‘London Chess Classic. Կառլսենի տրիումֆը, Արոնյանի ֆիասկոն’

810

Աշխարհի ուժեղագույն շախմատիստ, ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջատար, նորվեգացի Մագնուս Կառլսենի փայլուն հաղթանակով ավարտվեց London Chess Classic շախմատային սուպերմրցաշարը: Վերջին տուրում Կառլսենը ոչ-ոքի ավարտեց իր պարտիան աշխարհի չեմպիոն Վիշի Անանդի հետ եւ վաստակելով 18 միավոր, հռչակվեց մրցաշարի միանձնյա չեմպիոն:

Միայն ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը կարող էր միավորներով հասնել Կառլսենին, սակայն նա չկարողացավ հաղթել անգլիացի Ադամսին. ոչ-ոքի եւ 16 միավոր: 3-4-րդ տեղերը բաժանեցին Ադամսն ու Նակամուրան:

Ինչ վերաբերում է ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համար Լեւոն Արոնյանին, ապա նա ձախողեց մրցաշարը: Ըստ էության, նրա անհաջող խաղը դարձավ մրցաշարի ամենախոշոր անակնկալը: 8 խաղում ընդամենը 1 հաղթանակ, 5 ոչ-ոքի եւ 2 պարտություն, 8 միավոր եւ 6-րդ տեղը: Դժվար է ասել, թե որն էր Արոնյանի անհաջողության պատճառը, մանավանդ, նա դեռ մինչեւ մրցաշարի սկիզբը նշել էր, որ լրջորեն նախապատրաստվել է մրցաշարի: Արդյունքում Արոնյանը ոչ միայն անհաջող հանդես եկավ, այլ նաեւ զիջեց իր դիրքերը համաշխարհային դասակարգման աղյուսակում, իրենից առաջ թողնելով Կրամնիկին: Իսկ Մագնուս Կառլսենը էլ ավելի ամրապնդեց իր դիրքերը աղյուսակում եւ այս մրցաշարի արդյունքներով վերջապես կգերազանցի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի «հավերժական» ռեկորդը` 2851 գործակիցը: Կարելի է ասել, որ Կառլսենն էլ ֆուտբոլի Մեսին է, որը իրար հետեւից ռեկորդներ է թարմացնում:

Իսկ London Chess Classic-ի մրցաշարային աղյուսակի եզրափակիչ տեսքն այսպիսին է. 1. Մագնուս Կարլսեն` 18, 2. Վլադիմիր Կրամնիկ` 16, 3-4. Մայքլ Ադամս, Հիկարու Նակամուրա` 13, 5. Վիշի Անանդ` 9, 6. Լևոն Արոնյան` 8, 7. Յուդիթ Պոլգար` 6, 8. Լյուկ Մաքշեյն` 5, 9. Գեւեյն Ջոնս` 3:

Նախորդ հոդվածը‘Կուբայում մարդու իրավունքների պաշտպանության օրը յուրահատուկ է անցել՝ զանգվածային ձերբակալություններով’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյան. Ի սկզբանե արտագաղթն էր’