‘Lրագրողական կազմակերպությունների հայտարարությունը’

1249

Սեպտեմբերի 4-ին ՀՀ նախագահի` Գյումրի կատարած այցի ժամանակ երկրի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները տեղական ԶԼՄ-ների լրագրողներին հնարավորություն չտվեցին մասնակցելու Գյումրու Մոր եւ մանկան հիվանդանոցի շենքում կազմակերպված ճեպազրույցին։ 

Տեղի ունեցածի վերաբերյալ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պարզաբանումները համոզիչ չեն։ Դրանից կարելի է եզրակացնել, որ վարչությունն առանձնացնում է լրատվամիջոցների մի դաս, որի եթերում կամ էջերում ՀՀ նախագահի գործունեության լուսաբանումն ավելի ցանկալի է, քան մյուսների։ Այդ մոտեցումն առավել ցայտուն դրսեւորվեց հենց Գյումրիում, որտեղ գործում են բավական մեծ լսարան ունեցող տեղական ԶԼՄ-ներ։ Եվ դա այն դեպքում, որ Գյումրի այցելելիս նախագահը պետք է որ շահագրգռված լիներ հատկապես գյումրեցիների հետ հաղորդակցվելու։   

Առհասարակ, նկատելի է, որ իշխանական վերնախավում չգրված մի կարգ է գործում,  ըստ որի` տեղեկատվության միջոցների հետ հարաբերվելիս նախապատվություն է տրվում արտասահմանյան ԶԼՄ-ներին, հետո` երեւանյան եւ համերկրային սփռում ունեցող մի քանի «ընտրյալ» հեռուստաընկերություններին, վերջում միայն՝ մարզային լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Սա չափազանց արատավոր երեւույթ է, հատկապես այն դեպքերում, երբ տեղեկությունները կամ ասելիքն ուղղված պետք է լինեն հենց «ընտրյալների» շրջանակից դուրս մնացած լրատվամիջոցների լսարաններին։ Պետական մարմինների այդ գործելակերպը ստեղծում է անարդար մրցակցային  պայմաններ, խոչընդոտում է տեղեկություններ ստանալու ու տարածելու իրավունքի ապահովմանը, ուստի կոչ ենք անում վերանայել այն։ 

Իսկ Գյումրու միջադեպի առնչությամբ` ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից ակնկալում ենք ներողության հայցում այն բոլոր հավատարմագրված լրագրողներից, ովքեր հնարավորություն չստացան կատարելու մասնագիտական պարտքն իրենց համաքաղաքացիների նկատմամբ։ 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԱՄՈՒԼԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ» ՀԿ

ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ ՀԿ

08. 09. 2012 թ.

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանական զինուժը 1600 կրակոց է արձակել ղարաբաղյան դիրքապահների ուղղությամբ’
Հաջորդ հոդվածը‘Հաղթանակի դեպքում մեր երիտասարդական հավաքականը կնվաճի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր’