‘iLur Բլոգ. Վիճակներ’

2257

Իսպանալեզու գրականության բլոգում կարդացի գրեգերիաների մասին, ու էդ ժանրը, որի հիմնադիրն է Ռամոն Գոմես դե լա Սերնան, անմիջականորեն համընկնում էր էն ամենի հետ, ինչ մենք փորձում ենք անել ՖԲ-ում: Ինչպես բլոգում է գրված՝  «Գրեգերիաները աֆորիզմների տիպի հակիրճ տեքստեր են, որոնք սուր, ինքնատիպ, բառախաղերի ձևով արտահայտում են փիլիսոփայական, հումորային, քնարական, պրագմատիկ կամ այլ բնույթի մտքեր»: Մեր ֆբ-ն լիքն է այսպիսի մտքերով, իհարկե՝ հիմնականում դրանք արտատպված են գրողների ստեղծագործություններից, հաճախ չի նշվում հեղինակի անունը, և ստատուսագիրն ինքն է հանդես գալիս մտքի գիգանտի դերում, կամ էլ մտքի գոհարներն այնքան նուրբ ու խորիմաստ են, որ Պաոլո Կոելիոն ղալաթ է արել: Մի  ուրիշ հետաքրքիր օրինաչափության էլ հանդիպեցի. մեջբերեմ ինձ այլոց շուրթերով, որ ասածս տեղ հասնի: Ժամանակակցի դիրքավորում՝ օտարամոլության ու մեռելասիրության գովք:

Ինչևէ. Գագիկ Կիլիկյանը առաջարկեց ի մի հավաքել վիճակները ու դնել բլոգում: Ստորև առանձնացրել եմ օգոստոսի ընթացքում գրվածները: Ես անվանում եմ այս ամենը Վիճակներ. ի տարբերություն գրեգերիաների՝ այս տեքստերը երկար փնտրտուքի ու ձևակերպման արդյունք չեն, այլ հենց վիճակներ են:

ՎԻՃԱԿՆԵՐ՝ օգոստոս, 2013

Շարունակությունը քեզնով է, դու գնացիր՝ շարունակությունը ընդհատվեց, մեր գործը երկկողմանի լարում է, ես լարում եմ, դու լարում ես, ու թակարդը ընկավ, եթե միայն ես լարեմ՝ կպլստա, կթռնի, կկորչի, անհնար է էդպես:

Բարկանալը բարկ բառից է՝ տաք, առույգ, եռանդուն, այրվող… բարկանում եմ, ու դա հեչ վատ չի, բարկությունը ցուցանում է, որ էս տոթին, մեկ ա, մարդ ավելի տաք է, ավելի կյանք կա մեջը, քան ցանկացած այլ բանում, որովհետև կյանքը էն չի, որ շնչում-արտաշնչում կամ ինչ- որ քիմիական նյութափոխանակություն է ունենում, կյանքը էդ գիտակցումն ա, որ հենց հիմա դու կաս, էս պահը կա, ու դու պահի մի մասն ես, զգում ես պահը, բարկանում եմ՝ իհարկե:

Երբ խոսքը վերաբերում է ծիրանին, դուդուկին, նռանը, որդան կարմիրին, շալախոյին, պոպոքին, էս վերջերս՝ նաև պնդուկին ու մանդարինին, ես դադարում եմ ցանկացած շարունակություն, սկսում եմ նախապատրաստվել մեռելոցին ու խորասուզվել պատմության խորխորատներում:

Երջանկությունը չեն գտնում, այն կա ամենուր, հետամուտ լինել երջանկությանը՝ նույնն է թե փնտրել արևը ամառային պարզկա կեսօրին, ով գործում է, նա կորցնում է երջանկությունը նկատելու ժամանակը. ծառի շվաքին պառկած մարդը, հետևելով արևի ճառագայթի խաղին կանաչ տերևների հետ, ժամանակ առ ժամանակ զգում է երջանկությունը շուրթերին, այտին, աչքի բիբը փախցնելիս:

Եթե մեկը հավատում է, ապա տրվում է, առանց հետահայացքի, վասնզի կասկածը մտածումի ուղեկիցն է ու մտածողի խթանը, հավատը մտածումի ինքնակամ բացառման և անմոռաց տրվելու համար է, տեր իմ, քանզի տրվելու մեջ է երջանկությունը. Մինևրայի աչքերը վկա:

Ժամանակ սպանել,- այս արտահայտություն անողը կարծում է, թե ինքը սպանում է ժամանակը, միամիտ՝ ժամանակն է քեզ սպանում:

Պատրաստվիր լինել այն, ինչ հեգնում ես:
Խոսքը խոսք է բերում, լռությունը՝ լռություն, ահա և ապրելու արվեստը:

Կարող է մի կամ մի քանի սերունդ հետո ինձ/իմ սերնդին տեղին մեղադրեն ապաշնորհ լինելու մեջ, պետությունը վատնելու մեջ… մեռնելու բան է, ունենաս պետություն ու ուտես էդ պետությունը… որ քրֆեն էլ՝ սխալ չեն անի:

