‘
Manchester Evening News-ը հերթական անգամ անդրադարձել է անգլիական ակումբի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Ըստ պարբերականի՝ Մխիթարյանը այն ֆուտբոլիստն է, ով կարող է դրականորեն ազդել Զլատան Իբրահիմովիչի ու Պոլ Պոգբայի խաղի վրա:
Պոգբան և Իբրահիմովիչը ֆուտբոլիստներ են, ովքեր ունեն շատ տիտղոսներ: Ըստ պարբերականի լրագրողների՝ պետք է խաղը կառուցել այն ֆուտբոլիստների վրա, ովքեր ունեն տիտղոսների պահանջ: Այս դեպքում լավագույն տարբերակը հենց Հենրիխ Մխիթարյանն է, ով գիտի, թե ինչ է նշանակում ձեռքից բաց թողնել տիտղոսը: Լրագրողները հիշել են Գերմանիայի գավաթի եզրափակիչներում Հենրիխի նախկին ակումբի՝ «Բորուսիայի» կրած պարտությունները:
Անգլիական ակումբ տեղափոխվելիս Մխիթարյանը նշել էր, որ եկել է այս թիմ դժվարություններ հաղթահարելու համար, քանի որ դա նրան դարձնում է ավելի ուժեղ: Մխիթարյանի առաջին դժվարությունը Մատայի հետ մեկնարկային կազմում խաղալու համար պայքարելն էր:
Մատան քաջ գիտակցում էր, որ Մխիթարյանի տեղափոխությունը դժվարացնելու է իր գործը: Մխիթարյանի գալուց հետո իսպանացի ֆուտբոլիստը սկսեց խաղալ կրկնակի եռանդով:
Երբ Մխիթարյանը անցկացրեց իր առաջին հանդիպումը տնային մարզադաշտում, երկրպագուները նրան ընդունեցին շատ ջերմ: Խաղավարտին Մոուրինիոն շտապեց գովաբանել հայ ֆուտբոլիստին, չնայած այն բանին, որ լրագրողները չէին հարցրել Մխիթարյանի մասին: Ըստ Մոուրինիոյի՝ Մխիթարյանը դաշտում անցկացրեց 14 րոպե և այդ րոպեների ընթացքում ցուցադրեց իր որակները այնպես, որ երկրպագուները չկարողացան անտարբեր անցնել:
Մխիթարյանի անցկացրած խաղերից հետո երկրպագուների մոտ ամենատարածված հարցն էր՝ ինչու՞ Մխիթարյանը չի խաղում մեկնարկային կազմում: Այս հարցին պատասխանելու համար Manchester Evening News-ը նկարագրել է Հենրիխի ցուցադրած խաղը վերջին հանդիպումներում:
Պարբերականը նշում է, որ վերջին խաղում Հենրիխը կատարեց ընդամենը 6 փոխանցում, բայց յուրաքանչյուր փոխանցում կշռադատված էր և նպատակային: Այն ինչ անում էր Մխիթարյանը թվում էր շատ պարզ, սակայն այդ ամենը իրոք տպավորիչ էր: Մխիթարյանը ապացուցեց, որ գնդակի հետ շատ ճկուն է աշխատում: Նա գնդակի հետ վարվում էր ավելի փորձառու, քան Մատան:
Մխիթարյանը ունի մի հատկություն՝ արագ հակագրոհներին ակտիվ մասնակցելը, ինչը շատ է սիրում Մոուրինիոն:
Ըստ պարբերականի՝ եթե անգլիական ակումբի նորեկները կարող են մի քանի աստիճանով բարձրացնել թիմի խաղը, ապա Մխիթարյանը կարող է բարձրացնել թիմին նոր՝ սուպեր-մակարդակի:
‘