‘ Legatum Institute-ը հրապարակել է աշխարհի երկրների զարգացման մակարդակի ամենամյա աղյուսակը. Հայաստանը 98-րդ տեղում է ‘

1006

Լոնդոնյան Legatum Institute հեղինակավոր գիտահետազոտական կենտրոնը հրապարակել է աշխարհի երկրների զարգացման մակարդակի Legatum Prosperity Index ամենամյա վարկանշային աղյուսակը:

Ըստ Legatum Institute-ի անցկացրած հետազոտության՝ աշխարհի ամենազարգացած երկիրը Նորվեգիան է: Լավագույն եռյակում իրենց տեղերն ապահովել են նաև Դանիան և Շվեդիան: Չորրորդ հորիզոնականում է հայտնվել Ավստրալիան, որին նվազման կարգով հետևում են Նոր Զելանդիան, Կանադան, Ֆինլանդիան, Հոլանդիան և Շվեյցարիան: Լավագույն տասնյակը եզրափակում է Իռլանդիան:

Գիտահետազոտական ինտիտուտի ղեկավար Ջեֆրի Գեդմինի կարծիքով՝  աշխարհի ամենազարգացած երկրները հզոր տնտեսական մրցակից ունեն՝ ի դեմս Ասիայի խոշոր պետությունների, որտեղ վերջին շրջանում կյանքի պայմանների կտրուկ բարելավում է նկատվում:

ԱՄՆ-ը զբաղեցրել է բրիտանական հեղինակավոր աղյուսակի 12-րդ հորիզոնականը, Ռուսաստանը 66-րդն է:

Նշենք, որ հետազոտության արդյունքների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը «միջին ցածրության» դիրքում է: ՀՀ-ն 144 դիտարկվող երկրներից 98-րդն է:

Հատկանշական է, որ տնտեսական զարգացման վարկանիշով Հայաստանը 129-րդ հորիզոնականում է՝ Ուգանդայից և Կամերունից հետո, իսկ անձնական ազատությունների ոլորտում՝ 122-րդը: Աղյուսակում Հայաստանին հետևում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ալժիրը, Նիգերիան, Բանգլադեշը և Սուդանը:

Ստորև ներկայացված հղումով կարող եք դիտել Legatum Institute-ի  աղյուսակն ամբողջությամբ՝ http://www.prosperity.com/:

Նախորդ հոդվածը‘2013-ի բյուջեով չի նախատեսվում ոստիկանների և ԱԻՆ աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում ‘
Հաջորդ հոդվածը‘Սպան ծեծել է զինծառայողին. ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պնդում է, որ գործը կոծկում են ‘