Լորտուն օձի տնազ է, հաչան շունն էլ կծան չի լինում.. չեմ հիշում՝ ով էլ ասել էր, որ ասելով չի, անելով ա… հա, էս գրում եմ ու գնամ , վաղը լիքը բան պիտի հասցնեմ մինչև ՄԵԿԸ. էնտեղ կհանդիպենք, եթե դուք էլ եք կարծում, որ գեղ կանգնի՝ գերան կկոտրի:

Երբ շաբաթը մեկ հարուստից մեկ այլ հարուստի տակ փախնողը սկսում է խոսել հավատարմությունից, ընտանիքի ամրությունից և այլ վեհաՑՈՒՑԻՉ բաներից, Մագդալենա տյոտյան աչքիս առաջ է գալիս, ու էդ կնոջ շուրջը Քրիստոսին եմ փնտրում ու չեմ գտնում, հիմա ով մեղավոր չի թող քարով ինձ խփի, բայց ես մի հատ մեծ քարով քուանշում եմ դրանց սուտի բարոյականությանը:

Տուն պահելով արդարացնել ամեն ինչ, նույնն է՝ քո ձեռքով տունդ քանդել:
Ամենամտահոգիչն էն է, որ այսօր ամենաընդդիմադիր խոսքը մասնագետի խոսքն է՝ ցանկացած ասպարեզում:

Щит — shit — շիթ՝ թարգմանության դժվարություններ

Երբ փորդ կուշտ է, հանգիստ կարող ես խոսել արևագալի ու արևամուտի ճառագայթների երանգային տարբերություններից և փնտրել Ծիր Կաթինի հետագիծը անամպ երկնքում:

Որմնադիրները երազանք ունեին. Ցին Շի-Խուանդի, Չինաստանի կայսր

Ձեռքի գործը ոտի տակ տալը բնորոշ է հին քաղաքակրթություններին:
Դողացող ձեռքով, սուրճը թափած ափսեով սուրճ մատուցելը ռոմանտիկ չէ:
Լողում էր լիճը նավակի շուրջ՝ հանց ջրաշուշան,
վարսանդ և առէջ,
տեղատվություն:
Երբ մի բան քո աչքին անշարժ է երևում՝ շարժիր այն:
Պահիր տանդ բլոճներին և կերակրիր մկներին, կպարզես՝ քեզ հյուր եկողներից ով ով է:
Ինձ կտեսնես՝ ծոծրակդ չես տեսնի.Համլետի հոր ուրվական:

Եթե ստամոքսդ ցավում է, հիշիր օրվա ընթացքում ինչ ես կերել, այդպես է և այլ հարցերում:
Եթե մի բան ժխտում ես, արդեն ընդունում ես նրա գոյության հնարավորությունը. չեղած բանի շուրջ բան ու բառ չի լինում:

Էշ  նահատակ դառնալու ճանապարհին:

Բոլոր ազգերին թվում է, որ իրենք յուրահատուկ են… և իրականում էլ այդպես է:

Երբ ամոթը թողնում ենք բաղնիքում, առօրյան լցվում է մաքուր, կոկիկ հագնված անամոթներով:

Բոլոր խնդիրները նրանից են, որ ուժեղ պետություն կառուցելու փոխարեն՝ ազգովի ուրիշ երկրների տռասներին գենոցիդի ճանաչողական վահանակներ ենք տեղադրում:
Հայ ծանրորդները քանակ-որակ հարաբերության մեջ լավագույնն են աշխարհում, դա նրանից է, որ մենք ազգովի ամեն ինչ շաաա՜տ ծանր ենք տանում:
Երբ մարդուն ասում են՝ բույս, դա դեռ չի նշանակում, որ նրան վատ են վերաբերվում:
Եթե փիղը վախենում է, ուշադրություն դարձրու մանրուքներին:
Երբ դուռը բացում ես, ու ներսից խփում է դատարկությունը,պատասխանիր լռությամբ:
Քթածակը երրորդ աչքն է:
Ստատուսները մինչև վերջ չձևավորված մտքեր/բանաստեղծություններ են, ինչպես աբորտ արած երեխան:
Երևակայությունը պնդաճակատ իսան է, ինչքան բանի տեղ չես դնում, էնքան վզիդ է փաթաթվում ու խեղդում է:
Եթե չես գտել թեմայի շուրջ խոսելու ձևը, լռիր և մի վնասիր:
Երբ բարոյապես պարտավորված ես լինել բարոյապես պարտավորված՝ ստացվում է դիկտատուրա:

Նա, ով չի խառնվում կռվին, ուժեղի կողմից է:

Հեղինակի մյուս նյութերը

«Բլոգ» բաժնի մյուս նյութերը և հեղինակները

Նախորդ հոդվածը‘Դանիացիները ոգևորում են իրենց հավաքականին Ազատության հրապարակում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հայաստան-Դանիա. Հաղթելո՛ւ ենք ‘