Կամ չարախնդում են, որ նրանք չեն հասցրել, կամ չեն կարողացել, կամ չեն ուզեցել դուրս նետվել անհետացող գնացքից… Չե՛ն որսացել գնացքից դուրս ցատկելու ժամանակը:

Իսկ գնացքի ուղևորներս արդեն վաղուց ենք հասկացել, որ պետք է «վագոնավարի՛ն» փոխել ու մեր գնացքը հասցնել Աստծու կողմից մեզ բաժին տրված այս փոքրիկ հողակտորի կայարան: Պետք է փոխել: Մանավանդ՝ հիմա: Որովհետև այդ «վագոնավարն» արդեն քնում է «պոստի վրա», ու չափազանց մեծ է վտանգը, որ նույնիսկ նախապես նշված ռելսերով ընթանալու դեպքում մեր գնացքը գուցե և դուրս գա թունելից, բայց անխուսափելիորեն աղետի է ենթարկվելու՝ եթե ոչ՝ բախվելով ժայռերի, ապա, մինչև իսկ, հարթ տափաստանով ընթանալիս… 

Հեղինակի մյուս նյութերը

«Բլոգ» բաժնի մյուս նյութերը և հեղինակները

Նախորդ հոդվածը‘Վարդան Ղուկասյանի որդին ներգրավվել է որպես կասկածյալ’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ դեսպան. Հարկավոր է Հայաստանի մասնակցության գաղափարը եվրասիական ինտեգրացիոն նախագծին դարձնել ավելի գրավիչ’