‘Lիզա Ճաղարյան. Երեկ. Եվ կրկին՝ «դեռ հեռու է մինչեւ մարդը» մեր ճամփան’

17314

Երեկ Երեւանի ավագանու անդամ, բնականաբար՝ ՀՀԿ-ական, Կամո Հովհաննիսյանը, ասել է՝ Սերժ Սարգսյանի ձեռքերն արյունոտ են։

Չէ, դա ուրիշ «երեկ» էր։ Բայց՝ ասել է։ Սխալ չհասկանաք այս պարոնին, ինքը ձեր իմացած արյունը նկատի չունի։ «Թուրքի արյան» մասին է խոսքը։  Ու քանի որ խոսքը «թուրքի արյան» մասին է, այս ՀՀԿ-ական հայրենասեր Կամոն հպարտ է, որ իր շեֆի ձեռքերն արյունոտ են։ Չհարցնեք՝ Կամոն ո՞վ է։ Չգիտեմ։ Կամոն է, էլի, իշխող կուսակցության անդամ է, Երեւանի ավագանու նիստում նստած է եղել բնիկ էրեւանցի Լեւոն Իգիթյանի կողքը, բայց չի լսել, որ իր կուսակիցը հայհոյել է։ Կողքը նստածի հայհոյանքը չի լսում, բայց Երեւանում նստած տեսնում է, թե իր առաջնորդը որտեղ ում է սպանել։ Տեսնում է, որովհետեւ ընդամենը մի բան գիտի։ Գիտի, որ իր կուսակցական սուրբ առաքելությունը շեֆին քծնելն է, ու իր ուղեղի ծալքերի չափով կատարում է իր ուսերին դրված այդ բարձր ու վեհ պարտականությունը։

Նախագահական նստավայրից դեռեւս չեն հերքել հայրենասեր Կամոյի դարակազմիկ բացահայտումը, Թուրքիան էլ դեռեւս համապատասխան հայտարարությամբ հանդես չի եկել։

Երեկ ԱԺ փոխնախագահ, բնականաբար՝ ՀՀԿ-ական, Էդիկ Շարմազանովն ասել է. «Արցախում մենք բոլորս միասնական ենք, մոռանում ենք մեր ներքաղաքական տարաձայնությունները, եւ բոլորս գործում ենք ի փառս Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության»։ Չէ, երեկ չէր, բայց ի՞նչ կարեւոր է, թե երբ էր։ Ասե՛լ է մարդը։ Լրագրողները լսել են, հետո մեզ են պատմել, բայց որքան փնտրեցի, ոչ մի տեղ չգտա, որ Շարմազանովն իր այս բոցաշունչ խոսքի վերջում բացականչել է՝ ուռա՛, ուռա՛, ուռա՛։

Զարմանալի է, որ չի բացականչել։

Նաեւ՝ ցավալի է։ Ահագին կուրախանայինք։

Երեւի կարմիր վզկապը մոռացել էր կապել, դրա համար չի ասել՝ ուռա՛, ուռա՛, ուռա՛։

Ա՛յ, դրա համար էլ կարդացի ու շատ տխրեցի։ «Ուռա»-ի բացակայության համար՝ իհարկե, ոչ թե օդում կախված այն պնդերես հարցի՝ եթե այդպես ձեզ կոտորում եք ի փառս Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության, հապա ինչու՞ են Արցախն ու Հայաստանն այսքան թշվառ ու նվաստացած վիճակում, իսկ դուք այդքան ամբարտավան ու հղփացած։

Ի դեպ, բազմաթիվ հայրենասերների նման, Շարմազանով Էդիկն էլ է «Լը՛» ամրակուռ տառը «մյախկի զնակ»-ով արտասանում։ Ու ասեմ ձեզ՝ նրա շուրթերից մեր այդ հպարտ տառը շատ լղրճուկ է հնչում։

Իսկ երեկ Ազգային ժողովում քննարկվում էին շատ կարեւոր հարցեր։ Օրինակ՝ ապտակը բռնությու՞ն համարել, թե՞ գուրգուրանք։ Եվ եթե բռնություն համարենք, ապա՝ տարեկան հինգից տասը ապտակն է՞լ բռնություն համարենք, թե՞ գուրգուրանքի տակ սղղացնենք։ Դրոգապան Յագորը վկա։ Մի մուշտի էր տվել, էլի։ Էդ ավանդապահ մարդը մեղավո՞ր էր, որ էդքան ճլորած կնիկ ուներ, գուրգուրանքը բռնությունից չէր ջոկում, վերցրեց ու մի մուշտիից մեռավ։

