‘Lydian-ի փոխնախագահ. Ես Հայաստանի ինչ-որ օլիգարխ չեմ’

1340

Թեժ քննարկումները Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց շահագործման և ցիանիդի միջոցով ոսկու կորզման ծրագրի շուրջ շարունակվում են: Հերթական քննարկումը տեղի է ունեցել մայիսի 6-ին` Երևանի Օրհուս կենտրոնում,պետական, հասարակական սեկտորի ներկայացուցիչների, բնապահպանների, փորձագետների, ինչպես նաև հանքավայրը շահագործել պատրաստվող «Lydian International» ընկերության գործադիր փոխնախագահ Դիդյե Ֆոլենի մասնակցությամբ, տեղեկացնում է «Էկոլուրը»:
Քննարկման ընթացքում էկոլոգ-իրավաբաններ Արթուր Գրիգորյանը և Նազելի Վարդանյանը ներկայացրել են Ամուլսարի ծրագրի իրավական խախտումներն ու բացթողումները: «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը ներկայացրել է Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ-ին ՀՀ բնապահպանության նախարարության տրամադրած դրական եզրակացության մեջ նշված պարտադիր պահանջների վերլուծությունը:
Ի պատասխան հնչած քննադատությունների, «Lydian» ընկերության գործադիր փոխնախագահ Դիդյե Ֆոլենը նշել է, որ բնապահպանների փաստարկներն անհիմն են:
«Ուզում եմ բոլորը տեղյակ լինեն, որ «Lydian»-ը արժեքների շուկայում ցուցակված ընկերություն է: Ես Հայաստանի ինչ-որ օլիգարխ չեմ, ես Ֆրանսիայի սովորական քաղաքացի եմ, և եթե հանկարծ դուք ինձ կոռուպցիայի մեջ եք մեղադրում, հնարավոր է, որ ինձ և իմ տնօրենին բանտ ուղարկեն: Եթե դուք ուզում եք լրացուցիչ տեխնիկական ուսումնասիրություններ և քննարկումներ, խնդրեմ, եկեք կազմակերպենք», — ասել է Ֆոլենը:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյաննիր հերթին հայտարարել է, որ «Գեոթիմ» ընկերությունը բազմիցս փորձել է ներկայացնել ակտիվ լայն հասարակության մասնակցությունը և ընդվզումը Ամուլսարի ծրագրի դեմ որպես ԷկոԼուրի դիրքորոշում:
«Դա չի համապատասխանում իրականությանը, ինչպես չեն համապատասխանում իրականությանը այն բոլոր մեղադրանքները, որոնք հենց նոր լսեցինք», — ասել է նա:
Մանրամասները՝ «Էկոլուր»-ի կայքում:

Նախորդ հոդվածը‘Օլանդը ժամանել է Կուբա’
Հաջորդ հոդվածը‘Շվեդական դատարանը հրաժարվել է չեղարկել Ասանժի ձերբակալության հրամանը’