‘iLur.am-ը և «Հրապարակը» բողոքարկում են դատարանի որոշումը ‘

1877

iLur.am լրատվական կայքը և «Հրապարակ» օրաթերթը վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկում են Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի որոշումը, որով դատարանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ տեղեկատվության աղբյուրը բացահայտելու մասին:

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է գյումրեցի ճանաչված մարզիկ, հունա-հռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի նկատմամբ բռնությանը: Բռնության հեղինակը Շիրակի վարչության պետ Վարդան Նադարյանն է:

Մենք գրել էինք, որ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ մայիսի 7-ի երեկոյան, երբ Արթուր Ալեքսանյանն իր եղբայր Ռաֆայելի հետ, իր ավտոմեքենայով պարապմունքից վերադառնալիս է եղել, ձայնային ազդանշանով (դռիկով) նրան կանգ առնելու նշան է արել հետևից ընթացող քաղաքացիական ավտոմեքենան:

Լսելով ազդանշանը` Ալեքսանյանը կարծել է, թե մեքենան ճանապարհ է ուզում, և աջ է «քաշել»: Երբ ետևից ընթացող մեքենան հավասարվել է Ալեքսանյանի կողմից վարած Մերսեդեսին, ըմբիշին ձայն է տվել մեքենայի առջևի ուղևորատեղին նստած տղամարդը. «Բա էս լավ տղա եք, հա՞, խի՞ լավ աջ չես քաշում»: Երբ Ալեքսանյանը կանգնեցրել է մեքենան և եղբոր հետ իջել, նրանց «դիմավորել է» ոստիկանության գնդապետ Նադարյանը, որն ակնհայտ անսթափ վիճակում է եղել:  «էս լավ տղա եք, հա՞, հեսա գնանք քաղմաս, ձեզնից լավ տղա եմ սարքելու»,- ասել է Նադարյանը և հանել իրեն ամրակցված ատրճանակը ու կոթով հարվածել Ռաֆայել Ալեքսանյանին (Ռաֆայելը նույնպես ըմբիշ է, մի շարք միջազգային առաջնությունների մեդալակիր): Ապա, Նադարյանն ատրճանակը լիցքավորել է և պահել Արթուր Ալեքսանյանի  կրծքին` ասելով. «Էդքան լավ տղա ես, կգաս բաժին, կխոսենք»:

Երբ ոստիկանապետի վարորդը զգուշացրել է, որ դիմացը «մեր չեմպիոնն է», Նադարյանը  մի պահ շփոթվել է, հետո հապշտապ նստել է մեքենան ու հեռացել:

Դեպքի մասին գրել էր նաև «Հրապարակ» օրաթերթը:

Նշենք, որ ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել, թե կատարվածի առնչությամբ իրենք նախապատրաստում են նյութեր: Հետո հայտնի դարձավ, որ հարուցվել է քրեական գործ: Ամենաուշագրավն այն է, սակայն, որ երբ մենք պաշտոնական հարցում արեցինք ՀՔԾ, այնտեղից մեզ պատասխանեցին, որ գործ չի հարուցվել: Ինչևէ: Որոշ ժամանակ անց ՀՔԾ-ից կապ հաստատեցին մեր կայքի հետ ՝ նշելով,  թե փոստով պաշտոնական գրություն են ուղարկել մեզ, որը սակայն, տեղ չի հասել: Ըստ այդմ, գրությունն իբր այն մասին էր, որ ՀՔԾ-ն դիմում է մեզ՝ հավելյալ տեղեկություններ ստանալու համար: Որոշ ժամանակ անց, սակայն, երբ մեր խմբագրություն այցելեց ՀՔԾ քննիչը, պարզվեց, որ գրությունը միանգամայն այլ բովանդակություն ունի: Գրությամբ ՀՔԾ-ն դիմում էր մեզ՝ բացահայտելու համար ինֆորմացիայի աղբյուրը: Բնականաբար, հղում կատարելով օրենքին՝ մենք պատասխանեցինք, որ լրատվամիջոցը կարող է չբացահայտել իր աղբյուրը: Մի քանի օր անց եկավ նոր գրություն՝ այս անգամ արդեն դատարանի որոշմամբ, որով մեզ և «Հրապարակին» «պարտավորեցնում են» բացահայտել տեղեկատվության աղբյուրը:

Ահա և ողջ պատմությունը:

Հ.Գ. Եթե իրավապահները իրապես ցանկություն ունենային բացահայտել այս գործը, ապա դա վաղուց արդեն արած կլինեին: Սակայն, տվյալ դեպքում ՝ՀՔԾ-ի գործողությունները ցույց են տալիս, որ նրանց խնդիրը ոչ թե հանցագործին, այլ՝ հանցագործության մասին տեղեկատվությունը «դուրս հանածին» գտնելն է: Ու քանի դեռ իրավապահների մոտիվացիան ոչ թե հանցագործությունը բացահայտելն է, այլ տեղեկատվության աղբյուրի նկատմամբ վրեժխնդրությունը, ինչը նշանակում է, որ նրա անվտանգությունը երաշխավորված չէ, մենք չենք կարող հրապարակել մեր տեղեկատվության աղբյուրի ով լինելը, բացառությամբ՝ եթե ինքը դա չցանկանա:

Իսկ իրավապահները լավ կանեին ԶԼՄ-ների նկատմամբ նման հետապնդում սկսելու փոխարեն՝ վերջապես «գտնեին» հանցագործին: 

Նախորդ հոդվածը‘Մակակի՞, թե՞ օրանգուտան՝ սա է խնդիրը’
Հաջորդ հոդվածը‘Շիրակի մարզում 3 БМП-ներ բախվել են միմյանց. Shamshyan.com’