‘ Le Monde. Աջակցել ԼՂՀ-ին` նշանակում է նպաստել Հարավային Կովկասում վերջնական խաղաղության ամրապնդմանը ‘

844

Աջակցել ԼՂՀ-ին` նշանակում է նպաստել Հարավային Կովկասում վերջնական խաղաղության ամրապնդմանը: Le Monde թերթում իրենց հոդվածում գրում են Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի անդամներ Ֆրանսուա Ռոշբլուանը, Ռենե Ռուկեն, Գի Տեսիեն:

Հեղինակները նշում են, շուտով կլրանա ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համաձայնագրի ստորագրման 20 տարին, և ըստ էության հակագաղութային պատերազմի հետևանքով ծնվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև ընկած մի նոր պետություն: «Քսան տարին մի ողջ սերունդ է,  ադրբեջանցիների և ղարաբաղցիների սերունդ, ովքեր պետք է ապրեին խաղաղության մեջ և որոնց անվիճարկելի իրավունքները պետք է ճանաչված լինեին, ցավոք, ստիպված են ապրել անկայունության պայմաններում, քանի որ չնայած այն բանին, որ  պատերազմն ավարտված է` խաղաղությունը դեռ պետք է ձեռք բերել: Փոխադարձ ճանաչման վերաբերյալ փաստաղթի և կողմերի միջև ուղիղ երկխոսության բացակայության պայմաններում Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը զրկված են բնականոն ու խաղաղ զարգացման հնարավորությունից: Անհրաժեշտ է ձեռք բերել խաղաղությունը, ինչն առաջին հերթին նշանակում է`ճանաչել իրական փաստերը և գիտակցված գնալ թափանցիկ երկխոսության, ինչը թույլ կտա շտկել նախկին սխալները»,-նշում են հոդվածի հեղինակները:

Հեղինակները կողմերին կոչ են արել իրատեսություն դրսևորել, քանի որ, նրանց համոզմամբ, ո’չ սպառնալիքները, ո’չ ռազմատենչ հռետորաբանությունը, ո’չ պատերազմական գործողությունները չեն համոզի Լեռնային Ղարաբաղին վերադառնալ Ադրբեջանի «գիրկը»:

Նախորդ հոդվածը‘Էլցանցերը մոլորեցնում են սպառողներին և անընդունելի բացատրություններ տալիս’
Հաջորդ հոդվածը‘Թվիթերը հրապարակել է Օլիմպիադայի ամենահայտնի մարզիկների անունները’