Kicker-ը կարծիք է հայտնել՝ Տուխելը պետք է ուշադրության կենտրոնում պահի Ռանոսին

411

Գերմանական Kicker-ն անդրադարձել է Հայաստանի հավաքականի նորեկ Հրանտ-Լեոն Ռանոսին, գրում է AFG-ը:

«Տաղանդավոր խաղացողն այս մրցաշրջանում ուշադրություն է գրավել՝ 26 խաղում դառնալով 15 գոլի հեղինակ։ Սա աննկատ չմնաց Հայաստանի ֆեդերացիայի կողմից, և նրանք ֆուտբոլիստին հրավիրեցին մասնակցելու վերջին միջազգային հանդիպումներին:

Ռանոսը տպավորիչ նորամուտ ունեցավ Կիպրոսի դեմ ընկերական խաղում՝ 8 րոպեում 0-1 հաշիվը վերածելով 2-1-ի։ Առաջին անգամ իրեն միջազգային ասպարեզում դրսևորելուց հետո Ռանոսը գոհ և տպավորված վերադարձավ Մյունխեն»,- գրում է պարբերականը և ներկայացնում նաև Ռանոսի մեկնաբանությունները:

«Հրաշալի օրեր էին Հայաստանում։ Ամբողջ թիմը ինձ շատ ջերմ ընդունեց և հեշտացրեց իմ խնդիրը: Մարզումները հիանալի էին, իհարկե, ես աներևակայելի հպարտ և երջանիկ եմ, որ կարողացա երկու գոլ խփել իմ առաջին խաղում»,- ասում է նա։

Հատկանշական է նաև, որ Ռանոսը կարիերայի որոշակի հատված անցկացրել է Դորտմունդի «Բորուսիայում», որտեղից 2018 թվականին տեղափոխվել է «Բավարիայի» համակարգ:

«Չնայած այն հանգամանքին, որ դա միայն Կիպրոսի հավաքականն էր, նման ցուցանիշներով Ռանոսը ուշադրության կենտրոնում է։ Նրա պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է մրցաշրջանի վերջում, նրա հստակ նպատակը պրոֆեսիոնալ դառնալն է»,- գրում է պարբերականը և ընդգծում, որ Հավաքականում նա կարող է ավելի մեծ ուշադրության արժանանալ եվրոպական ակումբների կողմից, քան տարածաշրջանային լիգայում խաղալն է.

«Իհարկե, ես ցանկանում եմ միանալ հավաքականին նաև հունիսին և օգնել թիմին հաջողության հասնել այս հանդիպումներում: Կարծում եմ՝ ցույց եմ տվել, որ կարող եմ խաղալ այս մակարդակով և ցույց տալ իմ ուժեղ կողմերը: Հիմա ես վերադարձել եմ և 100 տոկոսով կենտրոնացած եմ Մյունխենի «Բավարիայի» վրա: Մեզ կարևոր հանդիպումներ են սպասվում: Ցանկանում եմ շարունակել ցույց տալ լավագույն արդյունքները և դրսևորվել ինձ»,- ասում  է Հրանտը:

Նշվում է, որ Յուլիան Նագելսմանի օրոք Ռանոսին թույլատրվել է նաև մարզվել «Բավարիայի» առաջին թիմի հետ: Հոդվածագիրը հույս է հայտնում՝ Թոմաս Տուխելը ևս նրան ուշադրության կարժանացնի:

Նախորդ հոդվածըTuttosport. Կոնտեն դադար կվերցնի կարիերայից
Հաջորդ հոդվածըՄարիամ Մկրտչյանը՝ թոփ-100 շախմատիստուհիների վարկանիշում