‘
Վերջերս շվեյցարական «Le Matin» («Առավոտ») պարբերականը հարցազրույց էր հրապարակել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի հետ, որում անդրադարձ էր արվել Հայաստան-Ֆրանսիա ընկերական հանդիպմանը: Հարցազրույցում, մասնավորապես, նշվել էր, որ ըստ Շալանդի՝ Ֆրանսիայի հավաքականի դեմ հանդես եկած Հայաստանի ազգային հավաքականը Շվեյցարիայի չորրորդ դիվիզիոնի մակարդակի էր (première ligue suisse) և նույնիսկ երրորդ դիվիզիոնի (promotion ligue) մակարդակի չէր:
Հարցազրույցը որոշակի տարակուսանքներ էր առաջացրել: ՀՖՖ պաշտոնական կայքը հաղորդում է, որ այսօր շվեյցարական «Le Matin» («Առավոտ») պարբերականի մարզական խմբագիր Շումի Ռենոն պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, որում գրված է հետևյալը.
«Ես լսել եմ, որ Բեռնար Շալանդի հետ իմ հարցազրույցը Le Matin.ch կայքում առաջացրել է որոշ քննարկումներ: Ես ներողություն եմ խնդրում ձեզանից և Բեռնար Շալանդից, որովհետև սխալ եմ հասկացել որոշ բառեր: Հուսով եմ, որ բոլոր տեսակի թյուրըմբռնումները կմնան անցյալում:
Բեռնար Շալանդը երբեք չի ասել, որ «Ֆրանսիայի հավաքականի դեմ հանդես եկած Հայաստանի հավաքականը Շվեյցարիայի Պրեմիեր լիգայի մակարդակի է»: Ես սխալ եմ հասկացել հարցազրույցի այդ հատվածը:
Բեռնար Շալանդն ինձ ասել է, որ հպարտ է Սերբիայի հավաքականի հետ խաղում Հայաստանի հավաքականի ցուցադրած խաղից: Ես հույս ունեմ, որ դուք շատ զայրացած չեք ինձ վրա իմ թյուրըմբռնման համար: Ես փոխել եմ սխալ տողերը հոդվածի մեջ»:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը ևս այս առնչությամբ իր պարզաբանումներն է տվել հայկական լրատվամիջոցներին: Նա ասել է, թե ինչպես է շվեյցարական Le Matin պարբերականում հայտնվել Հայաստանի հավաքականի և Շվեյցարիայի չորրորդ դիվիզիոնի հետ համեմատությունը:
«Դա այդպես չի եղել, ինձ սխալ են հասկացել: Պատմեմ, թե ինչպես է տեղի ունեցել: Դեռևս ապրիլին Ֆրանսիայի հավաքականի երկու ներկայացուցիչների հետ, որոնք այդ ժամանակ Հայաստանում էին, այնպես եղավ, որ ներկա եղանք նաեւ գավաթային «Բանանց»-«Գանձասար» խաղին: Ֆրանսիացիները չցանկացան մինչև վերջ մնալ խաղին, պատճառաբանելով, որ այն Ֆրանսիայի 5-րդ լիգայի հանդիպման է նման: Դրանից հետո, երբ ես շվեյցարացի լրագրողին հարցազրույց էի տալիս, ու նա ինձ հարցրեց Հայաստանի առաջնության մակարդակի մասին, այդ դեպքը պատմեցի: Նաեւ նշեցի, որ Ֆրանսիայի 5-րդ դիվիզիոնի մակարդակը հավասար է Շվեյցարիայի 3-րդ դիվիզիոնին: Նա ինձ սխալ էր հասկացել ու դա վերագրել էր ազգային հավաքականին: Ես աշխատում եմ թիմի տղաների հետ, նրանց շատ սիրում եմ ու հո խենթ չե՞մ, որ նման համեմատություն անեմ: Տղաները լավ հանդիպումներ են անցկացրել Դանիայի ու Սերբիայի դեմ, ես նրանց շնորհակալություն եմ հայտնել, մենք մոտ ենք եղել հաղթանակին, ու ես ինչպե՞ս կարող էի նման խաղ անցկացրած թիմի մասին այդպիսի կարծիք հայտնել:
Հարցազրույցը կարդալուց անմիջապես հետո կապվել եմ շվեյցարացի լրագրողի հետ, նա ներողություն է խնդրել իմ ասածները սխալ հասկանալու համար ու փոխել է հարցազրույցը: Նա նաեւ պաշտոնապես, նամակով դիմել է ինձ ու ՀՖՖ-ին եւ ներողություն է խնդրել»:
‘