‘iLur Բլոգ. Վերլուծական հոդված. ինչպես գրել վերլուծական հոդված/ փորձագրություն’

5431

Գեմաֆին Գասպարյան

Հետևելով վերջին մի քանի տարիների trend-ին (տես.` ընդհանուր ուղղություն, թեքվել, ճկվել, բեկվել, շեղվել) և փորձելով ետ չմնալ հասարակագիտության mainstream-ից (տես.` հիմնական)՝ այսօր առաջին անգամ կփորձեմ ձեզ ներկայացնել Վերլուծական հոդված:

Մինչ վերլուծության անցնելը, նախ, պետք է պարզել՝ ինչպիսի ձև, համակարգ և հաջորդական բովանդակային ամբողջականություն պետք է ունենա Վերլուծական հոդվածը: Այս բարդ և պատասխանատու առաքելությունn իրականացնելու համար ես ընտրել եմ լեզվա — բառահիմքային ասոցիատիվ զուգորդման և համադրման մեթոդը:

 «Վերլուծական» բառը՝ որպես իմաստակիր հիմքերի կապակցված համախումբ, կարող է ներկայանալ հետևյալ ձևաչափերում.

 ա). ՎԵՐ – ԼՈՒ – ԾԱԿ – ԱՆ,

 բ). ՎԵՐ – ԼՈՒԾ – ԱԿ – ԱՆ,

 գ)ՎԵՐ – ԼՈՒԾ – ԱԿԱՆ:

Բառահիմքերի ասոցիատիվ զուգորդման և համադրման մեթոդի կիրարկումը թույլ է տալիս այս երեք տիպային գլխամասային բաժանումները հիմք ընդունել՝ որպես Վերլուծական հոդվածի կմախքային կոնցեպտ, և ըստ լեզվական ասոցիացիայի՝ բովանդակություն ներդնել, միաժամանակ՝ կասկածի տակ դնել վերլուծական փաստաթուղթ կառուցելու դասական (նախաբան –հիմք – եզրակացություններ – վերջաբան/առաջարկներ) կառուցվածքը՝ իր ձևի և բովանդակության անարդյունավետ և չափից ավելի բարդ կապերի պատճառով: Այսուամենայնիվ, բառահիմքերի բազմաբովանդակությունը և ընկալման սուբյեկտիվությունը ամբողջական ներկայացնելու համար օգտվել եմ՝

 Արդի Հայերենի Բացատրական Բառարանից, Էդուարդ Բագրատի Աղայան, «Հայաստան» հրատարակչություն, Երեւան, 1976,

Ժամանակակից Հայոց Լեզվի Բացատրական Բառարանից, Հրաչյա Աճառյանի Անվան Լեզվի Ինստիտուտ։ Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն, Երեւան, 1969,

Առակների հեղինակներ Մխիթար Գոշի և Վարդան Այգեկցու բառահիմքերի հոլովումներից,

Ժողպետհրատի անտիպ արխիվներից և անձնական ասոցիացիաներից:

Վեր – 1.Վերևի մասը՝ կողմը, վերևը վերնամասը: Վերից իջնող հեղեղը խորացրել էր հունը /Ա.Բակունց/ 2. Բարձրունք, բարձր տեղ: Ամպերը վերևում են, տները ցածում /Գ. Բորյան/: 3.Վերերը /արևմտ./ Վերնախավը: 4.Գերազանց, ավելի, գերադաս, գերակա: Ազատությունը վեր է կյանքից /Դ.Դեմիրճյան/: 5.Նախորդ շարադրանքի մեջ եղած՝ հիշված՝ ասված, նախընթաց: 6.Գործածվում է որպես հրամայական բացականչություն՝ վեր կաց, ելիր նշ.:

Բազմաթիվ ասոցիատիվ բառակապակցություններ ունի. Վեր ասել /բրբ./ — ուխտել, երդվել: Վեր բռնել – բարձր բռնել, իր վրա պահել, մեկի պատիվը բարձր պահել: Վեր գրել – գույքը ցուցակագրել: Վեր կանգնել – առողջանալ, կազդուրվել: Վեր կացնել – արթնացնել: Բառահիմքը ագուցել է միանգամից սկզբի, խնդրից բարձր կանգնելու և պատկերը, դիտանկյունը ամբողջացնելու, ինչպես նաև էլիտիզմի, արթնացման, կոչի իմաստային հոլովումները՝ ստիպելով տեքստագրին նախապես հասկանալ՝ ինչ խնդիր է դրվում իր առաջ, և որն է իր տեսանկյան ուղղորդիչը:

Լու – Փոքրիկ, անթև, ցատկոտուն մակաբույծ միջատ, որ սնվում է մարդկանց և կենդանիների արյունով: Ասոցիատիվ բառակապակցություններ. Լու մաշկող, քերթող – ժլատ, ագահ, ստոր, անարգ, Լուն ուղտ շինել – չափազանցնել, մեծացնել, փոքրիկ աննշան բանին մեծ նշանակություն տալ: Այս բառահիմքը տարածում ունի արդի համաշխարհային և մասնավորապես հայկական պսեւդոինտելեկտուալ շրջանակներում, այս գլխամասում տեքստի ոճավորումը և բառամթերքը ընդգծում են տեքստագրի սկզբունքայնությունը (տես.՝ բացակայությունը):

Լուծ – 1.Ամուր փայտից սարքած երկար տափակավուն ձող, որ դնում են լծվող զույգ եզների պարանոցին: 2.Պարտականություն: 3.Օտարի տիրապետություն: 4.Կշեռքի թաթ: 5.Աղիքների գործունեության խանգարում, որը արտահայտվում է հաճախակի ու հեղուկ արտաթորությամբ: Տես նաև որպես Լուծել բայի կրճատված տարբերակ – Մտածելով, դատելով՝ վճռել որևէ բան, որոշել, վճռի հանգել: Որևէ առաջադրանք՝ նպատակ, իրագործել: Մի խորհրդավոր գաղտնի բան դատողաբար իմանալ, խթանել: Հեղուկ բանի մեջ խառնելով միասնական խառնուրդ ստեղծել, պինդ նյութը հեղուկի մեջ հալել: Քանդել, վերացնել, ցրել: Այս բառի ստուգող բառ կարող է հանդիսանալ Լուծընկերը – Միասին լծվող անասուններ: Ընկեր գործակից: Ամուսիններ: Բառահիմքը ամբողջ նյութի շաղախն է, կախված տեքստագրի իմաստային ընտրությունից՝ կարող է տեքստը ծայրահեղ տարբեր ասոցիացիաների հանգեցնել:

Ծակ – 1. Առարկայի մի ծայրից մյուսը բացված անցք: Ճեղք, բացվածք, արանք: 2.Գետնի մեջ բացված խոռոչ: 3.Չափազանց նեղ մուտք, անցում: 4. Բույն, որջ: Մկան ծակը տասը թումանով էին առնում: 5. Բանտ: 6.Սրի, դաշույնի հարվածից կամ գնդակից մարմնի վրա բացված խորունկ խոց: Հարուցված ասոցիացիաներ՝ Ծակուծուկ, Ծակ փիլիսոփա, Ծակը մտնել: Բառահիմքը հանդիպում է Լու բառահիմքի համադրմամբ և լրացնում է տեքստագրի պրպտումների և մտասևեռումների բառաշղթան:

Ակ – 1.Ջրի ակունք: 2.Բողբոջ: 3.Աչք, տեսողություն: 4.Թանկագին քար: 5.Շրջանակ, որ իր առանցքի շուրջ պտտվելով՝ շարժման մեջ է դնում երթևեկության զանազան միջոցներ: 6.Շրջան, տես՝ դարձ ի շրջանս յուր:

Ական – 1. Թշնամու ամրության տակ փորվող անցք: 2. Ականանետի պայթուցիկ արկ: 3. Թշնամու կողմում գետնի մեջ կամ գետնի երեսին դրվող պայթուցիկ արկ: 4. Ջրի հատակը նետված կամ որոշ խորության վրա լողացող արկ: 5. Լրիվ, ամբողջապես: 6. Անկորուստ: Այս բառահիմքը կիրառվում է տաք թեմաների ու հարցերի քննման ընթացքում, տեքստագրի փորձառու միտքը կարող է նյութականցնել իր առջև դրված նպատակները:

Ան – 1. Վերցրու: 2. Նա, տես՝ թող շանթերով զինվի ան:

Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ Վերլուծական հոդված գրելու համար անհրաժեշտ է ընտրել բառահիմքերի ճիշտ հաջորդականություն և նախանշված արդյունքին համապատասխան՝ իմաստային արծարծում: Ուրեմն՝ մինչ երկրորդ վերլուծական հոդված:

120 միջնակարգ դպրոցի և ՀՊՃՀ հենակետային վարժարանի շրջանավարտ, ՀՊՃՀ ՔՀ ԵՎ Ց Բակալավր, ՀԳԱԱ Կառավարման մագիստրոս, Մ. Գ.Թ. Հայցորդ, Այս հոդվածից հետո՝ Բ.Գ.Թ-ին հինգ պակաս

 

Նախորդ հոդվածը‘Նաղդալյանը չի մեկնաբանում, թե ինչու է ապօրինի անջատել Զուրաբյանի խոսափողը ‘
Հաջորդ հոդվածը‘Երուսաղեմում քաղաքապետի ընտրություններում հաղթել է Նեթանյահուի թիմակիցը’