‘iLur.am-ի բացահայտած կրկնակի քվեարկություն կատարած քաղաքացու ինքնությունը պարզվել է (տեսանյութ)’

1214

ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժինը պարզել է թիվ 09/02 ընտրատեղամասում այլ անձի՝ Վիգեն Սարգսյանի անձնագրով քվեարկելու փորձ կատարած քաղաքացու ինքնությունը և նրան 2013թ. փետրվարի 27-ին ներկայացրել նախաքննության մարմնին։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,   նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2013թ. փետրվարի 18-ին` ժամը 10:45-ին, անհայտ անձը փորձել էր 09/02 ընտրատեղամասում քվեարկել ուրիշի` Վիգեն Սարգսյանի անձնագրով, ինչը, սակայն, չէր կարողացել ավարտին հասցնել իր կամքից անկախ պատճառով, քանի որ ընտրական հանձնաժողովի անդամները հայտնաբերել էին խախտումը և կանխել: Քաղաքացին ընտրատեղամասից դիմել էր փախուստի:

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազը 26.02.13թ. գրավոր հանձնարարել էր Էրեբունու ոստիկանության բաժնին ակտիվացնել ուրիշի անձնագրով քվեարկելու փորձ կատարած անձի ինքնությունը պարզելու աշխատանքները և նրան ներկայացնել քննությանը՝ արձանագրելով, որ գործին կցված է նաև միջադեպի վերաբերյալ տեսագրությունը։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոստիկանությունը պարզել է, որ Վիգեն Սարգսյանի անձնագրով թիվ 09/02 ընտրատեղամասում քվեարկելու փորձ է կատարել Երևանի բնակիչ Հրանտ Գլջյանը և նրան ներկայացրել է քննչական մարմնին։

Ձեռբ բերված ապացույցների հիման վրա Հ.Գլջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի 1-ին մասով։

Հիշեցնենք, որ թիվ 09/02 ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Զ. Միրիջանյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով:

Հիշեցնենք նաև, որ նշված քրեական գործը հարուցվել է iLur.am թղթակցի նկարահանած տեսանյութի հիման վրա:

Նախորդ հոդվածը‘Պետհամալսարանի «պատժիչ ջոկատներն» ու բանակում չծառայած հրամանատարը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’