Այլախոհների պահանջած լյուստրացիան մինչեւ հիմա ի կատար չի ածվել, բայց Ընտանեկան բռնության դեմ նախագծի քննարկումներն ակամա լյուստրացիա փռեցին հասարակության առաջ։ Գրեթե անսխալ կարող ենք ասել այսուհետ, թե ով է իր տան պատերի ներքո ապտակներով «գուրգուրում» իր կնոջը, եւ ովքեր են այն կանայք, որոնք որպես սիրո առհավատչյա՝ կարոտով սպասում են, թե երբ է իր սիրող ամուսինը «չափալախելու» պաշտելի կնոջը։

«Դեռ հեռու է մինչեւ մարդը» մեր ճամփան։   

Հասանք Փաստաբանական պալատին։ Այս անունը պայմանական օգտագործեցի։ Հուսով եմ, մոտ ապագայում այս հիմնարկը կանվանափոխվի։ Օրինակ՝ այսպես. Բաղրամյան 26-ին կից պատժիչ կանտոռա։ Կամ՝ Ապագա դատախազների ակումբ։ Կամ՝ Փաստաբանական ինստիտուտի գերեզմանափոր։ Տարբերակներ շատ կան։ Վստահ եմ, այս «պալատի» նախագահն ու յուր հավատարիմները կգտնեն իրենց արժանի անունը։ Իսկ առայժմ նրանք զբաղված են կարգապահական տույժեր սահմանելով հատկապես եւ մասնավորապես այն փաստաբանների համար, որոնք հասարակությանը հայտնի են իրենց անաչառությամբ եւ աներկյուղ պաշտպանել ու պաշտպանում են քաղբանտարկյալների կամ քաղաքական հայացքների համար կալանավորվածների շահերը։

Տիգրան Եգորյանն այդ փաստաբաններից մեկն է։ Շատերիդ հիշողությունից դեռ ջնջված չի լինի այն տխուր ու ամոթալի ներկայացումը, երբ «Հայրենիք եւ ազատություն» հիմնադրամի արդարության մարտիկ մի տիկին փաստաբան Եգորյանի բոլոր հարցերին պատասխանում էր շուտասելուկի պես՝ ես այդ հարցին չեմ պատասխանում։ Հենց այդտեղ արդեն այնքան ակնհայտ էր, որ Փաստաբանական պալատ կոչեցյալը կեղտոտ խաղ է սկսել Զոհրաբյանի եւ իր տերերի դուդուկի տակ չպարող փաստաբանների նկատմամբ, եւ տիկինը ոչ թե որոշել էր պարտիզանի պես աննկուն չպատասխանել Եգորյանի հարցերին, այլ պարզապես պատասխան չուներ։ Իսկ թե ինչու եմ այդպես կարծում, պարզից էլ պարզ է. տիկինը միշտ չէ, որ պարտիզանի անառիկ դիրքում էր մնում, տասը հարցից մեկին փորձում էր պատասխանել։ Երեւի իրեն թվում էր, որ այդ հարցի պատասխանը գիտի։

Տխուր էր եւ ամոթալի։

Բայց երեկ վերջնականապես պարզ դարձավ, որ Փաստաբանական պալատից ամոթը վաղուց դուրս է եկել եւ այլեւս չի վերադարձել։ Տիգրան Եգորյանի ներկայացրած փաստերն ու փաստարկները սրանց չի հետաքրքրում. Արթուր Սարգսյանին խոշտանգած եւ մահվան դուռը հասցրած մարդասպան տերերից պատվեր են ստացել՝ Արթուր Սարգսյանի մահվան մեղքը բարդել փաստաբանի ուսերին եւ ջանք չեն խնայում դրա համար։

Օստապ Բենդերը կասեր՝ «Պոզեր եւ սմբակներ» գրասենյակը պետք է անհապաղ փակել։

 

Նախորդ հոդվածը‘Առաքել Թավրիզյան. Ժնեւը՝ Ստեփանակերտի աչքերով ‘
Հաջորդ հոդվածը‘Մահացել է Լևոն Հայրապետյանը’